Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Չեչնիայի մուֆտի Սալահ Մեժիևը հայտարարել է, որ չեչենները պարտավոր են աղոթել հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի համար։ Նա այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 5-ին՝ Կադիրովի երդմնակալության արարողության ժամանակ, որը Գրոզնիում անցկացվել է նրա 50-ամյակի օրը։ Մուֆտիի ելույթի տեսանյութը հրապարակել է իշխանամետ chpgrozniy Instagram-յան էջը։
«Մենք պետք է հասկանանք, որ պարտավոր ենք շնորհակալություն հայտնել Ամենակարողին և գնահատել այն, ինչ Նա տվել է մեզ։ Ինչպես ասել է իմամ Ահմադ իբն Հանբալը․ «Եթե միայն մեկ աղոթք ունենայի, այն կանեի ղեկավարի համար»։ Հետևաբար, Ալլահի կամքով, մենք պետք է աղոթենք նրա համար և գնահատենք նրան»,- չեչենական հեռուստաալիքներին և դաշնային «Ռոսիա» հեռուստաալիքին ասել է Մեժիևը։
Մուֆտին հենց երդմնակալության արարողությունն անվանել է «Ամենակարողի օրհնություն»։
Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավար է վերընտրվել 2026-ի սեպտեմբերի 20-ին անցկացված ընտրություններում։ Պաշտոնական տվյալներով՝ նա ստացել է ձայների 99,85 տոկոսը, իսկ մասնակցությունը կազմել է 95,19 տոկոս։ Մյուս երկու թեկնածուները՝ «Արդար Ռուսաստան - Հանուն ճշմարտության» կուսակցության Իսմայիլ Դենիլխանովը և Կոմունիստական կուսակցության Խալիդ Նակաևը, ստացել են յուրաքանչյուրն 0,05 տոկոս։ Կադիրովը հանրապետությունը ղեկավարում է 2007-ից։
Սալահ Մեժիևը Չեչնիայի մուտթի է դարձել 2014-ին։ Նա նաև ղեկավարում է Հյուսիսային Կովկասի մուսուլմանների կենտրոնը։ Իր հրապարակային ելույթներում մուֆտին պարբերաբար աջակցում է Կադիրովի քաղաքական դիրքորոշումներին և նրա գործողությունները ներկայացնում որպես կրոնական արժեքներին համապատասխան։
2023-ի հոկտեմբերին Մեժիևը հայտարարել էր, որ Ուկրաինայի դեմ պատերազմին ռուսական զորքերի մասնակցությունը համարժեք է մեծ ջիհադի։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի կողմից կռվողները պայքարում են «Ալլահի թշնամիների» դեմ, իսկ պատերազմին նրանց մասնակցությունը նա համեմատել էր Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի համար պայքարի հետ։
Նույն ամսին Մեժիևը հրապարակայնորեն աջակցել էր Իսրայելի և պաղեստինցիների հակամարտության վերաբերյալ Կադիրովի հայտարարություններին։ Մուֆտին մուսուլմանական ումմային կոչ էր արել աջակցել պաղեստինցիներին և լիակատար աջակցություն հայտնել Չեչնիայի ղեկավարի դիրքորոշմանը։
2017-ի ապրիլին Մեժիևը հայտնվել էր ռուսական անկախ «Նովայա գազետա» թերթի հրապարակումների հետ կապված վեճի կենտրոնում։ Հաղորդվում էր, որ Չեչնիայում ուժայինները հետապնդում են համասեռամոլ լինելու մեջ կասկածվող տղամարդկանց։ Երբ չեչեն հոգևորականների ժողովը բանաձև ընդունեց՝ լրագրողների նկատմամբ «հատուցում» խոստանալով, մուֆտին հայտարարել էր, որ խոսքը «Ամենակարող Ալլահի հատուցման» մասին է։ Նա նաև ասել էր, որ լրագրողները պետք է վախենան Ռուսաստանի օրենսդրությամբ քրեական հետապնդումից։ «Նովայա գազետա»-ն բանաձևը գնահատել էր որպես սպառնալիք իր աշխատակիցների հասցեին։
2025-ի հոկտեմբերին Մեժիևի հայտարարությունները վեճ էին առաջացրել հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։ Չեչնիայի պետական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ նա հրեաներին անվանել էր «Ալլահի թշնամիներ» և նրանց կապել աթեիզմի ծագման հետ։ Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բերել Լազարը մուսուլմանական համայնքին կոչ էր արել պարզաբանել այդ հայտարարությունները։ Մեժիևը պատասխանել էր, որ իր խոսքերը սխալ են թարգմանվել և «եվրոպացի աթեիստներին» ու «ուկրաինացի սատանիստներին» մեղադրել մոլորեցնող մեկնաբանություն տարածելու մեջ։












