Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Բանտից ուղարկած իր վերջին նամակում Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պնդում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության իր գործընկերները երկու անգամ ակնարկել են իր հոր հնարավոր ձերբակալության մասին։ Նա նաև կուսակցությանը մեղադրում է իր դեմ «անազնիվ և զրպարտիչ արշավ» կազմակերպելու մեջ։
Սա բանտից Ղարիբաշվիլիի հրապարակած նամակների շարքից վերջինն է։ Առաջին նամակում նա պնդում էր, որ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ իրեն ճնշել են՝ ստիպելով խոստովանել կոռուպցիոն հանցանք, որը չի կատարել։
Տե՛ս նաև՝ Ղարիբաշվիլիի պնդմամբ՝ Իվանիշվիլին իրեն ճնշել է՝ ստիպելով խոստովանել չկատարած հանցանքը
Երկրորդ նամակում պնդում էր, որ այդ պահանջներն իրեն փոխանցել է Տարածաշրջանային զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեն։
Մդինարաձեն իր հերթին Ղարիբաշվիլիին մեղադրել է կեղծ պնդումներ անելու մեջ և հայտարարել, որ չի հարձակվի բանտարկված նախկին վարչապետի վրա՝ հաշվի առնելով նրա վիճակը։ Նա նաև ասել է, որ ինքն ու կառավարության մյուս ներկայացուցիչները պայքարել են կոռուպցիայի դեմ և պատրաստ են իրենց հասցեին հնչող մեղադրանքներին։
«Լսել եմ կառավարության ներկայացուցիչների մեկնաբանությունները, նրանց փորձագետների կեղծ և զրպարտիչ հայտարարությունները։ Հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում տեսնում եմ անզուսպ քարոզչությունը»,- օգոստոսի 20-ին գրել էր Ղարիբաշվիլին։
Այնուհետև նա ուղղակիորեն Մդինարաձեին մեղադրել էր ստելու մեջ՝ գրելով․ «Եթե նա չի ցանկանում վնասել անմեղ մարդկանց, թող դադարեցնի ստեր տարածել և ամբողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա»։
Տե՛ս նաև՝ Մդինարաձեն չի մեկնաբանում Ղարիբաշվիլիի պնդումը, որ վերջինիս ստիպել է խոստովանել չարած հանցանք
Նամակում Ղարիբաշվիլին նաև ուղղակիորեն դիմում էր կառավարությանը՝ մեղադրելով իրեն, իր ձևակերպմամբ, «կեղտոտ սադրանքի» և «անմարդկային թակարդի» մեջ գցելու համար։
Նրա պնդմամբ՝ իշխանությունները խուզարկել են իր ընտանիքի անդամների տները և ասել, որ երկար տարիներ Իվանիշվիլիի հետ ունեցած հարաբերությունների պատճառով լռել է։
«Այս սարսափելի ցավն ու ողբերգությունը համբերությամբ և լռությամբ կրել եմ իմ ներսում՝ Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած 20-ամյա հարաբերությունների պատճառով»,- գրել է Ղարիբաշվիլին։
Նա նաև նշել է, որ այդ ամենին դիմացել է իր «քաղաքական ընտանիքի», թիմի և երկրի նկատմամբ ունեցած, իր բնորոշմամբ, հավատարմության պատճառով։ Ըստ նրա՝ «Վրացական երազանքի» ներսում որոշակի խումբ իր դեմ է դուրս եկել «նախանձի, վախերի և կասկածների» պատճառով։
Այնուհետև նա կրկին անդրադարձել է ավելի վաղ հնչեցրած պնդմանը, թե իրեն ստիպել են խոստովանել կոռուպցիոն հանցանք։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ բանտում իրեն են մոտեցել և պահանջել ընդունել կոռուպցիոն մեղադրանքը, որպեսզի վերացվի քաղաքականություն վերադառնալու, իր ձևակերպմամբ, «մեկ տոկոս ռիսկը»։
Նա հայտարարել է, որ այդ ճնշումն ուղեկցվել է «անբարոյական շանտաժով» և պնդել, որ իշխանությունները կրկին ակնարկել են հոր ձերբակալության մասին։
Ղարիբաշվիլին չի մանրամասնել ենթադրյալ սպառնալիքը և չի նշել, թե ով է այն հնչեցրել։
Նա նաև իշխանություններին մեղադրել է իրեն Վրաստանին, «Վրացական երազանքին» և Իվանիշվիլիին դավաճանած մարդ ներկայացնելու փորձերի մեջ։
Ղարիբաշվիլիին նաև զգուշացրել է կառավարության պաշտոնյաներին և նրանց աջակիցներին «զգույշ լինել»՝ հայտարարելով, որ նրանք ի վերջո կզղջան իր հասցեին ասված խոսքերի համար։
Նամակի վերջում Ղարիբաշվիլին կրկին նշում է, որ չի ձգտում կառավարության հետ առճակատման գնալ։
«Ես ոչ մեկի դեմ չեմ պայքարում և ոչ մեկի հետ չեմ կռվում։ Ես պարզապես պաշտպանում եմ ինձ և ընտանիքիս»,- գրել է նա։
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները հերքել են Ղարիբաշվիլիի նախորդ պնդումները կամ հրաժարվել դրանք մեկնաբանելուց։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Ղարիբաշվիլիի պնդումներն իրավապահ մարմինների հարցն են՝ հավելելով, որ նրա գործով արդեն դատավճիռ կա։ Կոբախիձեն նաև Ղարիբաշվիլիի նախորդ հայտարարությունն անվանել էր «շատ խնդրահարույց», սակայն հրաժարվել էր լրացուցիչ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ Ղարիբաշվիլին նախկինում վարչապետ է եղել։
2026-ի հունվարին Ղարիբաշվիլին առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքով դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման և տուգանվել 1 միլիոն լարիով (380 հազար դոլար)։ Այդ հանցանքի համար նախատեսված է 9-12 տարվա ազատազրկում։ Սակայն Ղարիբաշվիլին դատավարական համաձայնագիր էր կնքել և ընդունել մեղքը, ինչի արդյունքում պատժաչափը կրճատվել էր մինչև հինգ տարի։
Ղարիբաշվիլիի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր նրա վարչապետության տարիներին պաշտոն զբաղեցրած մի շարք նախկին պաշտոնյաների դեմ քննությունների և ձերբակալությունների ֆոնին։ Սեպտեմբերին կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել էր պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ինչին նախորդել էին երկու նախկին փոխնախարարների ձերբակալությունները։
Դեկտեմբերի վերջին Գլխավոր դատախազությունը նաև հայտարարել էր Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի ձերբակալության մասին՝ կաշառքի մեղադրանքով։












