Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Բանտից ուղարկած իր վերջին նամակում Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկար թվարկել է իր կառավարման տարիների ձեռքբերումները՝ բարձր գնահատելով սեփական աշխատանքը, ապա հանրությանը հարցրել՝ արդյոք իր հաջորդի՝ Իրակլի Կոբախիձեի ղեկավարած ներկայիս կառավարությունը կարողացել է նույն մակարդակն ապահովել։
Ղարիբաշվիլին այժմ ազատազրկված է փողերի լվացման աղմկահարույց գործով։ Ավելի քան մեկ ամիս է՝ նա բանտից նամակներ է հրապարակում, որոնցում քննադատում է «Վրացական երազանքի» իր նախկին գործընկերներին և պնդում, որ իրեն ստիպել են ընդունել մի հանցագործություն, որը չի կատարել։
Վերջին նամակում, որը նրա թիմը երեքշաբթի հրապարակել է Facebook-ի իր էջում, Ղարիբաշվիլին ներկայացրել է վարչապետի պաշտոնում իր ձեռքբերումները՝ հայտարարելով, որ 2021-ի փետրվարին երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելու պահին կառավարությունը «փլուզման եզրին էր»։
Նախկին քաղաքական գործիչը նշել է, որ իր նախորդը՝ Գիորգի Գախարիան, որն այժմ ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդն է, «երկիրն ու թիմը թողեց ճգնաժամի մեջ, երբ անսպասելի դավաճանություն գործեց և հրաժարական տվեց»։
«Վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո կարճ ժամանակում վերականգնեցինք հավասարակշռությունը, թիմ ձևավորեցինք, կայունացրինք իրավիճակը և թիմով համարձակ, գործնական, արդյունավետ ու այն ժամանակ նաև ռիսկային քայլեր ձեռնարկեցինք․ բացեցինք երկիրը, ներմուծեցինք երեք տեսակի պատվաստանյութ, «ոչ» ասացինք COVID-ի բռնապետությանը և մեր ժողովրդին պատվաստման լիակատար ազատություն տվեցինք»,- գրել է նա։
«Միաժամանակ բացեցինք փակ տնտեսությունը, ուժեղ խթան տվեցինք բիզնեսին և տնտեսական զարգացմանը»,- շարունակել է Ղարիբաշվիլին՝ այնուհետև գովաբանելով նույն տարվա տեղական ընտրություններում կուսակցության գրանցած արդյունքները։
«Խուսափեցինք ապակայունացումից և [նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի] մասնակցությամբ հեղափոխություն կազմակերպելու փորձից, վերջ դրեցինք բոլոր կործանարար ուժերին և ավարտեցինք քաղաքական ճգնաժամը։ Եվ վերջապես՝ 2021-ն ու 2022-ն ավարտեցինք աննախադեպ երկնիշ տնտեսական աճով»,- գրել է նա։
Այնուհետև Ղարիբաշվիլին անդրադարձել է Վրաստանում գնաճի դեմ իր կառավարության քայլերին՝ նշելով, որ իրենք «բյուջեի պակասուրդը 9 տոկոսից հասցրել են 2,8 տոկոսի», կայունացրել լարիի փոխարժեքը և «երեք տարում պետական պարտքը կտրուկ նվազեցրել՝ 60 տոկոսից հասցնելով 38 տոկոսի»։ Նա թվարկել է նաև մի շարք այլ նախաձեռնություններ։
Ղարիբաշվիլին նաև պնդել է, որ իր կառավարությունը կանխել է «հեղափոխության և պատերազմում ներգրավվելու իրական սպառնալիքները»։ Վերջին պնդումը հաճախ է օգտագործում իշխող կուսակցությունը՝ հայտարարելով, որ ստվերային ուժերը, որոնց այս համատեքստում սովորաբար անվանում են «Գլոբալ պատերազմի կուսակցություն», փորձում էին Վրաստանին ստիպել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել Ուկրաինա լայնածավալ ներխուժման ընթացքում։
«Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի առաջին իսկ օրերից, չնայած հսկայական ճնշմանը, մենք հաստատակամորեն և անզիջում պաշտպանեցինք մեր երկրի ազգային շահերը՝ խուսափելով ապակայունացումից և պատերազմի իրական վտանգից»,- պնդել է նա՝ հավելելով նաև, որ ինքը Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին միջնորդն է եղել։
«Գրանցած արդյունքներով և, ամենակարևորը, ժողովրդավարական մեթոդներով քաղաքականապես տապալեցինք ամբողջ արմատական ընդդիմությանը, ոչ մեկին խոսելու կամ ասելիք ունենալու հնարավորություն չթողեցինք»,- պնդել է Ղարիբաշվիլին։
«Դրանից գրեթե երեք տարի է անցել, և ուզում եմ ժողովրդին հարցնել՝ երկրում իրավիճակը բարելավվե՞լ է, թե՞ վատթարացել՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության առումով»։
Ղարիբաշվիլիի վերջին նամակին արձագանքել են իշխող կուսակցության մի քանի ներկայացուցիչներ։
«Վրացական երազանքի» պատգամավոր Լևան Մաճավարիանին ծաղրել է Ղարիբաշվիլիին՝ ասելով, որ նրա գրելու ոճը հիշեցնում է Սաակաշվիլիինը, և «հիասթափություն» է հայտնել, որ նախկին վարչապետը ձեռքբերումներն իրեն է վերագրել, ոչ թե «թիմի առաջնորդ պարոն Բիձինա Իվանիշվիլիին»՝ իշխող կուսակցության հիմնադրին, որը Ղարիբաշվիլիի պաշտոնավարման տարիներին պաշտոնապես «հեռացել էր» քաղաքականությունից։
«Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրկիցխալիան նույնպես քննադատել է Ղարիբաշվիլիին՝ «վրաց ժողովրդի առաջ խիստ չափազանցված արժանիքներ փառաբանելու» համար և նրան համեմատել Սաակաշվիլիի հետ, որը դատապարտվել էր իր կառավարման տարիներին ավելի քան 9 միլիոն լարի՝ 3,2 միլիոն դոլար, յուրացնելու համար։
«Միակ իսկապես հետաքրքիր բանը, որ կարող ես անել, նախկին քաղաքական թիմին և վրաց ժողովրդին պատասխանելն է՝ որտեղի՞ց ես կուտակել միլիոնավոր դոլարների անձնական ունեցվածք»,- ասել է Կիրկիցխալիան։
Ժամանակին «Վրացական երազանք» իշխող կուսակցության առանցքային դեմքերից մեկը՝ Ղարիբաշվիլին, երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 2013-2015-ին և 2021-2024-ին, ինչպես նաև 2019-2021-ին եղել է պաշտպանության նախարար։ 2024-ի հունվարի վերջին վարչապետի պաշտոնից հեռանալուց գրեթե անմիջապես հետո նա ընտրվել էր կուսակցության նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 2025-ի ապրիլին քաղաքականությունից ամբողջությամբ հեռանալը։
Ղարիբաշվիլիի պաշտոնավարման տարիներին աշխատած մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ հետաքննություններն ու ձերբակալությունները սկսվել են նույն տարվա ամռանը և ի վերջո հասել նաև Ղարիբաշվիլիին։ 2026-ի հունվարին, մեղքն ընդունելու մասին համաձայնագիր կնքելուց հետո, նա ավելի մեղմ պատիժ է ստացել։
Օգոստոսի 24-ին՝ ամիսներ շարունակ լռելուց և առաջին նամակները հրապարակելուց կարճ ժամանակ անց, Ղարիբաշվիլիին նոր կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել, որոնց համար նախատեսվում է 11-ից 15 տարվա ազատազրկում։












