Գլխավոր Լրահոս

Կադիրովի հետ կապված անձը, ըստ հաղորդումների, ձևացել է ուկրաինացի՝ Ռումինիայի քաղաքացիություն ստանալու համար

Ռամզան Կադիրովը և Մայրբեկ Աբդուլազիզովը

Ռամզան Կադիրովը և Մայրբեկ Աբդուլազիզովը

Լուսանկարը՝ vesti095.ru-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի շրջապատի ներկայացուցիչ Մայրբեկ Աբդուլազիզովը, ըստ հաղորդումների, փորձել է ռումինական փաստաթղթեր ստանալ՝ ներկայանալով որպես Ուկրաինայի քաղաքացի։ Աբդուլազիզովն ունեցել է Ռումինիայի քաղաքացիության վկայական, սակայն Բուխարեստը պնդում է, որ այդ փաստաթղթերը նույնպես կեղծ են եղել, և նրան երբեք քաղաքացիություն չի շնորհվել։

Kyiv Independent-ը, ռումինական Public Record-ը, մոլդովական Cu Sens-ը, Նիդեռլանդներում գործող Follow the Money-ը, ֆրանսիական Le Monde-ը և Սլովակիայի Յան Կուցյակի անվան հետաքննական կենտրոնը երկուշաբթի համատեղ հետաքննություն են հրապարակել։ Նրանք ուսումնասիրել են քաղաքացիական 55 դատական գործ, որոնցով Ռումինիայի իշխանությունները փորձում են անվավեր ճանաչել կեղծ տեղեկությունների հիման վրա տրամադրված փաստաթղթերը։ Դրանցից ավելի քան 30-ում ներգրավված են Ռուսաստանի քաղաքացիներ։

Սակայն Աբդուլազիզովի դեպքում իշխանությունները պնդում են, որ նրան ընդհանրապես երբեք քաղաքացիություն չի շնորհվել։ Ութ ռուսաստանցի, այդ թվում՝ Աբդուլազիզովը, դիմումներ են ներկայացրել որպես Ուկրաինայի քաղաքացիներ՝ օգտագործելով, ենթադրաբար, կեղծ ուկրաինական անձնագրերի և նույնականացման քարտերի պատճեններ։

Մայրբեկ Աբդուլազիզովը կապեր ունի Կադիրովի հետ։ Օրինակ՝ 2024-ին Կադիրովը նրան պարգևատրել է հանրապետության բարձրագույն պետական պարգևով՝ Ախմատ Կադիրովի շքանշանով, իսկ 2019-ին նրա հետ այցելել է Մախկետի գյուղ։

Ռումինիայում գործում է քաղաքացիության վերականգնման ծրագիր, որը վերաբերում է 1940-ին Ռումինիայի կորցրած և այժմ Մոլդովայի ու Ուկրաինայի կազմում տարածքների բնակիչներին։ Դիմողները կարող են ԵՄ անդամ երկրի քաղաքացիություն ստանալ, եթե փաստաթղթերով ապացուցեն ընտանեկան կապն այդ տարածքների հետ։

Ռումինիայի իշխանություններին ներկայացրած դիմումում Աբդուլազիզովը նշել է, որ Ուկրաինայի քաղաքացի է, և կցել ուկրաինական անձնագրի ու նույնականացման քարտի պատճեններ։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ երկուսն էլ տրվել էին 2020-ի նոյեմբերին։ Դիմումում Աբդուլազիզովը չէր նշել իր ռուսական անձնագրի մասին։

Որպես բնակության հասցե նա նշել էր Կիևի մի հասցե, սակայն լրագրողները պարզել են, որ այն բնակելի շենքի չէ, այլ հողամասի հասցե է։ Այնտեղ ուղարկված դատական ծանուցումները վերադարձվել են ուղարկողին։

Ռումինիայի դատարանի փաստաթղթերում անհամապատասխանություններ են հայտնաբերվել նաև Աբդուլազիզովի ծննդյան տվյալներում։ Բնօրինակի փոխարեն նա ներկայացրել էր ծննդյան վկայականի կրկնօրինակ, որը տրվել էր Մոսկվայում 2019-ին՝ նրա ծնունդից 36 տարի անց և ծննդավայրից՝ Չեչնիայի Մախկետի գյուղից հեռու։

Փաստաթղթում նրա հայրը նշված էր որպես գագաուզ, իսկ մայրը՝ մոլդովացի։ Սա հակասում է Աբդուլազիզովի հոր հրապարակված կենսագրությանը։ Չեչենական լրատվամիջոցները գրել են, որ նրա հայրը մեծացել է Մախկետիում և վերապրել 1944-ին գյուղի բնակիչների տեղահանությունը Ղազախական ԽՍՀ։ Հանրային ելույթներում Աբդուլազիզովը չեչեններին անվանել է իր ժողովուրդը։ Վկայականում սխալ էր նշված նաև նրա հոր հայրանունը։

Դատական հայցի համաձայն՝ կեղծ է եղել նաև 2023-ով թվագրված՝ Ռումինիայի քաղաքացիություն շնորհելու վկայականը։ Այն հղում էր անում Ռումինիայի Քաղաքացիության ազգային մարմնի ղեկավարի հրամանին, սակայն Աբդուլազիզովի անունը չկար ո՛չ այդ, ո՛չ էլ կառույցի որևէ այլ հրամանում։

Վկայականում նշված էր, որ Աբդուլազիզովը 2023-ի հունիսի 7-ին Ստամբուլում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունում հավատարմության երդում է տվել։ Սակայն փաստաթղթի վրա դրված էր Սլովակիայի Բրատիսլավայում Ռումինիայի դեսպանատան կլոր կնիքը։

Kyiv Independent-ի լրագրողները հեռախոսով կապվել են Աբդուլազիզովի հետ։ Նա հերքել է, որ երբևէ նույնիսկ ուկրաինական անձնագիր է ստացել։ Երբ իմացել է, որ խոսում է լրագրողների հետ, ասել է, որ չունի Ռումինիայի քաղաքացիություն կամ ռումինական անձնագիր։

Ուկրաինացի ներկայացած բոլոր ութ ռուսաստանցիներն օգտվել են Մոլդովայում նույն նոտարի՝ Կարոլինա Հանգանուի ծառայություններից։ Նա վավերացրել է ռուսական ծննդյան վկայականների կրկնօրինակների՝ ռուսերենից ռումիներեն թարգմանությունները։ Մի քանի շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը գրանցվել են Ռումինիայի քաղաքացիական կացության ռեգիստրում։

Ռումինացի քննիչների տվյալներով՝ ավելի լայն սխեմայում ներգրավված են եղել միջնորդներ և պետական հաստատությունների աշխատակիցներ։

Լրագրողների ուսումնասիրած գործերում Ռուսաստանի քաղաքացիների թվում եղել են նաև Հյուսիսային Կովկասից այլ անձինք։

Դաղստանցի Նուրուտդին Դադաևը 2021-ից Ուկրաինայի պատժամիջոցների տակ է։ Նա նաև ընդգրկված է Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության՝ Rosfinmonitoring-ի վարած ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։

Հետաքննությունում հիշատակված ևս երկու անձ Դաղստանից են՝ Շամիլ Մուսաևը և Իսլամ Գաջիևը։ Դաղստանյան VIP-Trans տրանսպորտային ընկերության սեփականատեր Մուսաևը Kyiv Independent-ին ասել է, որ Ռումինիայի քաղաքացիություն է ստացել իր մեծ տատի միջոցով։

Նա հաստատել է, որ 2023-2025-ին օգտագործել է ռումինական անձնագիր և դրանով մեկնել Ռումինիա, Իսպանիա և Ֆրանսիա։ Մուսաևն ասել է, որ տեղյակ չի եղել իր փաստաթղթերը վիճարկող դատական գործընթացից։

Փաստաթղթերում հանդիպում է նաև Գրոզնիում Beeline բջջային օպերատորի նախկին տարածաշրջանային տնօրեն Բեսլան Մագոմադովի անունը։

Ռումինիայի դեպքը առաջինը չէ, երբ Չեչնիայի ղեկավարության հետ կապ ունեցող մարդիկ եվրոպական երկրների քաղաքացիություն են ստանում։ Նման դեպքերն առավել մանրամասն ուսումնասիրվել են Սերբիայում։

Օրինակ՝ այս ամիս Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած Հակակոռուպցիոն հիմնադրամը հայտնել է, որ Ռամզան Կադիրովի երկրորդ որդին՝ Ալի Կադիրովը՝ Զելիմխանը, որը հայտնի է նաև Էլի անունով, Սերբիայի քաղաքացիություն է ստացել Ալի Ռամզանովիչ Մուսաև անունով։

Սերբիայի պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշման համաձայն՝ կառավարությունը նրան քաղաքացիություն է շնորհել 2025-ի հուլիսի 10-ին, երբ նա 18 տարեկան էր։ Որպես հիմք նշվել էին Սերբիայի հանդեպ նրա «հատուկ արժանիքները»։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում