Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ դիվերսիոն գործողությունների մեջ կասկածվող մեկ անձ սպանվել է, ևս մեկը՝ ձերբակալվել։ Նրա հայտարարությունը հաջորդել է չեչենական ընդդիմադիր NIYSO շարժման պնդմանը, թե փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում ուժայինները սպանել են Գուդերմեսի բնակիչ, 36-ամյա Թուրպալ-Ալի Մեժիդովին։
Կադիրովը չի մեկնաբանել ուժայինների շրջանում հնարավոր զոհերի մասին NIYSO-ի պնդումները։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան, իրավապահ կառույցների ղեկավարների հետ հանդիպումից հետո Telegram-ի իր ալիքում անդրադառնալով միջադեպին՝ նա վկայակոչել է Չեչնիայի ներքին գործերի նախարար Ասլան Իրասխանովին։ Ըստ Կադիրովի՝ օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են «նախկինում կատարված դիվերսիոն գործողություններին» առնչվող անձինք։ Կասկածյալներից մեկը «ոչնչացվել է», իսկ մյուսը, ըստ ամենայնի, ձերբակալվել է։
Գրառմանը կից տեսանյութում Իրասխանովը պնդում է, որ ձերբակալվածը խոստովանել է նախորդ տարի տեղի ունեցած պայթյունն իրականացնելու մասին։
«Անցյալ տարի Գուդերմեսում վարչակազմի շենքի մոտ պայթյուն եղավ։ Ձերբակալվածը խոստովանել է, որ ինքն է դա իրականացրել։ Նրա խոստովանությունը կա։ Չեռնորեչիեում [Գրոզնիի արվարձան] նաև «Մուխա» [նռնականետ] էր տեղադրվել՝ ճանապարհային ոստիկանության անցակետը թիրախավորելու համար»,- ասել է Իրասխանովը։
Չեչնիայի իշխանությունները 2025-ին Գուդերմեսի շրջանում այս նկարագրությանը համապատասխանող որևէ միջադեպի մասին չէին հայտնել։
Կադիրովը չի հստակեցրել՝ երբ և որտեղ է տեղի ունեցել փոխհրաձգությունը, ինչ հանգամանքներում է սպանվել տվյալ անձը և արդյոք ուժայիններից որևէ մեկը վիրավորվել է։ Նա չի հրապարակել նաև սպանվածի և ձերբակալվածի անունները։
Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Իրասխանովին, հայտնել է, որ ձերբակալվածը խոստովանել է նախորդ տարի շրջանի վարչակազմի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունին մասնակցությունը, ինչպես նաև Չեռնորեչիեում մեկ այլ պայթուցիկ սարք տեղադրելը։ Սակայն տեսանյութում Իրասխանովը խոսում է միայն ծրագրված պայթյունի և ճանապարհային ոստիկանության անցակետի դեմ նախատեսվող հարձակման մասին։
Հանդիպման ժամանակ Կադիրովը նաև հայտարարել է, որ զինյալների ընտանիքները պետք է հավաքական պատասխանատվություն կրեն նրանց գործողությունների համար։
«Նրանք [զինյալները] ցանկանում էին սպանել հերթապահող աշխատակիցներին և վերցնել նրանց զենքերը։ Ինչպե՞ս են նման մարդիկ ընդհանրապես հայտնվում և մնում հենց մեր քթի տակ։ Եթե ձեր շրջանում ժամանակին չեք հայտնաբերել նման մարդուն, եթե նա անցել է ճանապարհային ոստիկանության ու ոստիկանության բաժնի կողքով և չի նկատվել, ուրեմն ձեր աշխատանքը պատշաճ չեք կատարում։ Ամբողջ ընտանիքը պետք է պատասխան տա։ Եթե հայրը, եղբայրները կամ մյուս հարազատներն ասում են՝ «Մենք չգիտեինք՝ նա ինչով է զբաղվում», դա անհնար է։ Եթե մարդը զենք է վերցնում և դուրս գալիս ոստիկան սպանելու, նրա ամբողջ ընտանիքը պետք է պատասխանատվություն կրի»,- իրավապահ կառույցների ղեկավարներին ասել է Կադիրովը։
Կադիրովը նշել է, որ զինյալների ընտանիքների նկատմամբ կարող են կիրառվել ցանկացած միջոցներ, այդ թվում՝ արյան վրեժ, որն արգելված է Ռուսաստանի օրենսդրությամբ։
«Ուղիղ կասեմ․ եթե որևէ մեկը փորձի խլել ոստիկանի կամ քաղաքացիական անձի կյանքը, նրա հարազատներին պատասխանատվության կենթարկենք ամբողջ խստությամբ՝ ընդհուպ մինչև արյան վրեժ, և նրանց համար հանրապետությունում տեղ չի լինի։ Ծնողները պարտավոր են հետևել իրենց երեխաներին՝ ում հետ են շփվում, ինչ են նայում հեռախոսներով և ուր են գնում տնից դուրս գալուց հետո։ Երբ սկսեն լաց լինել և ներողություն խնդրել, արդեն ուշ կլինի»,- ընդգծել է Կադիրովը։
NIYSO-ի տվյալներով՝ ուժայինները սպանել են Գուդերմեսի բնակիչ, 36-ամյա Թուրպալ-Ալի Մեժիդովին։ Շարժումը հրապարակել է, ըստ ամենայնի, հետախուզման մասին ծանուցում, որտեղ նշվում է, որ նա կասկածվում էր զենքի ապօրինի շրջանառության մեջ։
Արտահոսած տվյալների բազաները ցույց են տալիս, որ 2018-ից նա ոստիկանության հաշվառման մեջ է եղել որպես ծայրահեղականության մեջ կասկածվող անձ, իսկ 2023-ից՝ նաև որպես ահաբեկչության մեջ կասկածվող։
NIYSO-ի պնդմամբ՝ փոխհրաձգությունը սկսվել է հոկտեմբերի 22-ի երեկոյան Չեռնորեչիեի անցակետում, այնուհետև վերածվել հետապնդման և ավարտվել Կուրչալոյի շրջանում։ Շարժումը նաև պնդում է, որ առնվազն մի քանի ուժային է զոհվել, ինչը Կադիրովը չի մեկնաբանել։
Շարժումը հայտնել է նաև Գուդերմեսի շրջանում ուժայինների մեծաթիվ տեղակայման, շրջափակումների և զանգվածային ստուգումների, ինչպես նաև Գրոզնիում և այլ բնակավայրերում իրականացված գործողությունների մասին։ NIYSO-ն նաև պնդել է, որ զինված խմբի մյուս ենթադրյալ անդամները կարող էին փախուստի դիմել․ շարժման տվյալներով՝ նրանց թիվը մոտ 30 է։
Իշխանությունները գործողության մասշտաբների մասին այս տեղեկությունները չեն հաստատել։ Հանրապետության ներսում OC Media-ի աղբյուրները հայտնել են, որ թեև զինվորական համազգեստով անձանց թիվն ավելացել է, Չեչնիայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։












