Գլխավոր Լրահոս

Կադիրովը 19-ամյա որդուն հանձնարարել է զբաղվել Չեչնիայում աղբահանության խնդիրներով

Ադամ Կադիրովը 2026-ի նոյեմբերին Աչխոյ-Մարտանում ստուգում է Ֆորտանգա գետի ափերի ամրացման աշխատանքների արդյունքները

Ադամ Կադիրովը 2026-ի նոյեմբերին Աչխոյ-Մարտանում ստուգում է Ֆորտանգա գետի ափերի ամրացման աշխատանքների արդյունքները

Կադրը՝ տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որդուն՝ Ադամին, հանձնարարել է վերահսկել հանրապետությունում աղբահանությունը։ Այս մասին հայտնել է պետական Chechnya Today լրատվական գործակալությունը՝ մեջբերելով նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում Կադիրովի արած հայտարարությունները։ Այդ օրը 19-ամյակը նշող Ադամ Կադիրովին հանձնարարվել է զբաղվել հանրապետությունում աղբի հավաքման խնդիրներով։

Կադիրովի ամենամյա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը բարձրացրել է բնակիչների բողոքները աղբի անկանոն հավաքման, լցված աղբամանների և տարածաշրջանային օպերատոր Onyx-ի կողմից գանձվող վճարների հետ կապված խնդիրների մասին։ Կադիրովը որդուն հանձնարարել է կապվել պատասխանատու պաշտոնյաների հետ և հասնել նրան, որ իրավիճակը բարելավվի։ Ադամը պատասխանել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։

Սակայն սա հոր ղեկավարած իշխանական համակարգում նրա առաջին պարտականությունը չէ։ 2025-ի ապրիլից նա Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղարն է, իսկ 17 տարեկանից ղեկավարում է հոր՝ հանրապետության ղեկավարի անվտանգությունն ապահովող խումբը։ Նրան նաև հանձնարարվել է վերահսկել Չեչնիայի Ներքին գործերի նախարարության, Գուդերմեսում գործող Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին մասնակցող Պաշտպանության նախարարության երկու գումարտակների աշխատանքը։

Թեև Ադամ Կադիրովը երբևէ չի աշխատել կոմունալ ծառայությունների ոլորտում, վերջին շաբաթներին նա սկսել է ավելի հաճախ հրապարակային այցեր կատարել արդյունաբերական օբյեկտներ, այդ թվում՝ աղբի վերամշակման համալիր։ Միայն նոյեմբերի առաջին երեք շաբաթներին նա հինգ անգամ այցելել է հանրապետության նման օբյեկտներ։ Նախկինում նա հազվադեպ էր մասնակցում նման ստուգումների։

Օրինակ՝ նոյեմբերի 9-ին նա շրջակա միջավայրի անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի շրջանակում ստուգել է Technopark աղբի վերամշակման համալիրի շինհրապարակը, իսկ նոյեմբերի 13-ին՝ Աչխոյ-Մարտանում Ֆորտանգա գետի ափերի ամրացման աշխատանքների արդյունքները։

Չեչնիայում աղբահանության խնդիրները նոր չեն։ 2025-ի սեպտեմբերին Գրոզնիի բնակիչները բողոքում էին, որ որոշ փողոցներից շաբաթներով աղբ չի հավաքվում, աղբամանները լցված են, իսկ աղբահանության ծառայության հետ կապվելը դժվար է։

Դատախազությունը նույնպես հաստատել է օպերատորի խախտումները։ 2026-ի ապրիլին այն հայտնել է, որ Գրոզնիի մի բնակչի բողոքից հետո ստուգում է անցկացրել և պարզել, որ Onyx-ը մի քանի օր չէր հեռացրել նրա տան մոտ կուտակված աղբը, ինչի հետևանքով աղբամանները լցվել էին։ Դատախազության միջամտությունից հետո աղբը հեռացվել է, իսկ պատասխանատու աշխատակիցը ենթարկվել է վարչական և կարգապահական պատասխանատվության։

Onyx ընկերության պաշտոնական սեփականատերը Մովսադի Ալվիևն է։ Նա հանրապետության խոշորագույն կառուցապատողներից է և Չեչնիայի ղեկավարին կից ներդրումային խորհրդի անդամ։ 2025-ի տվյալներով՝ Onyx-ի եկամուտը կազմել է մոտ 1,1 միլիարդ ռուբլի՝ 13,7 միլիոն դոլար։

Ռուսական անկախ Proekt («Նախագիծ») լրատվամիջոցի հետաքննության համաձայն՝ Onyx-ն իրականում Ռամզան Կադիրովին պատկանող ակտիվ է, որը միայն ձևականորեն է գրանցված Ալվիևի անունով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում