Գլխավոր Լրահոս

Ըստ Կադիրովի՝ հութիները Ռիադի օդանավակայանի փոխարեն պետք է թիրախավորեին ԱՄՆ ռազմաբազաները

Ռիադի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը

Ռիադի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Եմենի հութիները Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների փոխարեն պետք է թիրախավորեին Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաները։ Նա այս մասին գրել է հոկտեմբերի 13-ին Telegram-ի իր ալիքում՝ մեկնաբանելով Ռիադի Քինգ Խալիդ միջազգային օդանավակայանի վրա հարձակումները։

Հութիների՝ օդանավակայանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 14 խաղաղ բնակիչ, ավելի քան 300 մարդ վիրավորվել է։ Տուժածների թվում եղել են Մեքքա մեկնող ուխտավորներ։

«Քաղաքացիական օբյեկտների վրա միտումնավոր հրթիռային հարվածները որևէ փաստարկով արդարացնել հնարավոր չէ։ Դրանք իմաստ չունեն ոչ քաղաքական, ոչ էլ կրոնական տեսանկյունից»,- գրել է Կադիրովը։

Նա ենթադրում է, որ հարձակումները կարող էին պատասխան լինել Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական գործողությանը։ Այդ դեպքում, Կադիրովի խոսքով, հութիները պետք է այլ թիրախներ ընտրեին։

«Ավելի տրամաբանական կլիներ հարվածներն ուղղել համապատասխան օբյեկտների դեմ։ Օրինակ՝ տարածաշրջանով մեկ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների»,- ասել է Կադիրովը։ Նա հավելել է, որ խաղաղ բնակիչների վրա հարձակումները ո՛չ քաջություն են ցույց տալիս, ո՛չ էլ ուժ։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել է Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակումը։ Հոկտեմբերի 12-ին գերատեսչությունը հայտարարություն էր տարածել՝ Արաբական թերակղզում հակամարտող կողմերին կոչ անելով զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածներից։ Նախարարությունը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։

Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանատան նախնական տվյալներով՝ տուժածների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չեն եղել։

2026-ի մարտին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո, Կադիրովն արդեն աջակցություն էր հայտնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարվածներին։ Նա ամերիկյան բազաների դեմ Իրանի պատասխան հարձակումներն անվանել էր «սպասելի պատասխան թշնամուն»՝ միաժամանակ դատապարտելով Պարսից ծոցի արաբական երկրներում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները։

Կադիրովի պնդմամբ՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը միտումնավոր սադրել էին Իրանին պատասխան գործողությունների դիմելու, ինչի հետևանքով հակամարտության մեջ էին ներքաշվել նաև տարածաշրջանի այլ երկրներ։

Ապրիլի 8-ին Կադիրովը մեկնաբանել էր տեղեկությունները, թե ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային հարձակման դեպքում չեչենական ստորաբաժանումները պատրաստ են մեկնել Իրան։ Նրա խոսքով՝ նման տեղակայում հնարավոր կլիներ, եթե Իրանը պատերազմեր միայն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Սակայն Թեհրանը հարվածներ էր հասցնում նաև արաբական պետություններին, որոնց առաջնորդներին Կադիրովն անվանել էր իր «եղբայրներ»։

«Անկասկած, ես Իրանի կողմն եմ, բայց մեկ «բայց»-ով՝ չեմ աջակցում Պարսից ծոցի արաբական երկրներում քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Իրանի հարվածներին»,- գրել էր Կադիրովը։

Նա ընդգծել էր, որ հարաբերություններ է պահպանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ։

Ռուսաստանցի պաշտոնյաները նույնպես դատապարտել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները՝ միաժամանակ դեմ արտահայտվելով արաբական պետությունների վրա հարձակումներին։

Մարտի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինը Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ընթացքում առաջարկել էր օգտագործել Թեհրանի հետ Մոսկվայի հարաբերությունները՝ լարվածությունը նվազեցնելու համար։ ԱՄԷ նախագահ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ զրույցից հետո Կրեմլը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է Իրանի ղեկավարությանը փոխանցել Էմիրությունների մտահոգությունները երկրի տարածքին հասցված հարվածների վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը նաև հրադադարի և դիվանագիտական բանակցությունների վերադառնալու կոչ էր արել։

Մարտի 11-ին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ Մոսկվան անընդունելի է համարում Պարսից ծոցի արաբական երկրների տարածքի վրա հարվածները, հատկապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել էր, որ իրավիճակը չի կարելի դիտարկել առանձին այն ամենից, ինչ նա անվանել էր ԱՄՆ-ի և Իսրայելի «ագրեսիա» Իրանի դեմ։

Ռուսաստանը ձեռնպահ էր մնացել Բահրեյնի ներկայացրած բանաձևի նախագծի քվեարկությունից, որը դատապարտում էր Իրանի հարվածները տարածաշրջանի երկրներին։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում