Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքը» քննադատած միտրոպոլիտը, ըստ հաղորդումների, դարձել է համակարգված սոցցանցային արշավի թիրախ

Միտրոպոլիտ Իոբ Աքիաշվիլին

Միտրոպոլիտ Իոբ Աքիաշվիլին

OC Media-ին տրամադրված լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ըստ ամենայնի, սոցիալական ցանցերում համակարգված արշավ է սկսվել՝ ի պաշտպանություն իշխող «Վրացական երազանք» կուսակցության, այն բանից հետո, երբ վրացի միտրոպոլիտ Իոբ Աքիաշվիլին հրապարակայնորեն քննադատել է իշխանություններին։

Թբիլիսիում գործող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» դիտորդական կազմակերպությունը՝ ISFED-ը, պարզել է, որ կարճ ժամանակահատվածում մի շարք էջեր տարածել են հոգևորականի դեմ ուղղված նույնական կամ նմանատիպ գրառումներ։

Նոյեմբերի 10-ի քարոզի ժամանակ Աքիաշվիլին քննադատել էր իշխող կուսակցությանը՝ ասելով, որ «Վրացական երազանքը» սպառել է իր ներուժը, և հասարակությունն ապագայում պիտի ավելի լավ իշխանություն ընտրի, ինչպես դա տեղի է ունենում այլ երկրներում։ Նա կառավարությանն անվանել էր նաև «անհավատ և անկրոն» ու մեղադրել աշխարհիկ իշխանությունն ու Եկեղեցին միավորելու փորձի մեջ։

Իշխանությունների ներկայացուցիչները հիմնականում սահմանափակվել էին Աքիաշվիլիի հայտարարությունների առնչությամբ ափսոսանք հայտնելով, իսկ ոմանք ավելի կոշտ էին արձագանքել։ Կառավարության նախկին պաշտոնյա, այժմ իշխող կուսակցության ակտիվ աջակից Լաշա Նացվլիշվիլին հրապարակայնորեն հայհոյել էր Աքիաշվիլիին, ինչի համար դատարանը նրան տուգանել էր 2 500 լարիով՝ մոտ 1 000 դոլար։

ISFED-ի բնորոշմամբ, սոցիալական ցանցերում ակտիվացել էր «Վրացական երազանքի քարոզչական էկոհամակարգը»։ Կարճ ժամանակահատվածում բազմաթիվ էջերում հայտնվել էին միտրոպոլիտի դեմ ուղղված նույն քննադատական մեջբերումները։

Զեկույցի համաձայն՝ իշխանամետ հեռուստաընկերությունները, լրատվական գործակալությունները և Facebook-ի այլ էջեր հիմնականում տարածել են «Վրացական երազանքին» հավատարիմ գործիչների մեկնաբանությունները, որոնց իշխանամետ լրատվամիջոցները ներկայացնում են որպես վերլուծաբաններ և պարբերաբար մեջբերում իրենց հարթակներում։

ISFED-ի տվյալներով՝ նոյեմբերի 11-ին Facebook-ի 15 էջ 10:16-ից 12:50-ը տարածել է իշխանամետ մեկնաբան Գիա Աբաշիձեի՝ Աքիաշվիլիի հայտարարությունները մերժող մեջբերումը։ Երեք էջ այն հրապարակել են միաժամանակ՝ 10:16-ին, իսկ հաջորդ 12 րոպեների ընթացքում նույնը արել է ևս հինգ էջ։

Զեկույցում ուշադրություն է դարձվել նաև վճարովի գովազդի օգտագործմանը։ ISFED-ի տվյալներով՝ նոյեմբերի 17-ի դրությամբ Meta-ի Ad Library-ում գրանցված էր Աքիաշվիլիին վերաբերող գրառումներ տարածող 20 գովազդ, որոնք ֆինանսավորվել էին «արշավին» մասնակցող Facebook-ի հինգ էջերի կողմից։

Դիտորդական կազմակերպությունը նաև նշել է, որ գովազդային էջերից երկուսը՝ Ustari-ն և Fact-ը, կապված էին Վրաստանի խոշոր իշխանամետ Imedi հեռուստաընկերությանն առնչվող անձանց հետ։

Որոշ դեպքերում ակնհայտ փորձեր են եղել Աքիաշվիլիին կապելու նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ։ Facebook-ի անանուն Zeroed Opposition էջը, որը պարբերաբար փորձում է վարկաբեկել իշխանության ընդդիմախոսներին, Աքիաշվիլիին անվանել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «անձնական քահանա» և «Եկեղեցու թշնամի»։ Այդ էջը նույնպես վճարել էր Աքիաշվիլիին վերաբերող գրառումների առաջխաղացման համար։

OC Media-ն մեկնաբանության համար դիմել է երեք էջերին, սակայն մինչև նյութի հրապարակումը պատասխան չի ստացել։

Վրաց ուղղափառ եկեղեցին, որը երկրի ամենաազդեցիկ հաստատություններից է, սերտ կապեր է ունի «Վրացական երազանքի» իշխանության հետ։ Երկուսն էլ հաճախ համընկնող դիրքորոշումներ են արտահայտում պահպանողական սոցիալական հարցերի շուրջ։ Եկեղեցին նաև զգալի պետական ֆինանսավորում է ստանում և հատուկ կարգավիճակ ունի պետության հետ 2002-ին կնքված սահմանադրական համաձայնագրով։

Այնուամենայնիվ, հարաբերություններն առանց լարվածության չեն եղել։ Մի շարք բարձրաստիճան հոգևորականներ մտահոգություն էին հայտնել «Վրացական երազանքի»՝ 2024-ին ուղղափառ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջարկի վերաբերյալ՝ պնդելով, որ դա կարող է խաթարել Եկեղեցու անկախությունը։

Աքիաշվիլիին իշխանություններին ուղղված քննադատության մեջ միացել է առնվազն ևս մեկ միտրոպոլիտ։ Մեստիայի և Վերին Սվանեթիի միտրոպոլիտ Իլարիոն Կիթիաշվիլին իշխող պաշտոնյաներին մեղադրել է ազգային շահերը չպաշտպանելու մեջ և մտահոգություն հայտնել հոգևորականների նկատմամբ վերահսկողության, միգրացիայի, ինչպես նաև մոլախաղերի և թմրանյութերի օգտագործման տարածման վերաբերյալ։

Տե՛ս նաև՝ «Ազգի փրկությունը վտանգված է»․ վրաց եկեղեցու ներսում իշխող կուսակցության քննադատությունն ուժեղանում է

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում