Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Եվրոպա մեկնած և հանրապետության իշխանություններին քննադատող չեչեններին «նողկալի դավաճաններ» է անվանել։ Նա նրանց մեղադրել է սեփական ժողովրդին վարկաբեկելու փորձերի մեջ և զգուշացրել, որ նրանց համար «վերադարձի ճանապարհ չկա»։
«Այդ նողկալի դավաճանները, որոնք ժամանակին փախել են Եվրոպա, արժանի են միայն արհամարհանքի։ Ուրիշների տված օգնությամբ և օտար փողերի հաշվին ապրելով՝ նրանք արտերկրից փորձում են վարկաբեկել սեփական ժողովրդին, կեղտոտ լուրեր տարածել և խաթարել այն խաղաղությունն ու կարգը, որի համար չեչեն ժողովրդի հազարավոր լավ ու արժանավոր զավակներ իրենց կյանքն են տվել»,- Telegram-ում գրել է Կադիրովը։
Նա հեռացածներին անվանել է «կեղծ հայրենասերներ», որոնք «կտրվել են իրենց արմատներից» և Չեչնիայում «բոլորովին անցանկալի» են։ Կադիրովի խոսքով՝ չեչենական հողում տեղ չկա նրանց համար, ովքեր դավաճանել են հանրապետության համար զոհվածների հիշատակը։
«Այս կեղծ հայրենասերների համար վերադարձի ճանապարհ չկա։ Նրանք վաճառել են իրենց պատիվն ու արժանապատվությունը, կտրվել իրենց արմատներից, և այստեղ նրանց ոչ ոք չի սպասում։ Չեչենական հողը միշտ եղել է և միշտ կմնա խիզախության, պատվի և մեր նախնիների ավանդույթներին հավատարմության հենարան, և այստեղ տեղ չկա նրանց համար, ովքեր դավաճանել են մեր հերոսների հիշատակը»,- հավելել է Կադիրովը։
Կադիրովը գրառմանը կցել է տեսանյութ, որտեղ նուռ է քաղում, իր շրջապատի մարդկանց հետ շրջում Գրոզնիում և չեչենական երգ երգում։ Հաջորդ գրառման մեջ նա հրապարակել է «Թշնամիներին...» վերնագրով բանաստեղծություն, որտեղ ասվում է, որ դրա հասցեատերերին պահակախմբի ուղեկցությամբ դատաստանի առաջ կկանգնեցնեն։
Կադիրովը չի բացատրել՝ ինչն է առիթ տվել այդ գրառումներին։ Սակայն մի քանի օր առաջ ուժայինները կրակելով սպանել էին մի տղամարդու, որը, պաշտոնական տվյալներով, Չեռնորեչիեի անցակետում զինված դիմադրություն էր ցույց տվել և հանցակցի հետ ահաբեկչական գործողություններ ծրագրել։ Չեչենական ընդդիմադիր NIYSO շարժման հաղորդմամբ՝ այլ հնարավոր հանցակիցների որոնումների ընթացքում ուժայինները լայնածավալ գործողություններ են իրականացրել ամբողջ հանրապետությունում։ Իշխանությունները հետագա անկարգությունների մասին տեղեկությունները չեն մեկնաբանել։
Կադիրովը նախկինում էլ բազմիցս սպառնացել է արտերկրում ապրող այն չեչեններին, որոնք քննադատում են Չեչնիայի իշխանություններին։ 2016-ի հունիսին նա հայտարարել էր, որ իշխանությունները գիտեն՝ ովքեր են համացանցում քննադատական գրառումներ հրապարակում և որտեղից։ Դիմելով արտագաղթած չեչեններին՝ նա զգուշացրել էր, որ վաղ թե ուշ նրանք ստիպված են լինելու վերադառնալ և պատասխան տալ իրենց խոսքերի համար։
2020-ի օգոստոսին Կադիրովը հայտարարել էր արտերկրում ապրող չեչեններին աջակցելու ազգային գործակալություն ստեղծելու մասին։ Միաժամանակ նա նրանց բաժանել էր «լավ» և «վատ» չեչենների ու քննադատներին զգուշացրել՝ «հետևել իրենց լեզվին»։
2020-ի սեպտեմբերին, երբ Ահմեդ Զակաևը հրապարակայնորեն աջակցել էր ընդդիմադիր չեչենական 1ADAT Telegram ալիքին, ուժայինները ձերբակալել էին նրա հարազատներին։
Զակաևը բնակվում է Մեծ Բրիտանիայում և ղեկավարում Իչկերիայի Չեչենական Հանրապետության վտարանդի կառավարությունը։ Ավելի ուշ իշխանամետ չեչենական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որտեղ Զակաևի հարազատները դատապարտում էին նրան։ Քաղաքական գործիչը միջադեպը կապել էր ընդդիմադիր ակտիվիստներին իր աջակցության հետ, մինչդեռ Չեչնիայի իշխանությունները պնդում էին, որ նրա հարազատներն այդ ամենն արել են իրենց կամքով։
Սակայն Կադիրովը միշտ չէ, որ դեմ է եղել արտագաղթածների վերադարձին։ 2021-ին նա թույլատրել էր վերադառնալ Ռուբատի Միցաևային, որը նախկինում աջակցել էր Զակաևին։ Հետագայում նա հայտնվել էր Չեչնիայի իշխանությունների պատրաստած մի շարք տեսանյութերում։
2023-ին հանրապետություն էր վերադարձել բլոգեր Հուսեյն Ջամբետովը։ Նախկինում նա քննադատել էր Կադիրովին և հայտարարել, որ միացել է Ուկրաինայի կողմից պատերազմող չեչենական ստորաբաժանմանը։ Նրա հետ հանդիպումից հետո Կադիրովն ասել էր, որ Ջամբետովը հասկացել է իր սխալները։ Ավելի ուշ Ջամբետովը սպառնացել էր Չեչնիայի իշխանություններին քննադատող մարդկանց։
Չեչնիայից հեռանալը պարտադիր չէ, որ վերջ դնի իշխանությունների քննադատների նկատմամբ ճնշումներին։ Հայտնի են դեպքեր, երբ Կադիրովն ու նրա ենթակաները սպառնացել, ձերբակալել կամ առևանգել են հանրապետությունում մնացած նրանց հարազատներին։
2026-ի սեպտեմբերին Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարիանա Կացարովան զեկույց է ներկայացրել Ռուսաստանի իշխանությունների կիրառած անդրսահմանային բռնաճնշումների մասին։ Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում չեչենական սփյուռքի հետապնդմանը։ Զեկուցողի խոսքով՝ Չեչնիայի իշխանությունները դաշնային կառույցների աջակցությամբ հետևում և ահաբեկում են արտերկրից հանրապետության ղեկավարությանը ընդդիմացող մարդկանց, ինչպես նաև ճնշում գործադրում նրանց հարազատների վրա։
Զեկույցում նկարագրված մեթոդների թվում են արտագաղթածների ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքները, գույքի բռնագրավումը, ձերբակալություններն ու առևանգումները։ Կացարովան նաև առանձնացրել է այն չեչենների դեպքերը, որոնք հետապնդումների են ենթարկվել բռնության սպառնալիքից, ընտանեկան բռնությունից կամ հարկադիր ամուսնությունից փախչելուց հետո։
Տե՛ս նաև՝ Կադիրովը հաստատել է փոխհրաձգության ժամանակ մեկ մարդու սպանությունը












