Գլխավոր Լրահոս

Հյուսիսային Օսիայի ներկայացուցիչ Մարատ Կամբոլովը նշանակվել է Հարավային Օսիայի վարչապետ

Մարատ Կամբոլովը

Մարատ Կամբոլովը

Լուսանկարը՝ TASS-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հյուսիսօս պաշտոնյա Մարատ Կամբոլովը նախագահի հրամանագրով նշանակվել է Հարավային Օսիայի վարչապետ։ Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 16-ին, երբ խորհրդարանը միաձայն հաստատեց նրա թեկնածությունը։

«Վստահ եմ, որ Մարատ Արկադևիչի փորձը, գիտելիքներն ու մասնագիտական որակները կապահովեն հանրապետության կառավարության արդյունավետ աշխատանքը և առջև ծառացած խնդիրների հաջող իրականացումը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացիոն գործընթացների և ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը», - խորհրդարանի նիստում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը։

Տե՛ս նաև՝ Հարավային Օսիայի վարչապետը հրաժարական է տվել. նրան կարող է փոխարինել Ռուսաստանից եկած պաշտոնյան

Խորհրդարանականների առջև ելույթ ունենալով՝ Կամբոլովը նշել է, որ կառավարության աշխատանքը հիմնված կլինի մարդակենտրոն մոտեցման վրա։

Նա հանրապետության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերը համարել է ժողովրդագրական իրավիճակը։ Կամբոլովը ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց՝ վերջին 30 տարվա ընթացքում հանրապետության պաշտոնական բնակչությունը 100 հազարից նվազել է մինչև 50 հազարից փոքր-ինչ ավելի։

«Առանց մարդկանց տնտեսությունը չի աշխատում, առանց երեխաների դպրոցները պետք չեն, իսկ առանց բնակիչների գյուղերը վերանում են», - ասել է Կամբոլովը։

Նա կրթությունն անվանել է «անվերապահ առաջնահերթություն»՝ նշելով, որ հենց այդ ոլորտում է ձևավորվում երկրի ապագան։ Կամբոլովը նաև հայտարարել է առողջապահության զարգացման նոր ռազմավարություն մշակելու մտադրության մասին՝ ներգրավելով Ռուսաստանում և արտերկրի առաջատար կլինիկաներում աշխատող փորձառու օս բժիշկների։

Նա խոսել է նաև տնտեսության զարգացման ծրագրերի մասին, որոնց առանցքում պետք է լինեն գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, փոքր բիզնեսը, թվային տնտեսությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։

Կամբոլովը հայտարարել է, որ աշխատելու է ռուս-հարավօսական սահմանին գործող ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ՝ բնակիչների համար «տեղաշարժի ազատություն» ապահովելու նպատակով։

Իր ելույթում նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև վերջերս Ռուսաստանի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրին։

Կամբոլովի թեկնածությունն առաջադրվել էր նախկին վարչապետ Ջամբոլատ Տադտաևի հրաժարականից հետո։ Մինչև նոր կառավարության ձևավորումը վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր առաջին փոխվարչապետ Կոնստանտին Ջիոևը։

Կամբոլովի նշանակման հարցը, սակայն, Հարավային Օսիայում քննարկումների թեմա էր դարձել դեռ հունիսի սկզբից։ Հունիսի 8-ին Գագլոևը նրա թեկնածությունը ներկայացրել էր խորհրդարան՝ հայտարարելով, որ սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ խնդիրների իրականացման և Ռուսաստանի հետ ինտեգրացիոն ծրագրերի համակարգման համար անհրաժեշտ է ձևավորել նոր կառավարություն։

2026-ի մայիսի վերջին Կամբոլովը նշանակվել էր Գագլոևի պետական խորհրդական։ Այդ ժամանակ The Moscow Times-ը գրել էր, որ նա պետք է վերահսկի «Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև ինտեգրացիոն համաձայնագրի իրականացումը»։

Համաձայնագիրը ձեռք էր բերվել մայիսի կեսերին Մոսկվայում՝ Ալան Գագլոևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։ Այն նախատեսում է առևտրատնտեսական համագործակցության խորացում։ Գագլոևն այդ ժամանակ հայտարարել էր, որ համաձայնագիրը «նշանավորելու է օս ժողովրդի վերամիավորման սկիզբը»։

Համաձայնագիրը, ըստ ամենայնի, նաև հնարավորություն է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին զբաղեցնել պաշտոններ Հարավային Օսիայում։ Քննադատների կարծիքով՝ հենց դա է ճանապարհ հարթել Կամբոլովի առաջադրման համար։

Միևնույն ժամանակ, Հարավային Օսիայի Սահմանադրությունը դեռ պահանջում է, որ վարչապետի թեկնածուն առնվազն 10 տարի անընդմեջ բնակված լինի Հարավային Օսիայում, ինչը Կամբոլովի դեպքում չի պահպանվել։ Առայժմ հայտնի չէ՝ ապագայում այդ դրույթը կփոփոխվի, թե ոչ։

Կամբոլովը ռուսաստանցի պետական գործիչ է, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել դաշնային կառույցներում։ Տարբեր տարիների նա աշխատել է Ազգությունների և դաշնային հարաբերությունների նախարարությունում, ինչպես նաև Գիտության և նորարարությունների դաշնային գործակալությունում։ 2021-2025-ին ղեկավարել է Ազգային հետազոտական կենտրոնը, որը հայտնի է նաև որպես Կուրչատովի ինստիտուտ։

Հարավային Օսիայի օրենսդրության համաձայն՝ վարչապետի նշանակման ընթացակարգը ստանդարտ է․ թեկնածուին առաջադրում է նախագահը, իսկ հաստատում է խորհրդարանը։ Դրանից հետո վարչապետը ձևավորում է կառավարության կազմը և ներկայացնում հաստատման։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում