Գլխավոր Լրահոս

Վրացի ակտիվիստը պահանջում է հետաքննել իրեն թմրավաճառ ներկայացնող ԱԲ-ով ստեղծված արշավը

Թորնիկե Ռազմաձեն

Թորնիկե Ռազմաձեն

Կադրը՝ TV Pirveli-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հակաիշխանական ակտիվիստ Թորնիկե Ռազմաձեն հայտարարել է, որ սոցիալական ցանցերում իր դեմ «հարձակում» է իրականացվում՝ իրեն որպես թմրավաճառ ներկայացնելու և վարկաբեկելու նպատակով։ Նրա խոսքով՝ արշավում օգտագործվում են նաև ԱԲ-ով ստեղծված տեսանյութեր, իսկ դրա հետևում կանգնած են իշխանությունները։

Ռազմաձեն նոյեմբերի 21-ին առաջին անգամ հայտնել էր, որ սոցիալական ցանցերում տարածվում է ԱԲ-ով ստեղծված տեսանյութ, որտեղ իրեն շատ նման կերպարը ցանկանում է աշխատել որպես թմրանյութերի առաքիչ։ Նա ենթադրել էր, որ արշավի հետևում իշխանություններն են՝ դրա կազմակերպիչ անվանելով «Վրացական երազանքի քարոզչական թրոլների բաժինը»։

«Ո՞վ կհավատա իմ մասին նման բանի։ Գոնե ուրիշ բան մտածեիք»,- Facebook-ում և TikTok-ում հրապարակած տեսաուղերձում ասել է ակտիվիստը։ Երկու հարթակներում միասին նա շուրջ 150 հազար հետևորդ ունի։

Ռազմաձեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության բացահայտ քննադատներից է։ Հոկտեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը Ներքին գործերի նախարարության բողոքի հիման վրա նրան տուգանել էր 3 հազար լարիով՝ մոտ 1 200 դոլար, Facebook-ի իր տեսանյութերից մեկի տակ գրած հայհոյախառն մեկնաբանության համար։

Նախարարությունը հայտարարել էր, որ ակտիվիստը մեղադրվում է վարչապետ Իրակլի Կոբախիձեին վիրավորելու մեջ։ Ռազմաձեն, սակայն, պնդել էր, որ հայհոյանքն ուղղված էր ռուս քարոզիչներ Մարգարիտա Սիմոնյանին և Վլադիմիր Սոլովյովին, որոնց Կոբախիձեի հետ հիշատակել էր այն տեսանյութում, որի տակ գրել էր մեկնաբանությունը։ Նրա պնդմամբ՝ պետությունն իրեն տուգանում էր Կրեմլի քարոզիչներին վիրավորելու համար։

OC Media-ն մեկնաբանության համար դիմել է Ներքին գործերի նախարարությանը, սակայն մինչև նյութի հրապարակումը պատասխան չի ստացել։

Նոյեմբերի 23-ին ակտիվիստը հրապարակել է անանուն գրառման էկրանակադր՝ սքրինշոթ, որը, ըստ ամենայնի, տեղադրվել էր Facebook-ի՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասին նվիրված համայնքային խմբում։ Անանուն հեղինակը առաջարկում էր մարիխուանա և որպես կապի միջոց նշում Ռազմաձեի հեռախոսահամարը։

Նույն օրը ակտիվիստը ևս մեկ տեսաուղերձ է հրապարակել՝ ցույց տալով մի տեսանյութ, որը, ըստ ամենայնի, նպատակ ուներ տպավորություն ստեղծել, թե «Ռազմաձե» անունով մեկը տեսանյութի հեղինակին ուղարկել է որոշակի վայր՝ թմրանյութ վերցնելու։ Հետագայում տեսանյութում երևում է, որ նշված վայր հասած անձը ոչինչ չի գտնում և հայհոյում է Ռազմաձեին։

Ակտիվիստը դիմել է Ներքին գործերի նախարարությանը՝ կառույցին մեղադրելով «անգործության» մեջ։

«Որքան երկար [...] չներկայացնեք այս միջադեպի հետաքննության արդյունքները և չձերբակալեք պատասխանատուներին, այնքան ավելի կամրապնդվի իմ կասկածը, որ դուք անմիջականորեն ներգրավված եք այս ամենում»,- ասել է նա։

Նոյեմբերի 24-ին լրագրողը Կոբախիձեին հարցրել է Ռազմաձեի՝ իր դեմ ենթադրյալ արշավը հետաքննելու պահանջի մասին։ Կոբախիձեն պատասխանել է, որ «եթե հետաքննություն սկսելու հիմքեր կան, այն պիտի սկսվի»։ Երբ լրագրողը կրկին հարցրել է, թե ինչու հետաքննություն չի սկսվել, «եթե սպառնալիքները չեն խրախուսվում «Վրացական երազանքի» կողմից», Կոբախիձեն կրկնել է, որ «եթե կան իրավական հիմքեր, հետաքննություն կսկսվի»։

Միաժամանակ վրացական Myth Detector փաստերի ստուգման հարթակը զեկույց է հրապարակել Ռազմաձեի մասին տարածվող նյութերի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք լայնորեն տարածվել են տարբեր աղբյուրներով։

Օրինակներից մեկը սոցիալական ցանցերում տարածված քարտն էր, որտեղ նշվում էր, թե Դավիթ Բուաչիձե անունով երիտասարդ վրացու մայրը, որի որդին իբր մահացել էր գերդոզավորումից, նրա մահվան համար մեղադրում էր «Թորնիկե Ռազմաձեի նման թմրավաճառներին»։ Սակայն քարտում պատկերված կնոջ ինքնությունը պարզել հնարավոր չի եղել, իսկ բաց աղբյուրներում տեղեկություն չի գտնվել, որ այդ անունով որևէ մարդ մահացել է գերդոզավորումից։

Myth Detector-ի հայտնաբերած մեկ այլ տեսանյութում մի մարդ մտնում է բնակելի շենք և կռանում էլեկտրական հաշվիչների պահարանի մոտ՝ ըստ ամենայնի այնտեղ ինչ-որ բան դնելու համար։ Տեսանյութին կից գրված էր. «Այսինքն՝ Ռազմաձեն ասո՞ւմ էր, որ թմրավաճառ չէ»։

Հարթակի տվյալներով՝ և՛ այս տեսանյութը, և՛ այն տեսանյութը, որտեղ իբր Ռազմաձեն ցանկություն է հայտնում աշխատել որպես թմրանյութերի առաքիչ, ստեղծվել են ԱԲ-ի միջոցով։ Myth Detector-ը որպես ապացույց մատնանշել է տեսողական անհամապատասխանությունները և ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը հայտնաբերող գործիքների արդյունքները։

«Սոցիալական ցանցերում տարածված [նյութերը] միասին վերցրած վկայում են Թորնիկե Ռազմաձեին վարկաբեկելու համակարգված արշավի մասին»,- գրել է Myth Detector-ը։

Նոյեմբերի 24-ի կեսօրի դրությամբ Ռազմաձեին թմրանյութերի վաճառքի հետ կապող նյութերի մեծ մասն այլևս հրապարակայնորեն հասանելի չէր։ Սակայն դրանք տարածած էջերը նախկինում ևս պարբերաբար փորձել են վարկաբեկել ընդդիմադիր գործիչների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում