Գլխավոր Լրահոս

Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն մեղավոր է ճանաչել ստորջրյա մալուխների վնասման գործով

Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն մեղավոր է ճանաչել ստորջրյա մալուխների վնասման գործով

Լուսանկարը՝ Թոնի Մյատտյայի/Yle

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ֆինլանդիայի դատարանը ազատազրկել և մեղավոր է ճանաչել ադրբեջանցի նավաստուն, որը իր նավի՝ Fitburg-ի ռուսաստանցի նավապետին Ֆինլանդիայի ծոցում ստորջրյա մալուխները վնասելու գործում օժանդակել է։ Հելսինկիի շրջանային դատարանը նավապետ Անդրեյ Մաքսիմենկոյին դատապարտել է երեք տարի վեց ամիս, իսկ ադրբեջանցի բոցման Վուսալ Մաջիդովին՝ երկու տարի 10 ամիս ազատազրկման՝ 2025-ի դեկտեմբերի 31-ի միջադեպի հետ կապված ծանրացուցիչ հանգամանքներով գույքի վնասման համար։

Դատարանը պարզել է, որ նավը մոտ 130 կիլոմետր խարիսխը քարշ է տվել ծովի հատակով՝ վնասելով հեռահաղորդակցության երկու մալուխ և վտանգի տակ դնելով ևս մի քանի մալուխ ու գազատար։ Երկուսն էլ հերքում են իրենց մեղքը, իսկ վճիռը կարող է բողոքարկվել։

Դատավարության ընթացքում Մաջիդովը հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք Fitburg-ն է վնասել մալուխները։

Մաքսիմենկոն նույնպես դատարանում ասել է, որ չգիտի՝ արդյոք իր նավը խարիսխը քարշ է տվել ծովի հատակով։ Նախաքննության ընթացքում նա կտրականապես հերքել էր, որ Fitburg-ը պատասխանատու է մալուխների վնասման համար։

Դատարանը նրանց պարտավորեցրել է նաև համատեղ փոխհատուցել տուժած կողմերին վնասված մալուխների և գազատարի վերանորոգման, ինչպես նաև հետաքննության ծախսերը։

Դատարանի սահմանած պատիժներն ավելի խիստ են եղել, քան դատախազների պահանջած նվազագույն երկու տարի վեց ամիսը։ Դատախազությունը նրանց մեղադրել էր ծանրացուցիչ հանգամանքներով գույքի վնասման և հեռահաղորդակցության աշխատանքին ծանրացուցիչ հանգամանքներով միջամտելու մեջ։

Սակայն դատարանը մերժել է հեռահաղորդակցության աշխատանքին ծանրացուցիչ հանգամանքներով միջամտելու առանձին մեղադրանքը՝ որոշելով, որ այն արդեն ներառված է ծանրացուցիչ հանգամանքներով գույքի վնասման հանցակազմում։

Դատարանը նաև որոշել է, որ իրավասու է գործը քննելու Ֆինլանդիայում, քանի որ ենթադրյալ դիտավորյալ հանցագործությունների հետևանքներ են ունեցել այնտեղ։

Վճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել։

Ծովի հատակով 130 կիլոմետր քարշ տրված խարիսխը

Դատարանի տվյալներով՝ 2025-ի դեկտեմբերի 31-ի առավոտյան Fitburg-ը մի քանի ժամ շարունակ իր խարիսխն ու խարիսխի շղթան մոտ 130 կիլոմետր քարշ է տվել ծովի հատակով՝ Ֆինլանդիայի ծոցով, Ֆինլանդիայի ջրային տարածքից դուրս նավարկելիս։

Միջադեպի հետևանքով վնասվել է ստորջրյա հեռահաղորդակցության երկու մալուխ։ Վնասվելու վտանգի տակ են հայտնվել նաև հեռահաղորդակցության և էլեկտրականության ևս ութ մալուխ, ինչպես նաև գազատար։

Դատարանը պարզել է, որ խարիսխի ամրացման մեխանիզմը սարքին է եղել, իսկ երբ նավը դեկտեմբերի 30-ին դուրս է եկել Սանկտ Պետերբուրգի նավահանգստից, խարիսխը բարձրացված էր։

Դատարանի տվյալներով՝ խարիսխն իջեցվել է Սանկտ Պետերբուրգից դուրս գալուց հետո, սակայն մինչև Ռուսաստանի տարածքային ջրերը լքելը։ Այն բարձրացվել է միայն դեկտեմբերի 31-ի առավոտյան, երբ Ֆինլանդիայի իշխանությունները նկատել են, որ նավը քարշ է տալիս խարիսխը, և այդ մասին տեղեկացրել անձնակազմին։

Դատարանը նշել է, որ թեև մեղադրող կողմը չի պնդել, որ Մաքսիմենկոն անձամբ է հրահանգել իջեցնել խարիսխը կամ որ Մաջիդովն ակտիվորեն մասնակցել է դրա իջեցմանը, երկուսն էլ պետք է իմանային, որ խարիսխն իջեցված է, երբ նավն անցնում էր մալուխների և գազատարի վրայով։

Դատարանը նաև պարզել է, որ Մաքսիմենկոն թույլ է տվել շարունակել նավի ընթացքը՝ մինչ խարիսխը քարշ էր գալիս ծովի հատակով։

Մաջիդովն իր հերթին, ըստ դատարանի, ակտիվորեն նպաստել է, որ նավը շարունակի ճանապարհը ևս մոտ երկու ժամ այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի իշխանություններն առաջին անգամ կապ են հաստատել նավի հետ։

Դատարանը նաև որոշել է, որ Մաջիդովը չի կատարել բոցմանի իր պարտականությունները՝ չապահովելով, որ նավարկության ընթացքում խարիսխը բարձրացված լինի։

Դատարանը նավապետին ավելի մեծ պատասխանատվություն է վերագրել, քանի որ նա ընդհանուր պատասխանատվություն էր կրում նավի շահագործման, ընթացքի և նավարկության համար։

Հաշվի առնելով պատճառված վնասը և շատ ավելի մեծ վնասի վտանգը՝ դատարանը եզրակացրել է, որ նրանց գործողությունները բացառիկ լուրջ վտանգ են ստեղծել հասարակության կենսական նշանակության գործառույթների համար։

Գործը քննել է շրջանային դատարանի երեք դատավոր, իսկ որոշումն ընդունվել է միաձայն։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում