Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Տնտեսագետ Գալիբ Բայրամովը Ադրբեջանի այսպես կոչված «հասարակական կազմակերպությունների գործով» մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ութ տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ երեք տարվա փորձաշրջանով։ Բայրամովը մեկ այլ հայտնի տնտեսագետի՝ 2023-ի հուլիսին ձերբակալված Գուբադ Իբադօղլուի եղբայրն է։
Տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ Բայրամովին մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։ Նա հերքում է մեղադրանքները։ Գործն ավելի լայն հետաքննության մաս է, որը ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սկսվել է 2024-ի մարտին։
Բայրամովի քրեական գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։
Բացի ազատազրկման դատավճռից՝ Բայրամովին երկու տարով արգելվել է զբաղեցնել որոշ պաշտոններ։ Թե կոնկրետ ինչ պաշտոնների մասին է խոսքը, չի նշվում։ Սակայն ազատազրկման պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ երեք տարվա փորձաշրջանով, իսկ ոստիկանության հսկողության տեսքով խափանման միջոցը փոխարինվել է երկրից դուրս գալու արգելքով։
Ավելի վաղ դատախազը Բայրամովի համար ինը տարվա ազատազրկում էր պահանջել։
Բայրամովը տնտեսագետ և պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուի եղբայրն է, որին ձերբակալեցին 2023-ի հուլիսին և սկզբում մեղադրեցին կեղծ արժույթ պատրաստելու մեջ։ Ավելի ուշ Իբադօղլուին մեղադրեցին նաև կրոնական ծայրահեղական նյութեր պահելու և տարածելու համար։ Նա հերքում է մեղադրանքները։ Նրանց մյուս եղբայրը՝ Վուգար Բայրամովը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է։
2024-ի ապրիլին Իբադօղլուին ազատ արձակեցին և տեղափոխեցին տնային կալանքի։ Հետագայում նրա նկատմամբ սահմանված սահմանափակումները մեղմացվեցին, և տնային կալանքը փոխարինվեց ոստիկանության հսկողությամբ, ինչը նրան հնարավորություն տվեց շարունակել առօրյա գործունեությունը՝ մնալով վերահսկողության տակ։
«ՀԿ-ների գործը»
«Հասարակական կազմակերպությունների գործով» հետաքննությունն իրականացվում է Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի շրջանակում։ Այս գործով ՀԿ-ների աշխատակիցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունները սկսվեցին 2024-ի մարտին։
Գործով մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ հոդվածներով։ Այս մեղադրանքներով առավելագույն պատիժը մինչև 12 տարվա ազատազրկումն է։
Գործով ձերբակալված բոլոր անձինք հերքում են իրենց դեմ առաջադրված մեղադրանքները։












