Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում հաստատվել է Կասպից ծովի ջրի աղազերծման կայանի ֆինանսավորումը

Կասպից ծովը

Կասպից ծովը

Լուսանկարը՝ Azertag-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ասիական զարգացման բանկը հաստատել է 165 միլիոն դոլարի ֆինանսավորում Ադրբեջանում ծովաջրի աղազերծման 407 միլիոն դոլար արժողությամբ կայանի կառուցման համար։ Ջրի պակասի և կլիմայի փոփոխության վերաբերյալ աճող մտահոգությունների պայմաններում Ադրբեջանը փորձում է բազմազանեցնել ջրամատակարարման աղբյուրները։

Սումգայիթում կառուցվելիք կայանը նախատեսվում է օրական 300 հազար խորանարդ մետր խմելու ջուր արտադրելու համար, որը կմատակարարվի Բաքվին և Աբշերոնի թերակղզուն։

Նախագիծն իրականացվում է այն պայմաններում, երբ Ադրբեջանի ջրային պաշարների նկատմամբ ճնշումն աճում է։ Երկրի ընդհանուր ջրային պաշարների՝ ինչպես խմելու, այնպես էլ այլ նպատակներով օգտագործվող ջրի մոտ 70 տոկոսը գոյանում է իր սահմաններից դուրս։

Միաժամանակ Կասպից ծովում, որի ջուրն օգտագործվելու է ապագա կայանում, ջրի մակարդակը շարունակաբար նվազում է։ Դա մտահոգություններ է առաջացնում Կասպից ծովի ապագայի և տարածաշրջանի էկոլոգիական հավասարակշռության վերաբերյալ։ Գիտնականները զգուշացնում են, որ ափագծի նահանջը վտանգում է տեղական տեսակների, այդ թվում՝ կասպյան փոկերի և թառափների կենսամիջավայրը, ինչպես նաև ազդում ճահճուտների և այլ խոցելի էկոհամակարգերի վրա։

Իշխանամետ Report լրատվամիջոցի հաղորդմամբ՝ վարկը տրամադրվելու է երեք մասնաբաժնով՝ երկու անգամ 70 միլիոն և մեկ անգամ 25 միլիոն դոլար։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 407 միլիոն դոլար, սակայն կառավարությունը հրապարակայնորեն չի մանրամասնել, թե ինչպես է ֆինանսավորվելու մնացած մասը։

Կայանը օրական 300 հազար խորանարդ մետր ջուր կարտադրի, իսկ առավել մեծ պահանջարկի ժամանակ արտադրական հզորությունը հնարավոր կլինի հասցնել մինչև 330 հազար խորանարդ մետրի։

Նախագիծը կիրականացվի պետական-մասնավոր գործընկերության 25-ամյա համաձայնագրով։ Աղազերծված ամբողջ ջուրը կմատակարարվի պետական «Խոշոր քաղաքների ջրամատակարարման միացյալ ծառայությանը»։

Նախագծի նպատակն է բարելավել Բաքվի և Աբշերոնի թերակղզու բնակելի և առևտրային տարածքների խմելու ջրի մատակարարման որակն ու հուսալիությունը։

Կայանի կառուցումը նախատեսվում է Ադրբեջանի սահմանափակ ջրային պաշարների վերաբերյալ մտահոգությունների պայմաններում։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ երկրի մակերևութային ջրային պաշարների մոտ 70 տոկոսը ձևավորվում է Ադրբեջանի սահմաններից դուրս։ Աբշերոնի թերակղզու ջրամատակարարման զգալի մասը նույնպես կախված է Սամուր գետից։ Կլիմայի փոփոխությունը, երաշտը և ջրի պահանջարկի աճը մեծացրել են այլընտրանքային աղբյուրների անհրաժեշտությունը։

Սակայն նախագիծն ինքնին ևս բնապահպանական մտահոգություններ է առաջացնում, քանի որ աղազերծման ընթացքում առաջանում է բարձր խտության աղաջուր, որը հետ է թափվելու Կասպից ծով։

Ադրբեջանում աղազերծման կայանները նորություն չեն։ 2013-ին Սալյանի շրջանի Խիդիրլի գյուղում գործարկվել էր փորձնական աղազերծման կայան՝ օրական 1 000 խորանարդ մետր հզորությամբ։ Ավելի ուշ դրա արտադրական հզորությունն ավելացվել էր մինչև օրական 2 000 խորանարդ մետր։ Սակայն Սումգայիթում նախատեսվող կայանը կլինի Ադրբեջանի առաջին խոշորածավալ ծովաջրի աղազերծման կայանը։

Նախագիծն իրականացվում է Ասիական զարգացման բանկի՝ Ադրբեջանի համար 2025-2029-ի գործընկերության ռազմավարության շրջանակում, որի առաջնահերթություններից են էկոլոգիապես կայուն զարգացումն ու մաքուր ենթակառուցվածքները։

Ավելի վաղ Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը ևս հաստատել էր 45 միլիոն դոլարի վարկ Ադրբեջանում աղազերծման կայանի կառուցման համար։

Նախագիծը մշակում է Սաուդյան Արաբիայի ACWA Power ընկերությունը, իսկ գլխավոր կապալառուն PowerChina խմբի մաս չինական HDEC-ն է՝ Huadong Engineering Corporation-ը։ Իսպանական Savener ինժեներական ընկերությունը, որը հանդես է գալիս որպես HDEC-ի ենթակապալառու, արդեն սկսել է կայանի ինժեներական նախագծման աշխատանքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում