Գլխավոր Լրահոս

Չեչենները պնդում են, որ իրենց առանց պատճառաբանության չեն թույլատրել մուտք գործել Վրաստան

Թբիլիսիի օդանավակայանը

Թբիլիսիի օդանավակայանը

Լուսանկարը՝ Newsgeorgia.ge-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Երեք չեչեններ մի քանի օր պահվել են Թբիլիսիի օդանավակայանում այն բանից հետո, երբ վրացի սահմանապահները նրանց թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Այս մասին հայտնում է անկախ Caucasian Knot լրատվամիջոցը։ Ըստ հաղորդման՝ նրանք նախատեսել էին ցամաքային ճանապարհով հասնել ռուս-վրացական սահման, սակայն փոխարենը մնացել են օդանավակայանում և տեղավորվել մի սենյակում, որը տղամարդկանցից մեկը նկարագրել է որպես բանտախուց հիշեցնող տարածք։

Ռուսական անկախ Caucasian Knot-ը դեպքի մասին հայտնել է հոկտեմբերի 16-ին՝ հղում անելով տղամարդկանցից մեկին, որը ցանկացել է անանուն մնալ։ OC Media-ն մեկնաբանության համար դիմել է Վրաստանի իշխանություններին։

Caucasian Knot-ի հրապարակման պահին Վրաստանի իշխանությունները չէին արձագանքել հաղորդմանը և չէին պարզաբանել, թե ինչու են տղամարդկանց մուտքը մերժել։

Աղբյուրի խոսքով՝ տղամարդկանցից երկուսը հոկտեմբերի 13-ին ժամանել էին Միլանից, իսկ երրորդը՝ հոկտեմբերի 15-ին Անթալիայից։ Մուտքը մերժելուց հետո նրանք պետք է սպասեին իտալական և թուրքական ավիաընկերությունների հետադարձ չվերթներին, որոնք նախատեսված էին հանգստյան օրերին։ Caucasian Knot-ը չի հայտնել՝ նրանց հաջողվե՞լ է արդյոք հեռանալ Վրաստանից։

Լրատվամիջոցի տվյալներով՝ տղամարդկանց չեն բացատրել, թե ինչու են նրանց պահում օդանավակայանում։ Հրապարակման տրամադրության տակ հայտնված՝ նրանցից մեկին մուտքը մերժելու մասին ծանուցման պատճենում, ըստ հաղորդման, պարզապես նշված է եղել՝ «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»։

Տղամարդկանցից մեկը պատմել է, որ իրենց հեռախոսներն անմիջապես վերցրել են։ Նրանցից մեկին, սակայն, հաջողվել է պահել իր հեռախոսը և այդ պատճառով կապ պահպանել լրագրողի հետ։ Նրա խոսքով՝ սնունդը երկար ուշացումներով է հասել, իսկ օդանավակայանում մուտքը մերժելուց հետո պահվել են նաև այլ օտարերկրացիներ, այդ թվում՝ Թուրքմենստանի և Աֆղանստանի քաղաքացիներ։

Volunteers Tbilisi կամավորական կազմակերպության հիմնադիր Մարիա Բելկինան Caucasian Knot-ին ասել է, որ կազմակերպությունը չեչենների պահման մասին որևէ տեղեկություն չի ստացել։ Վրաստանում օտարերկրացիներին իրավական աջակցություն ցուցաբերող փաստաբան Դարյա Սամոդուրովան նույնպես ասել է, որ դեպքի մասին տեղյակ չէ։

Չեչնիայի և Հյուսիսային Կովկասի այլ շրջանների բնակիչները նախկինում ևս հայտնել են, որ իրենց չեն թույլատրել մուտք գործել Վրաստան։

2022-ի սեպտեմբերին՝ Ռուսաստանում զորահավաք հայտարարելուց հետո, չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը պնդել էր, որ Վերին Լարսի անցակետում վրացի սահմանապահները մերժում են Չեչնիայում, Դաղստանում և Ինգուշեթիայում ծնված անձանց մուտքը։ Նրա խոսքով՝ Չեչնիայի որոշ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, մի քանի օր մնացել էին անցակետում։ Այդ ժամանակ Վրաստանի իշխանությունները չէին հաստատել հաղորդումները։ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտարարել էր, որ սահմանային ստուգումներն իրականացվում են սահմանված կանոններով, իսկ որոշումները կայացվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին։

Վրաստանի սահմանը հատելիս դժվարությունների են բախվել նաև Ուկրաինայի քաղաքացիներ։ 2023-ի օգոստոսին վեց ուկրաինացիներ, որոնցից հինգը նախկինում պատիժ էին կրել Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում, հայտնվել էին Վերին Լարսի անցակետում։ Վրացի սահմանապահները 11 օր նրանց չէին թույլատրել երկիր մտնել՝ հղում անելով օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը կարգավորող օրենսդրությանը։

2025-ի հունիսին նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նույն անցակետում, որտեղ Ռուսաստանից արտաքսված մոտ 100 ուկրաինացի չէին կարողանում մուտք գործել Վրաստան։ Կամավորների և լրագրողների տվյալներով՝ նրանց պահել էին սահմանի մոտ գտնվող նկուղում։ Խմբում կային նաև նախկին բանտարկյալներ, իսկ որոշ մարդկանց բժշկական օգնություն էր անհրաժեշտ։ Նրանց թույլ էին տվել մուտք գործել Վրաստան միայն իրավապաշտպանների միջամտությունից հետո։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում