Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի բանտարկված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրապարակել է իր վեցերորդ նամակը բանտից, որում քննադատել և ծաղրել է իշխող կուսակցության ու իշխանամետ շրջանակների արձագանքները իր նախորդ նամակներին՝ իր դեմ հնչող մեղադրանքներն անվանելով «ծիծաղելի և թույլ քարոզչական հնարք»։
«Կառավարության խուճապային արձագանքն ու բացարձակ անհամարժեք վարքագիծը ամբողջությամբ բացահայտեցին համակարգը։ Հասարակությունը ականատես եղավ իշխանությունների բեմադրած ևս մեկ ծիծաղելի, բայց միաժամանակ զզվելի և ողբերգական ֆարսի»,- գրել է նա սեպտեմբերի 8-ին հրապարակած հայտարարությունում։
Ղարիբաշվիլիի վերջին հայտարարությունները հաջորդում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դրա հետ կապվող շրջանակների քննադատություններին ու մեղադրանքներին՝ ի պատասխան նրա նախորդ նամակի, որտեղ նա հարցեր էր բարձրացրել ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ ինքնասպանությունների վերաբերյալ։ Ղարիբաշվիլին առանձնացրել էր Լազարե Ջորբենաձեի գործը, որը, քննիչների տվյալներով, ապրիլին ինքնասպան է եղել։ Նա հարցականի տակ էր դրել Ջորբենաձեի մահվան «իրական պատճառները»՝ ընդգծելով, որ նա մահից առաջ քննադատել էր Կոբախիձեին։
Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունը Ջորբենաձեի գործի վերաբերյալ հարցաքննել է Ղարիբաշվիլիին, ինչպես նաև նրա խոսքերը մեկնաբանած մի շարք հանրային գործիչների, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների։
Չորեքշաբթի հրապարակած հայտարարությունում Ղարիբաշվիլին այդ հարցաքննություններն անվանել է «աբսուրդային»՝ պնդելով, որ դրանց նպատակը ոչ թե կոնկրետ հարցերի պատասխաններ գտնելն էր, այլ իրեն, իր ձևակերպմամբ, «արմատական ընդդիմության»՝ այդ թվում նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ կապելը։
Նա նաև ծաղրել է իշխանամետ լրատվամիջոցների տարածած պնդումները, թե պաշտոնավարման տարիներին գործել է Ֆրանսիայի շահերից ելնելով։
«Իմ «բախտը բերել է», որ այլ օտար լեզուների չեմ տիրապետում, հակառակ դեպքում, հավանաբար, ինձ նաև այլ երկրների «գործակալ» կհռչակեին»,- ասել է նա՝ հավելելով․ «Դադարեցրեք իմ դեմ այս կեղտոտ քաղաքական խաղը [...] Մարդիկ շատ լավ գիտեն, որ ես չեմ ծառայում ո՛չ Արևմուտքին, ո՛չ Արևելքին, ո՛չ Հյուսիսին, ո՛չ Հարավին։ Ես ծառայում եմ Վրաստանին»։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ վերջին օրերին նա բազմաթիվ «անդեմ» մարդկանցից «անարժան» հայտարարություններ է լսել, որոնց պատասխանելու արժանի չի համարում։ Միակ անձը, ում նա պատասխանել է, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին է, որը նախկինում ասել էր, թե Ղարիբաշվիլին փորձում է «իրավական գործընթացը»՝ իր դեմ քրեական մեղադրանքները, ներկայացնել որպես քաղաքական հարց։
«Շալվա, սա իրավական գործընթաց չէ, սա անողոք քաղաքական հետապնդում է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլին, որը ժամանակին իշխող «Վրացական երազանքի» ամենաազդեցիկ դեմքերից էր, երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 2013-2015-ին և 2021-2024-ին, իսկ 2019-2021-ին Պաշտպանության նախարարն էր։ 2024-ի հունվարի վերջին վարչապետի պաշտոնից հեռանալուց գրեթե անմիջապես հետո նա ընտրվեց կուսակցության նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2025-ի ապրիլին քաղաքականությունից ամբողջությամբ հեռանալը։
Նրա պաշտոնավարման տարիներին աշխատած մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ հետաքննություններն ու ձերբակալությունները սկսվեցին նույն տարվա ամռանը և ի վերջո հասան նաև Ղարիբաշվիլիին։ 2026-ի հունվարին նա դատավարական համաձայնագրով ընդունեց մեղքը և ավելի մեղմ պատիժ ստացավ։
Օգոստոսին Ղարիբաշվիլին ամիսներ տևած լռությունից հետո մի շարք նամակներ հրապարակեց, որոնցում պնդում էր, որ «Վրացական երազանքի» միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կազմակերպել է իր նկատմամբ ճնշումը՝ ստիպելով ընդունել մեղքը, իսկ իշխանությունները նաև սպառնացել են ձերբակալել իր հորը։
Օգոստոսի 24-ին՝ «Վրացական երազանքին» քննադատող նամակների հրապարակումից հետո, Ղարիբաշվիլիին նոր կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրվեցին, որոնցով նախատեսված է 11-15 տարվա ազատազրկում։
Տե՛ս նաև՝ Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիին կուսակցությանը քննադատելուց հետո նոր մեղադրանք է առաջադրվել
Ղարիբաշվիլին իր նամակներում կոշտ քննադատում է նաև իշխող կուսակցության արդեն նախկին առաջատար դեմքերից Մամուկա Մդինարաձեին։
Մդինարաձեն մի քանի անգամ զբաղեցրել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարել Պետական անվտանգության ծառայությունը։ Վերջին շրջանում նա փոխվարչապետ էր և միաժամանակ զբաղեցնում էր Տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։
Օգոստոսի 19-ի հայտարարությունում Ղարիբաշվիլին Մդինարաձեին մեղադրել էր իրեն հանցանքը խոստովանելու համար ճնշելու գործընթացին մասնակցելու մեջ։ Մդինարաձեն հերքել է մեղադրանքները, սակայն մեկ շաբաթ անց հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին՝ առանց պատճառ նշելու։
Տե՛ս նաև՝ «Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հեռանում է քաղաքականությունից












