Ղարիբաշվիլին բանտից վերջին նամակում «Վրացական երազանքին» մեղադրել է «Սաակաշվիլիի ճանապարհով գնալու» մեջ

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Լուսանկարը՝ sakartvelosambebi.ge-ից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանտից վերջին նամակում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որը ժամանակին ինքն էր ղեկավարում, մեղադրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «ճանապարհով գնալու» և երկիրը «շարունակական քաոսի ու ճգնաժամի» մեջ ներքաշելու մեջ։
Օգոստոսի կեսերից Ղարիբաշվիլին պարբերաբար նամակներ է հրապարակում, որոնցում նախկին գործընկերներին մեղադրում է իրեն շանտաժի ենթարկելու և իր չգործած կոռուպցիոն հանցագործությունները խոստովանել ստիպելու մեջ։
Նամակում նա իշխանություններին մեղադրել է Սաակաշվիլիի ճանապարհով գնալու մեջ։
«Դուք նույնիսկ ձեր սեփական ընտրողներին եք շփոթության մեջ գցել, մարդկանց ու ընտանիքներին դժբախտացրել և հասարակության մեջ ստեղծել հուսահատության, անկայունության ու անկանխատեսելի ապագայի հանդեպ վախի զգացում»,- գրել է նա։
«Դուք արդեն Սաակաշվիլիի ճանապարհով եք գնում և վերադարձնում «Միացյալ ազգային շարժման» կառավարման մեթոդները»։
«Վրացական երազանքը» բազմիցս Սաակաշվիլիին, որը նույնպես բանտում է, և նրա նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը կապել է ավտորիտար կառավարման հետ։
Ղարիբաշվիլին փողերի լվացման համար հինգ տարվա ազատազրկման պատիժ է կրում։ Աղմկահարույց գործի մասին հանրությունն առաջին անգամ իմացավ 2025-ի հոկտեմբերին՝ նրա քաղաքականությունից հեռանալուց ամիսներ անց, երբ խուզարկեցին նրա տունը։ Մեկ շաբաթից մի փոքր ավելի անց քննիչները հայտարարեցին, որ նա խոստովանել է հանցագործությունը։ 2026-ի հունվարին Ղարիբաշվիլին դատապարտվեց և դատավարական համաձայնագրի շրջանակում ավելի մեղմ պատիժ ստացավ, որը ենթադրում էր մեղքի ընդունում։
Նախորդ նամակներում Ղարիբաշվիլին պնդում է, որ ձերբակալության նպատակը իր «քաղաքական ոչնչացումն» էր։ Նա նաև հայտարարել է, որ որոշել էր դատարանում չպայքարել գործի դեմ, որպեսզի չվնասի, իր խոսքով, պետության և իշխող «Վրացական երազանք» կուսակցության «շահերին», ինչպես նաև կուսակցության միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ հարգանքից ելնելով։
Սակայն վերջին նամակում Ղարիբաշվիլին նշել է, որ նախկին հայտարարություններում միայն «մասամբ» էր բացատրել իր բանտարկության պատճառները և այժմ ցանկանում է «ավելի մանրամասն» խոսել դրանց մասին։
«Իմ ձերբակալության հիմնական նպատակն ու շարժառիթը եղել և մնում է ինձ քաղաքականապես չեզոքացնելը, ժողովրդի աչքում իմ անունն ու հեղինակությունը վնասելն ու վարկաբեկելը և, ի վերջո, իմ քաղաքական ապագան ոչնչացնելը»,- գրել է նա։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ պետությունը «խախտեց իր խոստումը», երբ «ներխուժեց իր տուն»՝ ըստ ամենայնի նկատի ունենալով 2025-ի հոկտեմբերին իր բնակարանի խուզարկությունը։ «Խոստման» մասին հիշատակումը, հավանաբար, վերաբերում է չհստակեցված պայմանավորվածության, հնարավոր է՝ քաղաքականությունից հեռանալուց հետո իրեն քրեական պատասխանատվության չենթարկելու մասին։
Ղարիբաշվիլիի պնդմամբ՝ իր տան խուզարկության օրը իրեն նամակ էին փոխանցել, որտեղ ասվում էր․ «Դու չես կարող մաքուր մնալ, պետք է մոռանաս քաղաքականության մասին»։
Նա պնդում է, որ իրեն խոստացել էին՝ դրա դիմաց բանտում չի հայտնվի և միայն պայմանական պատիժ ու տուգանք կստանա։
Սակայն, նրա խոսքով, 2026-ի հունվարի սկզբին, երբ արդեն համաձայնել էր պայմաններին, ընդունել մեղքը, գրավի դիմաց ազատ էր արձակվել և սպասում էր «խոստացված պայմաններով» դատավարական համաձայնագրին, իրեն տեղեկացրել են, որ պայմանները փոխվել են և ինքը «պետք է հինգ տարի բանտում անցկացնի»։
«Ինչպես արդեն բացատրել եմ հանրությանը իմ նամակներում, Բիձինա Իվանիշվիլիի հետ իմ 20-ամյա հարաբերությունների և նրա նկատմամբ վերաբերմունքիս պատճառով ես լուռ գնացի քաղաքական սպանդանոց ու հայտնվեցի բանտում, որովհետև չէի ցանկանում առճակատման գնալ։ Այդպես ես զոհաբերության գնացի և միաժամանակ պաշտպանեցի թիմն ու երկիրը»,- գրել է նա։
Թեև Ղարիբաշվիլին չի հստակեցրել, թե ով էր իրեն փոխանցել ենթադրյալ պայմանները, նախկին վարչապետի պատմածը հարցեր է առաջացնում այն թեմաների շուրջ, որոնց մասին իշխանության քննադատները վաղուց են խոսում՝ այդ թվում արդարադատության քաղաքականացված լինելը և որոշումների կամայականության վերաբերյալ մեղադրանքները։
Նամակի մնացած հատվածում Ղարիբաշվիլին ավելի մանրամասն խոսել է բանտում իր նկատմամբ շարունակվող ճնշումների մասին։
Նա պնդում է, որ փետրվարին «միջնորդի» միջոցով իրեն տեղեկացրել էին, թե իր ձերբակալությունն ավելի շատ վնասել է կառավարությանը, քան իր հեղինակությանը։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ այդ պատճառով հուլիսին իրեն առաջարկել են «նոր պայմաններ»՝ նկատի ունենալով իր ավելի վաղ պնդումը, որ իրեն ճնշել են նոր կոռուպցիոն մեղադրանքներ խոստովանելու համար։
«Ինձ վրա ճնշում էին գործադրում, որպեսզի խոստովանեմ նոր, կեղտոտ կոռուպցիոն մեղադրանք՝ մի կողմից իմ հեղինակությունը մեկընդմիշտ ոչնչացնելու, մյուս կողմից՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությունն ավելի նվազեցնելու համար»,- գրել է նա։
Ղարիբաշվիլին կրկին հայտարարել է, որ իր դեմ քրեական հետապնդումը «քաղաքական դրդապատճառներ ունի», իսկ իշխանությունների «կեղծ ու կեղտոտ քարոզչությունը» իր դեմ պայմանավորված է բացառապես վախով։
Օգոստոսի 24-ին՝ ամիսներ տևած լռությունը խախտելուց և առաջին նամակները հրապարակելուց կարճ ժամանակ անց, Ղարիբաշվիլիին նոր կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրվեցին, որոնցով նախատեսվում է 11-15 տարվա ազատազրկում։
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից հերքել են Ղարիբաշվիլիի պնդումները՝ նրան մեղադրելով գործը «արհեստականորեն քաղաքականացնելու» մեջ։
Ղարիբաշվիլին, որը ժամանակին իշխող «Վրացական երազանքի» առանցքային դեմքերից էր, երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 2013-2015-ին և 2021-2024-ին, իսկ 2019-2021-ին եղել է պաշտպանության նախարար։ 2024-ի հունվարի վերջին վարչապետի պաշտոնից հեռանալուց գրեթե անմիջապես հետո նա ընտրվեց կուսակցության նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2025-ի ապրիլը՝ քաղաքականությունից ամբողջությամբ հեռանալը։
Նրա պաշտոնավարման ժամանակաշրջանի մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ հետաքննություններն ու ձերբակալությունները սկսվեցին նույն տարվա ամռանը և ի վերջո հասան նաև Ղարիբաշվիլիին, որը 2026-ի հունվարին դատավարական համաձայնագրով մեղքն ընդունելուց հետո ավելի մեղմ պատիժ ստացավ։
Կազմակերպություն











