Բրյուսելի Albert Hall-ի բեմում Մունիրա Սուբաշիչն է՝ Սրեբրենիցայի ջարդերը վերապրած կին, որի ընտանիքի 22 անդամ սպանվել է։ «Չես կարող ունենալ ներդաշնակություն, երբ բոլորը նույն նոտան են տեսնում։ Հմայքը բազմազանության մեջ է»,- ասում է նույն բեմին կանգնած, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Նոյեմբերի 15-16-ին տեղի ունեցավ ԵՄ ընդլայնման ֆորումը, որի առանցքային հարցն էր՝ ինչպիսի՞ Եվրոպայում ապրել և ինչպիսի՞ Եվրոպա թողնել գալիք սերունդներին։
Կոսն այսօրվա Եվրամիությունը համեմատում է ուշ 1990-ականների և վաղ 2000-ականների հետ, երբ միությանը միացավ 13 նոր անդամ պետություն։
«Աշխարհաքաղաքական փոփոխությունները վերաձևեցին մայրցամաքի քաղաքական կարգը, և ընդլայնումը Եվրոպայի արձագանքն էր Սառը պատերազմին»,- ասում է նա։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր ելույթում կոչ արեց նայել դեպի Լեհաստան, որը, նրա ձևակերպմամբ, Եվրամիության դռների առաջ էր, իսկ հիմա Եվրոպայի պաշտպանության հենասյուներից մեկն է։ Ֆոն դեր Լայենը համեմատեց Լեհաստանը և Բելառուսը՝ հիշեցնելով, որ կոմունիզմի փլուզումից հետո երկու երկրներում բարեկեցության մակարդակը գրեթե հավասար էր։
«Լեհաստանն ընտրեց ժողովրդավարությունն ու եվրոպական ինտեգրումը, իսկ Բելառուսը գնաց այլ ճանապարհով։ Այսօր Լեհաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե երեք անգամ գերազանցում է Բելառուսի ցուցանիշը»,- ասաց նա։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի կարծիքով՝ «Ընդլայնումը բեռ չէ․ այն Եվրոպայի կատարած աշխարհաքաղաքական լավագույն ներդրումն է»։
Կոշտան համոզված է, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների բոլոր երկրների ապագան Եվրամիության կազմում է։ Մարթա Կոսը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, թե ինչ ներդրումներ կարող են բերել թեկնածու երկրներ Ուկրաինան, որն ունի «Եվրոպայի ամենաուժեղ և մարտերում առավել փորձառու բանակներից մեկը», և Մոլդովան՝ «տեղեկատվական պատերազմի դեմ պայքարի բացառիկ փորձով»։
Մարթա Կոսը ուղերձ է հղում աշխարհին՝ «քաղաքականությունը վերադարձել է դեպի ընդլայնում»։
Եվրամիության ընդլայնման մեջ ուժ է տեսնում նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Ընդլայնումը, սակայն, ըստ նրա, պետք է դիտարկել ոչ թե որպես տեխնիկական գործընթաց, այլ ռազմավարական, աշխարհաքաղաքական գործիք։

«Ուժը կախված է մասշտաբից։ Որքան մեծ է ԵՄ-ն, այնքան ավելի մեծ ուժ կարող ենք ունենալ համաշխարհային ասպարեզում»,- ասաց Ստուբը։
Բրյուսելում Ալեքսանդր Ստուբը շատ համակիրներ ունի։ Շատերը նրա անունն են նշում՝ որպես Ռուսաստանի հետ Եվրպոայի կողմից բանակցողի։ Financial Times-ին տված հարցազրույցում Ստուբն ասել է, որ Եվրոպայի անունից բանակցությունները ԱՄՆ-ին արտապատվիրակելը «անպատասխանատու» քայլ էր։ Նա կարծում է, որ ԵՄ առաջնորդները պիտի ուղիղ բանակցեն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ ամերիկյան վարչակազմը կարող է հակված լինել Եվրոպան ազդեցության գոտիների բաժանելուն։
Անցած ամիս Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույց էին ունեցել Պուտինի հետ։ Դա քննադատության էր արժանացել որոշ գործընկեր առաջնորդների կողմից, որոնց նախապես չէին տեղեկացրել այդ նախաձեռնության մասին։ Ստուբը նշել է, որ դա շղթայի կարևոր մաս էր, որի արդյունքում Եվրոպան որոշել է ձևավորել իր բանակցային թիմը։
Արտաքին գործերի խորհրդի հանդիպում․ ո՞վ է բանակցելու Ռուսաստանի հետ
Քանի դեռ ուկրաինական կարգավորման բանակցություններից գրեթե դուրս մնացած Եվրոպան փորձում է վերաձևակերպել իր դերն աշխարհում, հարևան շենքում լրագրողները հարցնում էին արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասին, թե ինչու նրա անունը չկա հնարավոր բանակցողների ցուցակում։

«Վերցրեք պայմանագրերն ու կարդացեք։ Ո՞վ է զբաղվում անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով։ Մենք միշտ ասում ենք մեր գործընկերներին՝ Եվրոպայում իրավունքի գերակայության հիմքը հենց պայմանագրերն են։ Ուստի ես մնում եմ իմ խոսքերին հավատարիմ։ Եվ պատրաստ եմ նաև ստանձնել այս աշխատանքը [բանակցությունները վարելը]»,- ասաց նա։
Անցած շաբաթ ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև ԵՄ կառույցների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։ Ուկրաինան ուզում է, որ ԵՄ-ն մասնակցի, իսկ Ռուսաստանը՝ ոչ։
Սևծովյան կապակցվածությունը, Հայաստանը, Վրաստանը

Արտաքին գործերի խորհրդին հաջորդեց միջտարածաշրջանային անվտանգության և կապակցվածության հանդիպումը, որին մասնակցում էր նաև Հայաստանը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։
Այս ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2025-ին Լյուքսեմբուրգում՝ որպես ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության մաս։ Նպատակն է Եվրոպան Սև ծովով և Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիային կապող տրանսպորտային (Միջին միջանցք), էներգետիկ և թվային ուղիների ընդլայնումը, և մինչև 2030-ը խթանել երթուղիների բազմազանեցումը և եռապատկել առևտրային հոսքերը։
Վրաստանը չէր մասնակցում հանդիպմանը։ Բոլոր մասնակիցները հրավիրված էին նախարարական մակարդակով, իսկ Վրաստանն ավելի ցածր՝ դեսպանի մակարդակով։ Վրաստան-ԵՄ հարաբերությունները լարված են, Վրաստանը սառեցրել է թեկնածուի իր կարգավիճակը, իսկ Բրյուսելն ասում է, որ Վրաստանը միայն անունով է թեկնածու։
Տե՛ս նաև՝ Հայաստանի եվրոպական ուղին կախված է Վրաստանից․ Իրակլի Կոբախիձե
Լուսինե Վարդանյան











