Գլխավոր Լրահոս

Ղարիբաշվիլիի պնդմամբ՝ Իվանիշվիլին իրեն ճնշել է՝ ստիպելով խոստովանել չկատարած հանցանքը

Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի դատական նիստից հետո

Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի դատական նիստից հետո

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի բանտարկված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պնդել է, որ իրեն առաջարկել են խոստովանել մի հանցանք, որը չի կատարել՝ սպառնալով հակառակ դեպքում հնարավոր երկարաժամկետ ազատազրկմամբ։

Օգոստոսի 17-ին Ղարիբաշվիլին և նրա կինը՝ Նունուկա Թամազաշվիլին, հրապարակել են մի նամակի հատված, որը, նրանց խոսքով, ուղարկվել է Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ։

Նամակում անունը չնշված հեղինակը պնդում է, որ Ղարիբաշվիլիի դեմ կոռուպցիոն մի քանի գործ է նախապատրաստվում, և նրան առաջարկում է, իր ձևակերպմամբ, երկու տարբերակ՝ վիճարկել մեղադրանքները կամ համաձայնեցված դատավարական գործարքի շրջանակում ընդունել մեկ կամ մի քանի գործով մեղքը։

Նամակում նշվում է, որ երկրորդ տարբերակը ենթադրում է «խոստովանական ցուցմունքներ» և վկայական ցուցմունքների ստորագրում, իսկ համաձայնելու դեպքում Ղարիբաշվիլին կստանա առավելագույնը հինգ տարվա ազատազրկում։

Նամակում նաև ասվում է, որ հայտարարություն անելուց հետո Ղարիբաշվիլին չպետք է վերադառնա քաղաքականություն, իսկ հնարավոր կոռուպցիոն մեղադրանքները կծառայեն որպես «ապահովագրական մեխանիզմ»՝ դա կանխելու համար։

Գրառման մեջ խոստացվել էր նամակն ամբողջությամբ հրապարակել օգոստոսի 18-ին, սակայն հոդվածի հրապարակման պահին այն դեռ չէր հրապարակվել։

Եթե նամակն իսկական է, այն կարող է որոշ չափով լույս սփռել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ Ղարիբաշվիլիի կտրուկ խզման պատճառների վրա։

«Դիտո Չուբինիձեի և Իրմա Ինաշվիլիի նման «աջակիցները», ինչպես նաև սոցիալական ցանցերում կազմակերպված արշավները շատ լուրջ կասկածներ են առաջացրել և մեզ մեծ վնաս հասցրել»,- ասվում է նամակում։

Ինաշվիլին ծայրահեղ պահպանողական «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից է, իսկ Չուբինիձեն լրագրող է՝ պատմաբանի մասնագիտական անցյալով։

Նամակի հրապարակումից հետո Ինաշվիլին հայտարարել է, որ Ղարիբաշվիլին շարունակում է մնալ իր ընկերը։

«Ես երբեք ընկերներից չեմ հրաժարվում։ Այսինքն՝ նա այսօր էլ իմ ընկերն է։ Ես երբեք ընկերներիցս ոչ մեկին չեմ լքել և Ղարիբաշվիլիին էլ չեմ լքի։ Անձամբ Կոբախիձեին եմ բացահայտելու և նրա դեմ եմ պայքարելու»,- TV Pirveli-ին ասել է նա՝ նկատի ունենալով Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում փոխարինած Իրակլի Կոբախիձեին։

Ինաշվիլին դեռ 2025-ի հոկտեմբերին պնդել էր, որ Իվանիշվիլին կարծում է՝ Ղարիբաշվիլին ԱՄՆ-ին տեղեկություններ է փոխանցել իր մասին, այդ թվում՝ իր «ֆինանսական, առևտրային և քաղաքական գաղտնիքները»։

Նա նաև պնդել էր, որ Կոբախիձեն Իվանիշվիլիին համոզել է, թե տեղեկություններ են արտահոսում Պետական անվտանգության ծառայությունից՝ դրա նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի օրոք, որը ներկայում ևս բանտարկված է։

«Այս նամակն ինձ ուղարկվել է Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ։ Ես փորձել եմ և արել եմ ամեն ինչ, որպեսզի այս քայլին չդիմեմ, բայց, ցավոք, նրանք ինձ այլ ընտրություն չթողեցին, քան դիմակայել այս անպատվաբեր չարիքին»,- գրել է Ղարիբաշվիլին։

Նա հավելել է, որ երեքշաբթի ավելի երկար հայտարարություն կհրապարակի և նշել, որ «իր և ընտանիքի անվտանգության ամբողջ պատասխանատվությունը կրում են Բիձինա Իվանիշվիլին և ամբողջ կառավարությունը»։

Հոդվածի հրապարակման պահին Ղարիբաշվիլին դեռ չէր հրապարակել այդ հայտարարությունը։

Կոբախիձե. Ղարիբաշվիլիի պնդումները իրավապահների հարցն են

Օգոստոսի 17-ի ճեպազրույցում, պատասխանելով նամակի մասին հարցին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չգիտի՝ ինչի մասին է խոսքը։

«Մի բան գիտեմ՝ կոնկրետ դատավճիռ է կայացվել։ Մնացածն ամբողջությամբ իրավապահ մարմինների գործն է»,- ասել է Կոբախիձեն։

Նա հավելել է, որ չի ցանկանում մեկնաբանել Ղարիբաշվիլիի պնդումները՝ նաև այն պատճառով, որ վերջինս նախկինում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։

«Կասեի՝ սա շատ խնդրահարույց հայտարարություն է։ Ոչ թե մեզ համար, այլ հենց իր։ Ավելին չեմ մեկնաբանի»,- ասել է Կոբախիձեն։

TV Pirveli-ի հարցին՝ նամակի հրապարակումից հետո արդյոք խոսե՞լ է Իվանիշվիլիի հետ, Կոբախիձեն պատասխանել է, որ նրանք կիրակի շփվել են, սակայն այդ հարցը չեն քննարկել։

«Մենք այս հարցն ըստ էության չենք քննարկել։ Երեկ տարբեր հարցերի շուրջ շփում ունեցել ենք։ Չգիտեմ՝ դա նամակի հրապարակումից հետո էր, թե առաջ։ Ամեն դեպքում, այս հարցը չենք քննարկել»,- ասել է նա։

2026-ի հունվարին Ղարիբաշվիլին պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով փողերի լվացման մեղադրանքով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և տուգանվել 1 միլիոն լարիով (380 հազար դոլար)։ Այդ հանցանքի համար նախատեսված է 9-12 տարվա ազատազրկում։ Սակայն Ղարիբաշվիլին դատավարական համաձայնագիր է կնքել և ընդունել մեղքը, ինչի արդյունքում պատժաչափը կրճատվել է մինչև հինգ տարի։

Օգոստոսի սկզբին Ղարիբաշվիլին հոսպիտալացվել էր։ Նրա փաստաբան Միխեիլ Շաքուլաշվիլին ավելի ուշ հայտարարել էր, որ այցը սովորական բժշկական հետազոտության համար էր, և «խուճապի պատճառ չկա»։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում