Գլխավոր Լրահոս

Վրաստանը թեկնածու է «միայն անունով»․ Եվրամիության զեկույց

2025-ի մայիսի 9-ին Թբիլիսիում Եվրոպայի օրվա առիթով երթը

2025-ի մայիսի 9-ին Թբիլիսիում Եվրոպայի օրվա առիթով երթը

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը փաստացի շարունակում է կասեցված մնալ, իսկ երկիրը ԵՄ անդամակցության թեկնածու է «միայն անունով»։ Նոյեմբերի 4-ին հրապարակված 2026-ի ընդլայնման զեկույցում Եվրահանձնաժողովը նշում է, որ Վրաստանում իրավիճակը շարունակում է վատթարանալ, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խարխլում է ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը, հիմնարար իրավունքներն ու քաղաքացիական հասարակությունը։

Վրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստացել է 2023-ի դեկտեմբերին՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ Սակայն 2024-ի հունիսին ԵՄ խորհուրդը եզրակացրեց, որ Վրաստանի կառավարության գործողությունները փաստացի կասեցրել են երկրի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը։

Հարաբերություններն ավելի են վատացել 2024-ի նոյեմբերին, երբ Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ մինչև 2028-ը չեն ձգտի սկսել ԵՄ-ին անդամակցության բանակցությունները։ ԵՄ-ն քննադատել է նաև ժողովրդավարական հետընթացը, հիմնարար իրավունքների սահմանափակումները և վրացի պաշտոնյաների հակաեվրոպական հռետորաբանությունը։

Զեկույցն ընդգրկում է 2025-ի սեպտեմբերից մինչև 2026-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը։ Քանի որ Վրաստանի անդամակցության գործընթացը շարունակում է կասեցված մնալ, Եվրահանձնաժողովը գնահատման ընթացքում կենտրոնացել է ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների վրա՝ չգնահատելով ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բոլոր ոլորտներում երկրի առաջընթացը։

Տե՛ս նաև՝ Հայաստանի եվրոպական ուղին կախված է Վրաստանից․ Իրակլի Կոբախիձե

Եվրահանձնաժողովը հավելում է, որ Վրաստանը շարունակում է չկատարել թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ հանձնարարականում նշված ինը քայլերը, իսկ իշխող կուսակցությունը շարունակում է խարխլել ժողովրդավարական սկզբունքները և նպաստել պետության հետագա զավթմանը։

«Հաշվետու ժամանակահատվածում ժողովրդավարության վիճակը շարունակել է վատթարանալ՝ ժողովրդավարական ինստիտուտների աճող քայքայման, իշխանության կենտրոնացման, քաղաքացիական և քաղաքական ազատությունների նկատմամբ ուժգնացող ճնշումների, ինչպես նաև ԵՄ-ի դեմ ուղղված թշնամական հռետորաբանության և ապատեղեկատվության պատճառով»,- ասվում է Եվրահանձնաժողովի ընդլայնման փաթեթում։

Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաև Սահմանադրական դատարանի միջոցով խոշոր ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերի կապակցությամբ՝ նշելով, որ դա սպառնում է երկրի ժողովրդավարության հիմքերին։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ընդդիմության առաջնորդների մեծ մասն այժմ կամ քրեական մեղադրանքների է բախվում, կա՛մ վտարանդի է, կա՛մ բանտարկված։ Այն նաև նշել է, որ խորհրդարանական վերահսկողությունը շարունակում է սահմանափակ մնալ, մինչդեռ գործադիր իշխանությունն ավելի է մեծացրել իր լիազորությունները։

Դատական համակարգի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ դրա անկախությունը, անկողմնակալությունն ու բարեվարքությունը շարունակում են լրջորեն խաթարված մնալ։ Եվրահանձնաժողովը քննադատել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի բացակայությունը՝ նշելով, որ Հակակոռուպցիոն բյուրոն լուծարվել է, իսկ դրա կանխարգելիչ գործառույթները փոխանցվել են Պետական աուդիտի ծառայությանը։

Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաև խոսքի, հավաքների և միավորումների ազատության սահմանափակումների կապակցությամբ։ Զեկույցի համաձայն՝ լրագրողների անվտանգությունն ու անկախ լրատվամիջոցների աշխատանքային պայմանները շարունակել են վատթարանալ, իսկ լրագրողներն ու լրատվամիջոցները բախվել են հետապնդումների, ահաբեկումների և հարձակումների։

Զեկույցը իշխանություններին կոչ է անում ազատ արձակել կամայականորեն կալանավորված բոլոր անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչներին, լրագրողներին ու ակտիվիստներին, չեղարկել հիմնարար իրավունքները սահմանափակող օրենսդրությունը և հետաքննել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին պնդումները։

Չնայած քննադատությանը՝ Եվրահանձնաժողովը որոշակի առաջընթաց է արձանագրել Վրաստանի տնտեսության ոլորտում։ Այն գնահատել է, որ երկիրը գործող շուկայական տնտեսություն ձևավորելու հարցում միջին մակարդակով պատրաստված է և որոշակի առաջընթաց է գրանցել այս ոլորտում։ Միաժամանակ զեկույցում նշվում է, որ, չնայած բարձր տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծումը շարունակում է սահմանափակ մնալ, իսկ էական կառուցվածքային խնդիրները պահպանվում են։

Եվրահանձնաժողովը զգուշացրել է, որ եթե իշխանությունները չփոխեն իրենց ընթացքը և կրկին չհանձնառվեն ԵՄ անդամակցության հիմքում ընկած սկզբունքներին, Վրաստանը կշարունակի զրկվել թեկնածու երկրի կարգավիճակից և մինչև անդամակցելը գործող առավելություններից։

Այն նաև վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին։

2026-ի ընդլայնման փաթեթը ներառում է նաև Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին արձանագրած առաջընթացը գնահատող զեկույցները։

Վրաստանի ԱԳՆ-ն մերժում է զեկույցի եզրակացությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Եվրահանձնաժողովի գնահատականը՝ պնդելով, որ այն պարունակում է փաստական անճշտություններ և մոլորեցնող եզրակացություններ։

Նախարարությունը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրի շրջանակում Վրաստանի հետ որևէ հանդիպում չի անցկացրել, ինչը, ըստ նախարարության, սահմանափակել է երկրի առաջընթացն օբյեկտիվորեն գնահատելու Եվրահանձնաժողովի հնարավորությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի հետ երկխոսությունը 2024-ի հունիսի 27-ի ԵՄ խորհրդի եզրակացություններից հետո, ինչի հետևանքով Ասոցացման համաձայնագրի շրջանակում բոլոր մակարդակներում հանդիպումները դարձել են անհնար։

Նախարարությունը նաև մեղադրել է զեկույցին իր բնորոշմամբ «հակավրացական թեզերը» ամրապնդելու մեջ։

«Մտահոգիչ է, որ Եվրահանձնաժողովի զեկույցը, որը հիմնված է փաստական անճշտությունների և կեղծ գնահատականների վրա, նպաստում է հակավրացական թեզերի ամրապնդմանը»,- հայտարարել է նախարարությունը։

ԱԳՆ-ն հերքել է կառավարության գործողությունները որպես պետության զավթում բնութագրող ձևակերպումը՝ պնդելով, որ երկիրը կառավարելը ժողովրդի կողմից ընտրված կառավարության պարտականությունն է։

Այն նաև Եվրահանձնաժողովին մեղադրել է ընտրովի վերլուծության միջոցով իրավական հարցերը քաղաքականացնելու և Վրաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ։

Հայտարարությունում քննադատվել է նաև զեկույցի այն ձևակերպումը, որով վրացի քաղաքական գործիչների արձագանքները տարբեր դերակատարների՝ երկրի դեմ ուղղված գործողություններին բնորոշվում են որպես թշնամական հռետորաբանություն։ Նախարարության պնդմամբ՝ սա խոսքի ազատության դեմ ոտնձգություն է։

Չնայած քննադատությանը՝ նախարարությունը հայտարարել է, որ մանրամասն կուսումնասիրի զեկույցը և հիմնավորված մեկնաբանություններ կներկայացնի Եվրահանձնաժողովին։

Այն նաև վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա ԵՄ-ի հետ բաց և կառուցողական երկխոսություն վարելու հարցում։

ԵՄ դեսպանն ասում է՝ Վրաստանի եվրոպական ուղին շարունակում է բաց մնալ

Զեկույցի հրապարակումից հետո կայացած մամուլի ասուլիսում Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ վերջին մեկ տարում Վրաստանում իրավիճակն ավելի է վատթարացել՝ ժողովրդավարության լուրջ հետընթացի, օրենքի գերակայության արագ քայքայման և հիմնարար իրավունքների սահմանափակումների պայմաններում։

Միաժամանակ Հերչինսկին ընդգծել է, որ Վրաստանի եվրոպական ուղին շարունակում է բաց մնալ, եթե իշխանությունները փոխեն ընթացքը և կրկին հանձնառու դառնան ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և հիմնարար իրավունքներին։

«Վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին մեր աջակցությունը մնում է անփոփոխ»,- ասել է նա։

Պատասխանելով ընդդիմադիր TV Pirveli-ի հարցին՝ Հերչինսկին անդրադարձել է նաև ԵՄ-ի հետ երկխոսության վերաբերյալ Վրաստանի կառավարության կոչերին։

«Ի՞նչ եք ակնկալում, որ ԵՄ-ն քննարկի։ Ակնկալո՞ւմ եք, որ եվրոպական ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկեն այսպես կոչված «խորքային պետությունը», «գլոբալ պատերազմի կուսակցությունը», թե՞ ակնկալում եք, որ մենք քննարկենք Եվրոպական միության և Խորհրդային միության տարբերությունները»,- հարցրել է Հերչինսկին։

«Այս վարկաբեկիչ արշավը պետք է դադարեցվի, որպեսզի երկխոսությունը վերսկսվի»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում