Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երկրորդ որդին՝ Զելիմխան (Էլի) Կադիրովը, ըստ հաղորդումների, Սերբիայի քաղաքացիություն է ստացել Ալի Մուսաև անունով։ Հանգուցյալ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած Հակակոռուպցիոն հիմնադրամը այս մասին հայտնել է նոյեմբերի 24-ին՝ նշելով, որ համապատասխան փաստաթուղթը գտել է Սերբիայի պաշտոնական գրանցամատյաններում։
Հրապարակային փաստաթղթի համաձայն՝ 2025-ի հուլիսի 10-ին Սերբիայի կառավարությունը որոշել է քաղաքացիություն շնորհել 18-ամյա Ալի Մուսաևին, որը ծնվել է 2006-ի դեկտեմբերի 14-ին Չեչնիայի Ցենտորոյ գյուղում։ Որոշումը ստորագրել է Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը։ Քաղաքացիությունը շնորհվել է հատուկ կարգով՝ երկրի հանդեպ «հատուկ արժանիքների» համար։
Հակակոռուպցիոն հիմնադրամը պնդում է, որ այդ անունով անձ գոյություն չունի, իսկ փաստաթղթում նշված ծննդյան ամսաթիվն ու վայրը համընկնում են Ռամզան Կադիրովի երկրորդ որդու՝ Զելիմխանի տվյալների հետ։
Ռուսական անկախ Agentstvo («Գործակալություն») լրատվամիջոցի ձեռք բերած արտահոսած տվյալների բազաների համաձայն՝ Զելիմխան Կադիրովը 2025-ի հունվարին Չեչնիայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի միջոցով փոխել է ազգանունը։ Նրա նախկին անձնագիրը ճանաչվել է անվավեր, և այժմ նա օգտագործում է Ալի Մուսաև անունը։
Մուսաև ազգանունը Կադիրովների ընտանիքի հետ նախկինում ևս կապվել է։ Այդ ազգանունով Զելիմխան Կադիրովն ավելի քան 100 անգամ մեկնել է արտերկիր, հիմնականում՝ Դուբայ։ Այդ ուղևորությունների գրեթե բոլորն իրականացվել են մասնավոր ինքնաթիռներով։ Հիմնադրամի տվյալներով՝ Չեչնիայի ղեկավարի ընտանիքի այլ անդամներ նույնպես Մուսաև ազգանունով փաստաթղթեր են օգտագործում, այդ թվում՝ նրա կինը՝ Մեդնին, որդիները՝ Ադամն ու Ախմատը, և դուստրը՝ Թաբարիկը։
Զելիմխան Կադիրովը պատժամիջոցների տակ չէ, սակայն 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Ռուսաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզա ստանալը զգալիորեն դժվարացել է, իսկ Բալթյան որոշ երկրներ ընդհանրապես դադարեցրել են զբոսաշրջային վիզաների տրամադրումը։ Սակայն Սերբիայի անձնագիր ունեցող Ռուսաստանի քաղաքացիները կարող են ԵՄ երկրներ մեկնել առանց վիզայի։
Հակակոռուպցիոն հիմնադրամը Սերբիայի իշխանություններին կոչ է անում չեղարկել Կադիրովի որդուն քաղաքացիություն շնորհելու որոշումը և անվավեր ճանաչել նրա անձնագիրը։
Հիմնադրամը ուշադրություն է հրավիրել նաև հատուկ ընթացակարգով Սերբիայի քաղաքացիություն ստացած այլ ռուսաստանցիների վրա։ Նրանց թվում են չեչեն գործարար Մուսա Բաժաևի հարազատները, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Չեչնիայի ղեկավարի ազգականը Սերբիայի քաղաքացիություն է ստանում։ 2026-ի ապրիլին Սերբիայի իշխանությունները անձնագիր էին տրամադրել Կադիրովի զարմիկ Յակուբ Զաքրիևին՝ Չեչնիայի գյուղատնտեսության նախկին նախարարին և Danone Russia ընկերության գլխավոր տնօրենին։ Սակայն նրա քաղաքացիության մասին տեղեկությունը հրապարակվելուց չորս օր անց Սերբիայի կառավարությունը չեղարկել էր որոշումը։
2025-ի ապրիլին iStories-ը և սերբական հետաքննական KRIK լրատվամիջոցը հետաքննություն էին հրապարակել, ըստ որի՝ 2022-ից ի վեր Սերբիայի իշխանությունները 204 ռուսաստանցու անձնագիր են տրամադրել՝ պատճառաբանելով, որ դա «հանրապետության շահերից է բխում»։ Սերբիայի նոր քաղաքացիների թվում էին Ռամզան Կադիրովի շրջապատի մարդիկ, Ռուսաստանի օկուպացրած ուկրաինական տարածքների ներկայացուցիչներ, Yandex-ի բարձրաստիճան ղեկավարներ և Rostec («Ռուսական տեխնոլոգիաներ») ընկերության հետ կապ ունեցող անձինք։












