Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանգստյան օրերին Թբիլիսիում Չինաստանի փոխնախագահ Հան Չժենի հետ հանդիպման ժամանակ Չինաստանն անվանել է «միակ խաղաղ գերտերությունը»՝ ընդգծելով Չինաստանի հետ Վրաստանի տնտեսական համագործակցության կարևորությունը։
«Վրացական երազանքի» իշխանության օրոք վերջին տարիներին Թբիլիսիի և Պեկինի քաղաքական ու տնտեսական կապերը խորացել են։ Երկու երկրները 2023-ի հուլիսին ռազմավարական գործընկերություն են հաստատել, միմյանց քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել, իսկ 2026-ի հունիսին հարաբերությունները բարձրացրել համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մերձեցումը տեղի է ունեցել Վրաստանի և նրա ավանդական արևմտյան գործընկերների հարաբերությունների կտրուկ վատթարացմանը զուգահեռ։
Հանը նոյեմբերի 6-ին ժամանել է Վրաստան՝ Թուրքիա ավելի լայն այցի շրջանակում, որտեղ, որպես Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցիչ, մասնակցելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP31) 31-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Անթալիայի առաջնորդների գագաթնաժողովին։
Հանդիպման ընթացքում Կոբախիձեն ընդգծել է այցի կարևորությունը և շնորհակալություն հայտնել Հանին Վրաստան այցելելու համար։
Նա բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ առանձնացնելով համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումն ու քաղաքական և տնտեսական համագործակցության ոլորտներում արձանագրված առաջընթացը։
«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մեր երկրների միջև գործընկերությանն ու բարեկամությանը։ […] Շնորհակալ ենք Չինաստանին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար և վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին»,- ասել է Կոբախիձեն։
«Մեկ Չինաստան» սկզբունքը Պեկինի դիրքորոշումն է, ըստ որի՝ գոյություն ունի միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի մաս է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է։
Կոբախիձեն Չինաստանն անվանել է «ժամանակակից աշխարհի միակ խաղաղ գերտերությունը»՝ պնդելով, որ այն «ամբողջությամբ կենտրոնացած է առաջընթացի, արդիականացման, զարգացման և առաջխաղացման վրա»։
Կոբախիձեն ընդգծել է նաև երկու երկրների տնտեսական համագործակցությունը՝ նշելով, որ 2026-ին Չինաստանը դարձել է Վրաստանի խոշորագույն ներդրողը։ Նա հետաքրքրություն է հայտնել առևտրատնտեսական կապերն ավելի զարգացնելու հարցում, այդ թվում՝ Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։
Նա նաև մատնանշել է Վրաստանի ռազմավարական աշխարհագրական դիրքը՝ երկիրը բնորոշելով որպես Եվրոպայի և Ասիայի բնական կապող օղակ, և հետաքրքրություն հայտնել մշակույթի, կրթության, գիտության, սպորտի, առողջապահության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հարցում։
Հանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը հյուրընկալության համար և հույս հայտնել, որ այցն ավելի կամրապնդի երկկողմ հարաբերությունները։
Նա ընդգծել է երկու երկրների փոխադարձ աջակցությունը միմյանց ինքնիշխանությանը, անվտանգությանը և զարգացման շահերին, ինչպես նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կարևորությունը։
Հանը խոսել է նաև աճող առևտրային և ներդրումային կապերի մասին՝ նշելով, որ վրացական գյուղատնտեսական արտադրանքն ավելի ու ավելի լայնորեն է մուտք գործում չինական շուկա։ Նա նաև ընդգծել է Վրաստանում չինական արտադրության ավտոմեքենաների, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներով աշխատող մեքենաների տարածվածությունը։
«Վերջին տարիներին Չինաստանի և Վրաստանի միջև առևտրի ծավալը շարունակաբար աճել է, իսկ ներդրումային համագործակցության ոլորտները՝ ընդլայնվել»,- ասել է Հանը։
Նա նաև նշել է, որ 2026-ի ապրիլին երկու երկրները ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիրը թարմացնող արձանագրություն՝ դա բնորոշելով որպես երկկողմ տնտեսական համագործակցության նոր փուլ։
Այցի ընթացքում Կոբախիձեն և Հանը Վրաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի կազմակերպած միջոցառման ժամանակ հանդիպել են նաև վրացական և չինական գործարար համայնքների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը նվիրված էր երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերությանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և չինացի պաշտոնյաներ։
Հան Չժենը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։












