Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Քաղաքացիական հասարակության ավելի քան 40 կազմակերպություն ԵԱՀԿ մասնակից պետություններին կոչ է արել մերժել 2027-ին կազմակերպության նախագահությունը ստանձնելու Ադրբեջանի հայտը։ Նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Բաքուն այդ դերը ստանձնելու պատրաստակամություն էր հայտնել։
Նոյեմբերի 23-ին հրապարակված համատեղ կոչը ստորագրել է 46 կազմակերպություն, այդ թվում՝ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը, ԱՄՆ-ում գործող Freedom Now-ը, «Ադրբեջանի մարդու իրավունքների կենտրոնը», «Անկախ փաստաբանների ցանցը», «Բելառուսի Հելսինկյան կոմիտեն» և Viasna մարդու իրավունքների կենտրոնը։
Կազմակերպությունները հայտարարել են, որ Ադրբեջանի կառավարությունը «անվտանգության, բնապահպանության կամ մարդու իրավունքների հարցերում վստահելի գործընկեր չէ և չի համապատասխանում կազմակերպությունը նախագահելու դերին»։
Ստորագրողները նշել են, որ 2013-ից Ադրբեջանի իշխանությունները լայնածավալ ճնշումներ են իրականացնում անկախ քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ թիրախավորելով հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, լրագրողներին, իրավապաշտպաններին և փաստաբաններին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2026-ի մայիսի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կար, այդ թվում՝ 31 լրագրող, ութ իրավապաշտպան և ընդդիմադիր ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 44 անդամ։
Կոչում անդրադարձ կա նաև անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ ձերբակալությունների նոր ալիքին։ 2023-ի նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունները մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել էին Abzas Media-ի լրագրողների։ Հետագայում ճնշումները տարածվել էին նաև այլ անկախ լրատվամիջոցների, այդ թվում՝ Toplum TV-ի, Kanal 13-ի և Meydan TV-ի վրա։ Ձերբակալվել էին տասնյակ լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ։
Ստորագրողների պնդմամբ՝ ավտորիտար կառավարությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, ապատեղեկատվության, կոռուպցիայի, քաղաքական միջամտության, անդրսահմանային ճնշումների և ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելու փորձերի միջոցով գնալով ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար։ Նրանք նաև նշել են, որ Ադրբեջանն այն երկրների թվում է, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չկատարված վճիռների թիվն ամենաբարձրերից է։
Կոչում հիշատակվում են նաև ԵԱՀԿ-ի հայտարարությունները, այդ թվում՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի դատապարտումը Ադրբեջանում լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ գործադրվող ճնշումների վերաբերյալ։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը և Վենետիկի հանձնաժողովը ևս բազմիցս մտահոգություն են հայտնել, որ ընտրությունների, լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության վերաբերյալ ադրբեջանական օրենսդրությունը սահմանափակում է հիմնարար ազատությունները և չի համապատասխանում միջազգային չափանիշներին ու ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առջև երկրի ստանձնած պարտավորություններին։
Մինչև նյութի հրապարակումը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական հայտարարություն չեն արել ո՛չ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու հայտի, ո՛չ էլ այս կոչի վերաբերյալ։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանն առաջարկում է էլ ավելի խստացնել ՀԿ-ների մասին օրենսդրությունը












