Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Հյուսիսային Օսիայից MMA-ի նախկին մարզիչ Գենադի Կաձովը պայմանագիր է կնքել Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը մասնակցելու համար։ Նա այդ հնարավորությունը ստացել է, չնայած քննվում էր իր մոտ մարզվող 10 դեռահասների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների գործով։
64-ամյա Կաձովը Հյուսիսային Օսիայի կարատեի ֆեդերացիայի նախկին նախագահն է և Վլադիկավկազում գործող Ars MMA ակումբի հիմնադիրը։ Նրան ձերբակալել էին 2026-ի ապրիլին՝ 14-18 տարեկան առնվազն չորս աղջիկների բողոքներից հետո։
Կաձովի ազատ արձակման մասին առաջինը նոյեմբերի 19-ին հայտնել է Svoboda (ne) za gorami («Ազատությունը հեռու չէ») նախագիծը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նախագծի տվյալներով՝ Կաձովին ոտնձգությունների մեջ մեղադրած աղջիկների ծնողները հոկտեմբերին իմացել են, որ նա այլևս քննչական մեկուսարանում չէ։ Այդ ժամանակ նրանք չգիտեին, թե որտեղ է մարզիչը։ Ավելի ուշ նախագծի աղբյուրը հաստատել է, որ Կաձովը մեկնել է ռազմաճակատ՝ չսպասելով քննության ավարտին կամ դատավարությանը։
Երբ ապրիլին Կաձովին ձերբակալել էին, մի քանի աղջիկներ պատմել էին, որ նա խմբային մարզումները նշանակում էր վաղ առավոտյան, սակայն երբ նրանք հասնում էին մարզասրահ, մյուս մարզվողները տեղում չէին լինում։ Ըստ նրանց՝ աղջիկների հետ մենակ մնալով՝ Կաձովը խոսում էր ինտիմ թեմաներից և անպատշաճ կերպով դիպչում նրանց։ Նրանք նաև մեղադրել են մարզչին սպառնալիքների մեջ։ Աղջիկների խոսքով՝ Կաձովն ասել է, որ եթե նրանք պատմեն կատարվածի մասին, տեղական առցանց խմբերում գրառումներ կհրապարակի՝ նրանց «պոռնիկներ» անվանելով։
Կաձովի ձերբակալությունից հետո ակումբի սաների որոշ ծնողներ հանդես են եկել նրա պաշտպանությամբ։ Նրանք տեսաուղերձ են ձայնագրել, որտեղ մեղադրանքները զրպարտություն են անվանել և վստահություն հայտնել մարզչին։ Ծնողները հայտարարել են, որ իրավիճակին ծանոթ են «ներսից» և պահանջել են քննության ընթացքում հաշվի առնել նաև իրենց դիրքորոշումը՝ միաժամանակ կոչ անելով հապճեպ եզրակացություններ չանել։
Նրանց խոսքով՝ լիովին վստահում են մարզչին, քանի որ իրենց երեխաները տարիներ շարունակ մարզվել են ակումբում, և իրենք երբեք նման դեպքերի ականատես չեն եղել։
Svoboda (ne) za gorami-ի վկայակոչած Քննչական կոմիտեի ծանուցման համաձայն՝ Կաձովին մեղադրանք է առաջադրվել անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների 10 դրվագով։ Դրանցից յոթը վերաբերում են 14-15 տարեկան աղջիկների, իսկ մյուս երեքը՝ 12-13 տարեկան սաների։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեկ դրվագով։
Կաձովը հերքել է մեղադրանքները և հրաժարվել ցուցմունք տալուց ու պոլիգրաֆով ստուգում անցնելուց։
Բողոք ներկայացրած աղջիկներից առնվազն մեկը, սակայն, նման ստուգում է անցել։ Այն անցկացրած մասնագետի եզրակացությամբ՝ աղջիկը մարզչի գործողությունների մասին պատմելիս չի խեղաթյուրել իրողությունները։
Սա առաջին դեպքը չէ, երբ Հյուսիսային Կովկասից մարդիկ քննության ընթացքում կամ հանցագործության համար դատապարտվելուց հետո մեկնում են Ուկրաինայում կռվելու։
2025-ի փետրվարին Չեչնիայի Բաչի-Յուրտ գյուղից 46-ամյա Ռուսլան Ումաևը մեկնել էր Ուկրաինայում կռվելու, երբ մեղադրվում էր իր 22-ամյա հարսի՝ Քրիստինա Կոկովայի սպանության մեջ։ Ըստ հաղորդումների՝ նա խոստովանել էր, որ քնած ժամանակ խեղդամահ է արել Կոկովային, ապա փորձել այրել նրա մարմինը։ Որպես դրդապատճառ նա նշել էր Կոկովայի «անբարոյական վարքը»։ Կոկովայի մայրը դատարանին խնդրել էր թույլ չտալ Ումաևին ուղարկել ռազմաճակատ։
Նալչիկից 24-ամյա Ռուստամ Նոգմովը, որը նախկինում արդեն կռվել էր Ուկրաինայում, ռազմաճակատից վերադառնալուց հետո մեղադրվել է 86-ամյա Նինա Սելեզնյովայի սպանության մեջ։ Քննիչների տվյալներով՝ 2025-ի հունվարի 30-ին նա ծեծելով սպանել է կնոջը, ապա անարգել նրա մարմինը։ 2026-ի փետրվարին Կաբարդինո-Բալկարիայի Գերագույն դատարանը Նոգմովին դատապարտել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Սակայն դատավճռից հետո Նոգմովը նոր պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ և կրկին մեկնել Ուկրաինայում կռվելու։












