Գլխավոր Լրահոս

Կենդանիների իրավունքների պաշտպաններին պետք է «քնեցնել»․ Թբիլիսիի քաղաքապետ

Կախա Կալաձեն

Կախա Կալաձեն

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին մեղադրել են կենդանիների իրավունքների պաշտպաններին սպառնալու մեջ․ նա հայտարարել է, որ իշխանությունների, ենթադրաբար, զանգվածաբար սպանած թափառող շների մարմինները հուղարկավորության վայրերից հանած ակտիվիստներից հինգ-վեցին պետք է «տանել ու քնեցնել»։ Միաժամանակ նա պաշտպանել է քաղաքի Կենդանիների մոնիթորինգի գործակալության աշխատանքը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին մեղադրանքներից։

Քաղաքապետարանը պաշտպանել է կենդանիների մարմինների թաղման կիրառվող կարգը՝ միաժամանակ ուշադրությունը տեղափոխելով հենց ակտիվիստների վրա։ Նա ակտիվիստներին մեղադրել է գործակալության աշխատակիցներին սպառնալու, ապաստանի աշխատանքը խոչընդոտելու և կենդանիների թաղման վայրերն ապօրինի փորելու մեջ։

Այս վիաճաբանությունը առաջացել էր, երբ ընդդիմադիր TV Pirveli-ն հոկտեմբերի 31-ին ցուցադրել էր կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են Թբիլիսիի գերեզմանատան փոսերում թաղում շների մարմինները։ Կադրերը հասարակական վրդովմունք և բողոքի ակցիաներ են առաջացրել Թբիլիսիում։ Վերջին ամիսներին կենդանիների իրավունքների պաշտպանները հաղորդել են փողոցներից թափառող շների անհետացման բազմաթիվ դեպքերի մասին՝ մտահոգություն հայտնելով, որ իշխանությունները միտումնավոր և գաղտնի սպանում են թափառող կենդանիներին։

Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում Կալաձեին հարցրել են TV Pirveli-ի ռեպորտաժի և թաղման վայրեր այցելած ակտիվիստների մասին։ Նա հայտարարել է, որ նրանցից ոմանք այնպիսի վիճակում են եղել, որ նրանց պետք է թույլ չտալ մտնել Կենդանիների մոնիթորինգի գործակալություն։

«Այնտեղ եղած այդ մի քանի հոգուն ընդհանրապես ինչպե՞ս կարելի է որևէ տեղ թողնել, էլ չեմ ասում՝ Կենդանիների մոնիթորինգի գործակալություն։ Բոլորի մասին չեմ խոսում, բայց հինգ-վեց հոգու, դատելով նրանց վիճակից, հենց այսօր պետք է տանեն ու քնեցնեն»,- ասել է Կալաձեն։

Ակտիվիստները նրա խոսքերը սպառնալիք են համարել և հետաքննություն պահանջել։ Սակայն դատախազությունը հրաժարվել է Կալաձեի նկատմամբ հետաքննություն սկսել՝ նշելով, որ հանցագործության հատկանիշներ չկան։

Կալաձեի հայտարարությունները պաշտպանել է նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ասելով, որ դրանք փոխաբերական իմաստ ունեին։

Կենդանիների իրավունքների պաշտպան Նաթիա Չիկովանին դատապարտել է Կալաձեի խոսքերը՝ նշելով, որ քաղաքացիներին սպառնացող քաղաքապետը պետք է պատասխանատվություն կրի իր հայտարարությունների համար։

«Երբ քաղաքապետը սպառնում է քաղաքացիներին քնեցնել, ցանկացած նորմալ երկրում այդ մարդը հաջորդ օրը չպիտի շարունակի պաշտոնավարել։ Բայց մենք նորմալ երկրում չենք ապրում․ գիտենք, որ ավտորիտար երկրում ենք ապրում»,- OC Media-ին ասել է Չիկովանին։

Նոյեմբերի 5-ին Թբիլիսիի քաղաքապետարանը իրավապահ մարմիններին կոչ է արել իրավական միջոցներ ձեռնարկել կենդանիների իրավունքների պաշտպանների մի խմբի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Կենդանիների մոնիթորինգի գործակալության աշխատակիցներին սպառնալու և հետապնդելու մեջ։

Քաղաքապետարանի պնդմամբ՝ ակտիվիստները սոցիալական ցանցերում հրապարակել են գործակալության աշխատակիցների լուսանկարները, նրանց անվանել «մարդասպաններ» և «տանջողներ» ու մեղադրել կենդանիներին կենդանի թաղելու մեջ։ Քաղաքապետարանը նաև պնդել է, որ ակտիվիստները սպառնացել են ինչպես աշխատակիցներին, այնպես էլ նրանց ընտանիքներին։

Քաղաքապետարանը չի նշել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։

«Արդեն մի քանի օր է՝ չեն դադարում սպառնալիքներն ու բռնության կոչերը քաղաքապետարանի այն աշխատակիցների դեմ, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները և ծառայում մայրաքաղաքին»,- հայտարարել է քաղաքապետարանը։

Այն ակտիվիստներին մեղադրել է նաև գործակալության աշխատանքը խոչընդոտելու, աշխատակիցներին վիրավորելու և կենդանիների թաղման վայրերը փորելու մեջ։

«Համապատասխան մարմիններին կոչ ենք անում ուսումնասիրել այս դեպքը և ձեռնարկել համապատասխան իրավական միջոցներ»,- ասվում է հայտարարությունում։

Քաղաքապետարանը հավելել է, որ ներգրավված անձինք «պետք է պատասխան տան օրենքի առաջ»։

Քաղաքապետարանը կրկին անդրադարձել է կենդանիների թաղման վայրերի փորմանը՝ ակտիվիստների գործողությունները որակելով ապօրինի և հանրային առողջության ու շրջակա միջավայրի համար հնարավոր վտանգ ներկայացնող։ Քաղաքապետարանի պնդմամբ՝ այդ տարածքները պատկանում են քաղաքային Hermes ընկերությանը և նախատեսված են կենդանիների դիակների թաղման համար։

OC Media-ի հետ զրույցում կենդանիների իրավունքների պաշտպան Չիկովանին Թբիլիսիի քաղաքապետարանից, Կենդանիների մոնիթորինգի գործակալությունից, Սննդի ազգային գործակալությունից և մյուս համապատասխան մարմիններից պահանջել է պարզաբանումներ տրամադրել ապաստարաններ տեղափոխված կենդանիների հաշվառման և մահվան դեպքերի վերաբերյալ։

Նա հարց է բարձրացրել, թե ինչու ապաստարաններ ընդունված կենդանիները չեն գրանցվում առցանց տվյալների բազայում, ինչպես, նրա խոսքով, պահանջում է օրենքը։ Չիկովանին նաև պահանջել է հասանելի դարձնել տվյալները, թե որ կենդանիներն են ստերջացվել և ստացել նույնականացման համարներ։

Չիկովանին իշխանություններին կոչ է արել հրապարակել օրենքով էվթանազիայի համար պահանջվող բժշկական եզրակացություններն ու անասնաբուժական թույլտվությունները, ինչպես նաև բնակիչների կողմից կենդանիների թաղման վայրերում հայտնաբերված մնացորդներին վերաբերող փաստաթղթերը։

Վեճին նախորդել են մի շարք դեպքեր, որոնք հարցեր են առաջացնում իշխանությունների՝ թափառող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։

2026-ի ապրիլին մասնավոր ապաստանի սեփականատեր Թամազ Էլիզբարաշվիլին Գորիի շների պետական ապաստարանից տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ գիշերը հաստատությունից թանձր ծուխ էր բարձրանում։ Էլիզբարաշվիլին պնդել էր, որ տարածքում այրված մսի և մորթու ուժեղ հոտ է եղել։

Սննդի ազգային գործակալությունը ապրիլի 1-ին ստուգել է ապաստարանը և հայտնել, որ խախտումներ չի հայտնաբերել։ Գործակալությունը հերքել է կենդանիներին այրելու մասին պնդումները։

Տեսանյութի հրապարակումից հետո գործակալությունը հայտարարություն էր տարածել՝ հանրությանը կոչ անելով զերծ մնալ «չստուգված և սխալ տեղեկություններ» տարածելուց։

Գործակալությունը նաև հերքել է, որ թափառող շներին տեղափոխում են էվթանազիայի ենթարկելու համար՝ նշելով, որ կենդանիներին տեղափոխում են միայն անհրաժեշտ անասնաբուժական միջամտությունների նպատակով։ Այն պաշտպանել է նաև շներին դպրոցների և զբոսայգիների տարածքներ չվերադարձնելու քաղաքականությունը՝ պնդելով, որ նրանց հատուկ «անվտանգ վայրեր» տեղափոխելը անհրաժեշտ է հանրային անվտանգության համար։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում