Լուսինե Վարդանյան, Բրյուսել
«Հատկապես եվրոպական ինտեգրման հարցում տրամաբանական է, որ Հայաստանի ուղին կախված է Վրաստանի առաջընթացից»․ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բրյուսելում Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովին պատասխանեց ՍիվիլՆեթի հարցին, թե ում և ինչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի գործոնը Հայաստանի համար կարևորելով։
«Մենք բարձր ենք գնահատում պարոն Փաշինյանի աջակցությունը, նա հրաշալի առաջնորդ է և Վրաստանի հրաշալի ընկերը։ Մեզ համար կարևոր է ազգային շահերը պաշտպանելու հարցում միասին լինելը»,- շարունակեց նա։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Euronews-ի հարցին, թե ինչ մեկ կարևոր հանձնառություն ունի Եվրամիությանն անդամակցելու հարցում, պատասխանեց. «Աջակցել Վրաստանին, Հայաստանի համար Վրաստանի հաջողելը չափազանց կարևոր է, նույնիսկ մարդկանց ընկալման տեսանկյունից»:
Փաշինյանն առաջին անգամ չի խոսել Վրաստանի որոշումների կարևորության մասին։ 2026-ի մարտին Եվրոպական խորհրդարանում Փաշինյանն ասել էր, որ դեպի ԵՄ ճանապարհին այդ պահին «ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան երկխոսության սառեցված վիճակն է»։
Փաշինյանը Euronews-ի հետ զրույցում նաև ասաց, որ Հայաստանը անդամակցության դիմում կարող է ներկայացնել մյուս տարի՝ 2027-ին, իրատեսական է նաև 2028-ը, սակայն հիմա կենտրոնացումը ավելի շատ վիզաների ազատականացման վրա է։

Euronews-ը Փաշինյանին հիշեցրեց Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի միտքը՝ «Հայաստանի համար ամենավատ սցենարը «նոր Ուկրաինա» դառնալը կարող է լինել», և հարցրեց, թե արդյոք դա սպառնալիք է։ Ըստ Փաշինյանի՝ «Հայաստանը ոչ մի այլ բան չի դառնա, Հայաստանը Հայաստան է, ավելի շատ է Հայաստան դառնալու, ավելի շատ Հայաստան, ավելի շատ․․․»։
Euronews-ի գագաթնաժողովին մասնակցում էին ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, կառույցին ամենաուշը միացած Խորվաթիայի վարչապետը, ինը թեկնածու երկրներից վարչապետներ և այլ պաշտոնյաներ։
Սակայն Վրաստանի վարչապետի՝ Բրյուսելում լինելու հանգամանքը սովորական իրադարձություն չէր։ 2023-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստացած Վրաստանի հարաբերությունները Եվրամիության հետ վերջին տարիներին կտրուկ վատթարացել են․ իշխող «Վրացական երազանքը» սառեցրել է անդամակցության գործընթացը, երկրում ժողովրդավարության հետընթաց է, կան քաղբանտարկյալներ, ցույցերը ցրվում են կոշտ միջոցներով, խորհրդարանն ընդունում է ազատությունները սահմանափակող օրենքներ, այդ թվում՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»։
Կոբախիձեի այցից զարմացած էր նաև Euronews-ի լրագրողը, որի առաջին հարցն էր՝ «Ինչո՞ւ եք այստեղ»։
Կոբախիձեի խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելը շարունակում է լինել ազգային օրակարգի մաս և պնդել, որ եվրոպական բյուրոկրատիան լավ չի աշխատում, Վենետիկի հանձնաժողովը քաղաքականացված է։
«Էլ ինչո՞ւ եք ուզում անդամակցել այդքան վատ աշխատող կառույցին»,- հարցրել է լրագրողը։
«Մենք լավատես ենք, որ կառույցը կփոխվի»,- ասել է Կոբախիձեն։
Լրագրողը հարցադրում է արել նաև նրա մասին, որ «ԵՄ որոշ ղեկավարներ հրաժարվում են նույն լուսանկարում լինել Կոբախիձեի հետ»։
«Ես ունեմ լուսանկարներ ԵՄ բոլոր ղեկավարների հետ»,- պատասխանել է Կոբախիձեն։
Այս զավեշտալի հարցուպատասխանից հետո Կոբախիձեն ամփոփել է՝ Վրաստանը ճկուն է, բայց ինքնիշխան։











