Լուսինե Վարդանյան, Բրյուսել
«Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել-չներկայացնելը բացառապես տվյալ երկրի որոշումն է, ուստի չեմ ցանկանում մեկնաբանել այդ հարցը»․ Բրյուսելում նոյեմբերի 6-ին Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով ղեկավար Գերտ Յան Կուպմանը պատասխանեց ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք իրատեսական է Հայաստանի անդամակցության դիմումը 2027-ին կամ 2028-ին։
Նոյեմբերի 3-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Euronews-ի հետ հարցազրույցում ասել էր, որ 2027-ը և 2028-ը դիմում ներկայացնելու համար իրատեսական են։ Վարչապետը նաև նշել էր, որ այժմ կենտրոնացումը վիզաների ազատականացման վրա է։
Գերտ Յան Կուպմանը ՍիվիլՆեթի հարցին, թե Եվրամիությունն էլ է Հայաստանի և Վրաստանի անդամակցությունը կառույցում փոխկապակցում, պատասխանեց․ «Արդյոք դա կապվա՞ծ է Վրաստանի հետ։ Պատասխանն է՝ ոչ»։
Ավելի վաղ Փաշինյանը հարցին, թե ինչ մեկ կարևոր հանձնառություն ունի Եվրամիությանն անդամակցելու հարցում, պատասխանել էր. «Աջակցել Վրաստանին, Հայաստանի համար Վրաստանի հաջողելը չափազանց կարևոր է, նույնիսկ մարդկանց ընկալման տեսանկյունից»:
Տե՛ս նաև՝ Հայաստանի եվրոպական ուղին կախված է Վրաստանից․ Իրակլի Կոբախիձե
Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՍիվիլՆեթի հարցին պատասխանել էր. «Հատկապես եվրոպական ինտեգրման հարցում տրամաբանական է, որ Հայաստանի ուղին կախված է Վրաստանի առաջընթացից»։
Կուպմանը շեշտեց, որ Հայաստանն ակնհայտորեն բռնել է եվրոպական ուղին, սակայն այդ ուղու լիարժեք մասը դառնալու համար շատ անելիքներ ունի։
«Եկեք նաև անկեղծ լինենք։ Սա դեռ ճանապարհի սկիզբն է, բայց Հայաստանը հստակ վճռականություն է ցուցաբերում, և մենք սերտորեն համագործակցում ենք կառավարության հետ՝ այդ գործընթացին աջակցելու համար։
Ձեր փոխվարչապետի հետ համատեղ աշխատանքային խումբ ունենք, որը համանախագահում եմ, և գործընթացները շատ արագ առաջ են շարժվում։
Որոշ դժվարություններից հետո հայկական ծաղիկներն այժմ մուտք են գործում եվրոպական շուկաներ։ Երկիրն իսկապես արագորեն փոխում է իր կողմնորոշումը։
Կարող եմ միայն ասել, որ մենք, իհարկե, ողջունում ենք Հայաստանի ընտրած եվրոպական ուղին և շատ սերտորեն համագործակցում ենք երկրի հետ»,- ասաց Կուպմանը։
Լուսինե Վարդանյան











