Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանցի իրավապաշտպան Բաշիր Սուլեյմանլին պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեղադրանքներով դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման։ Սա քաղաքացիական հասարակության ներկայացուցչի նկատմամբ վերջին դատավճիռներից մեկն է Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների նկատմամբ շարունակվող ճնշումների պայմաններում։
Սուլեյմանլիի դատավճիռը կայացվել է Ադրբեջանում անկախ քաղաքացիական հասարակության դեմ ավելի լայն ճնշումների պայմաններում։ Վերջին տարիներին տասնյակ լրագրողներ, իրավապաշտպաններ և ՀԿ-ների ներկայացուցիչներ են ձերբակալվել։ Նրա գործը լայնորեն հայտնի «ՀԿ-ների գործի» մաս է։ 2025-ի մարտից դրա շրջանակում քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ են ձերբակալվել։ Գործով մեղադրվողները հերքում են մեղադրանքները և պնդում, որ իրենց գործունեությունն օրինական է եղել։ Սուլեյմանլին ևս իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներով է պայմանավորում։
Նրան ձերբակալել էին 2025-ի մարտին։
Դատավճիռը հրապարակվել է նոյեմբերի 19-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Դատարանը Սուլեյմանլիին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեջ։ Նրան նաև մեկ տարով արգելվել է պետական պաշտոն զբաղեցնել։
Նոյեմբերի 5-ի նախորդ դատական նիստում դատախազը Սուլեյմանլիի համար պահանջել էր ինը տարվա ազատազրկում և երեք տարով որոշ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելք։
Քննության վարկածով՝ Սուլեյմանլին յուրացրել է ավելի քան 148 հազար մանաթ՝ մոտ 87 հազար դոլար, որը ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամը և այլ միջազգային կազմակերպություններ դրամաշնորհների տեսքով հատկացրել էին սոցիալական ծրագրերի իրականացման համար։
Մեղադրող կողմը պնդում է, որ Սուլեյմանլին գործել է հիմնադրամի՝ Ադրբեջանի գծով խորհրդատու Մեհրիբան Ռահիմլիի և այլ անձանց հետ համաձայնեցված՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը և ստացված դրամաշնորհների մասին չտեղեկացնելով համապատասխան պետական մարմիններին։
Գործի նյութերի համաձայն՝ դրամաշնորհները գրանցված չէին և այդ պատճառով համարվել են ապօրինի եկամուտ։
Դատավարության ընթացքում Սուլեյմանլին ընդունել է, որ ֆինանսավորում է ստացել օտարերկրյա դոնոր կազմակերպություններից, սակայն հայտարարել է, որ այն օրինական է եղել, իսկ բոլոր վճարումները կատարվել են բանկային հաշիվներով։
Սուլեյմանլին իրեն մեղավոր չի ճանաչում և գործը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորում։
«Սա քաղաքական, շինծու գործ է»,- դատարանում ասել է նա։
Պաշտպանական կողմը նույնպես հերքում է մեղադրանքները՝ դրանք անհիմն անվանելով, և պահանջում կարճել քրեական գործը արդարացման հիմքով։
Քննության ընթացքում Սուլեյմանլին բազմիցս բողոքել է կալանքի պայմաններից և դատական գործընթացի ձգձգումներից։
Սա առաջին դեպքը չէ, երբ Սուլեյմանլին ազատազրկվում է։
Նա նախկինում եղել է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրենը։ Կազմակերպությունը հետևում է Ադրբեջանում ընտրություններին և զեկույցներ հրապարակում ընտրական գործընթացների ընթացքում արձանագրված խախտումների մասին։
2014-ի մայիսին Սուլեյմանլին ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու մեղադրանքներով դատապարտվել էր երեք տարի վեց ամիս ազատազրկման։
Նույն գործով մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին դատապարտվել էր հինգ տարի վեց ամիս ազատազրկման։
Սուլեյմանլին այն ժամանակ ևս հերքել էր մեղադրանքները։ Նա ազատ էր արձակվել 2015-ի մարտին՝ նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած ներման հրամանագրով։
«ՀԿ-ների գործը» սկսվել է դեռ 2014-ին։ 2025-ի մարտին իշխանությունները վերսկսել են վարույթը՝ ձերբակալելով մի շարք ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Նրանց թվում էին Ընտրությունների մոնիթորինգի դաշինքի ղեկավար Մամեդ Ալփայը (Մամեդազադե), Գյանջայի տարածաշրջանային համայնքային կենտրոնի ղեկավար Ասաֆ Ահմադովը և իրավապաշտպան Զամին Զաքիևը։
2026-ին Ահմադովը դատապարտվել է ութ տարվա, իսկ Զաքիևը՝ յոթ տարի երեք ամիս ազատազրկման։
Գործով մեղադրվողները հերքում են մեղադրանքները և պնդում, որ իրենց գործունեությունն օրինական է եղել։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանն առաջարկում է էլ ավելի խստացնել ՀԿ-ների մասին օրենսդրությունը












