Գլխավոր Լրահոս

Վրաստան․ Մդինարաձեն չի մեկնաբանում Ղարիբաշվիլիի պնդումը, որ վերջինիս ստիպել է խոստովանել չարած հանցանք

Մամուկա Մդինարաձեն

Մամուկա Մդինարաձեն

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Տարածաշրջանային զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեն հրաժարվել է մեկնաբանել բանտարկված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պնդումները, թե հենց Մդինարաձեն է իրեն ճնշել՝ ստիպելով խոստովանել հանցանքներ, որոնք ինքը չի կատարել։

Մդինարաձեն հայտարարել է, որ չի քննարկի Ղարիբաշվիլիի դրդապատճառները՝ նշելով, որ անպատշաճ կլինի «հարձակվել» բանտում գտնվող մարդու վրա։ Նա հավելել է, որ ինքն ու «իշխանության մյուս ներկայացուցիչները» կոռուպցիայի դեմ այնքան անզիջում են պայքարել, որ պատրաստ են նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին։

Ավելի վաղ Ղարիբաշվիլին գրառում էր հրապարակել՝ պնդելով, որ նամակ է ստացել, որը գրվել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի «հանձնարարությամբ»։ Հաջորդ օրը նա հայտարարել էր, որ նամակի հեղինակը Մդինարաձեն է։ Նամակում Ղարիբաշվիլիին առաջարկվում է ընդունել իր չկատարած կոռուպցիոն հանցանքը՝ դրա դիմաց դատավարական համաձայնագիր և ավելի կարճ ազատազրկում ստանալու պայմանով։

Տե՛ս նաև՝ Ղարիբաշվիլիի պնդմամբ՝ Իվանիշվիլին իրեն ճնշել է՝ ստիպելով խոստովանել չկատարած հանցանքը

Ղարիբաշվիլին պնդում է, որ 2025-ին կառավարության սկսած, իր ձևակերպմամբ, «այսպես կոչված «կոռուպցիայի դեմ պայքարի»» արշավի նպատակը իրեն բանտարկելն ու «քաղաքականապես ոչնչացնելն» էր։

2026-ի հունվարին Ղարիբաշվիլին առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և տուգանվել 1 միլիոն լարիով (380 հազար դոլար)։

Օգոստոսի 19-ին Ղարիբաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ Մդինարաձեն ընդամենը «կատարող» է, և իր պաշտպանյալը շարունակելու է բանտից նամակներ հրապարակել։

Մդինարաձեն, որը իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչներից է, ներկայում Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարն է։ Հուլիսին նա ղեկավարում էր Իրավապահ մարմինների համակարգման պետնախարարությունը։ Շաբաթվա սկզբին հրապարակած հաջորդ գրառման մեջ Ղարիբաշվիլին ասել էր, որ Մդինարաձեին հայտնել է՝ մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն, և առաջարկել է իր տարբերակը՝ այդ հնարավորության վերաբերյալ մտահոգությունը վերացնելու համար։ Նախկին վարչապետը չի մանրամասնել, թե ինչ առաջարկի մասին է խոսքը։

«Բայց ի պատասխան ինձ ասացին, որ դեռ 1 տոկոս ռիսկ կա, որ ես կվերադառնամ քաղաքականություն, և դրա համար անհրաժեշտ է իմ դեմ կոռուպցիոն մեղադրանք առաջադրել, իսկ ես պետք է ընդունեմ այն»,- գրել է Ղարիբաշվիլին։

«Այսօրվանից իմ և ընտանիքիս անվտանգության ամբողջ պատասխանատվությունը կրում են Բիձինա Իվանիշվիլին և ամբողջ կառավարությունը»,- օգոստոսի 17-ին Facebook-ում գրել է Ղարիբաշվիլին։

Ճեպազրույցի ժամանակ նամակի մասին հարցին պատասխանելով՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չգիտի՝ ինչի մասին է խոսքը։

Նա նաև հավելել է, որ չի ցանկանում մեկնաբանել Ղարիբաշվիլիի պնդումները՝ մասամբ նաև այն պատճառով, որ վերջինս նախկինում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։

Ղարիբաշվիլիի նկատմամբ հետաքննությունը սկսվել է նրա վարչապետության տարիներին պաշտոն զբաղեցրած մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ քննությունների և ձերբակալությունների ֆոնին։ Սեպտեմբերին կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել էր պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։ Դրան նախորդել էին երկու նախկին փոխնախարարների ձերբակալությունները։

Դեկտեմբերի վերջին Գլխավոր դատախազությունը նաև հայտարարել էր Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի ձերբակալության մասին՝ կաշառքի մեղադրանքով։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ այդ ձերբակալությունները կոռուպցիայի դեմ պայքարի մաս են, նույնիսկ եթե գործը վերաբերում է ներկայիս կամ նախկին դաշնակցի։

Սակայն քննադատները, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կասկած են հայտնում, որ կառավարությունն իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ՝ փոխարենը ենթադրելով, որ տեղի ունեցողը կարող է իշխող կուսակցության ներսում իշխանության համար պայքարի մաս լինել։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում