Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն պատժի կատարումը կասեցվել է՝ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վատ վիճակը։ 88-ամյա Մեհդիևին մեղադրում էին պետական դավաճանության, իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի, փողերի լվացման և կաշառակերության մեջ։
Մեհդիևը նախագահի աշխատակազմը ղեկավարել է 1995-2019-ին՝ աշխատելով ինչպես Հեյդար Ալիևի, այնպես էլ նրա որդու՝ Իլհամ Ալիևի նախագահության տարիներին։
Տասնամյակներ շարունակ նա Ադրբեջանի քաղաքական համակարգի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր և վերահսկում էր վարչական ու կադրային կարևոր որոշումներ։ Սակայն հետագայում Մեհդիևը կտրուկ կորցրեց իր դիրքերը։ Գործընթացը գագաթնակետին հասավ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին պնդել, թե նա պետական հեղաշրջում և Իլհամ Ալիևի սպանություն էր ծրագրում։
Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Մեհդիևը օտարերկրյա ուժերի աջակցությամբ փորձել է տապալել կառավարությունը՝ Բաքվի և Մոսկվայի միջև լարվածության ֆոնին։ Սակայն վերլուծաբանները կասկածի տակ են դրել ենթադրյալ հեղաշրջման ծրագրի վերաբերյալ հրապարակված ապացույցների արժանահավատությունը՝ գործը դիտարկելով որպես Ալիևի կողմից իշխանությունն ավելի կենտրոնացնելու լայն գործընթացի մաս։
Դատավճռին նախորդել էր Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության՝ 2025-ի հոկտեմբերին սկսած քննությունը։ Գերատեսչությունը 88-ամյա Մեհդիևին մեղադրում էր օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ կառավարությունը տապալելու դավադրության մեջ։ Դատարանը նաև որոշել է բռնագրավել նրա ակտիվները, սակայն չի հրապարակվել, թե կոնկրետ ինչ գույքի վրա է տարածվում որոշումը։
Իշխանությունները չեն հայտնել, թե ինչն է բռնագրավման ենթակա, որ ընկերությունների բաժնեմասերը կամ այլ ակտիվները, ինչպես նաև դրանց ընդհանուր արժեքը։
Դատավճռով նախատեսվում է նաև համապատասխան մարմիններին դիմել՝ Մեհդիևին պետական պարգևներից զրկելու հարցը քննարկելու համար։
Ինչի՞ մեջ էին մեղադրում Ռամիզ Մեհդիևին
Մեհդիևի դեմ քրեական գործը Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հարուցել էր 2025-ի հոկտեմբերին։ Հոկտեմբերի 14-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրան չորս ամսով տնային կալանքի էր ենթարկել։ Հետագայում խափանման միջոցի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր։
2026-ի փետրվարի 12-ին տարածած հայտարարությունում Անվտանգության ծառայությունը պնդում էր, որ Մեհդիևն ու ևս մի քանի անձ օտարերկրյա հետախուզական ծառայությունների աջակցությամբ փորձել են բռնությամբ փոխել իշխանությունն Ադրբեջանում։
Քննիչների տվյալներով՝ 2025-ի օգոստոս-սեպտեմբերին Մեհդիևը պատրաստել էր «Պետական կառավարման համակարգի վերակազմավորման առաջարկներ» վերնագրով փաստաթուղթ։ Ըստ քննության՝ այն փոխանցվել էր ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին, իսկ հետո՝ օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցիչների։
Մեհդիևին մեղադրում էին նաև, ըստ քննության, հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 17 միլիոն մանաթ՝ մոտ 10 միլիոն դոլար, լվանալու մեջ։
2026-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել նաև կաշառակերության համար։
Գործով նախնական դատական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ դատավոր Մուրադ Ասլանովի նախագահությամբ։ Մեհդիևի նախկին օգնական Էլդար Ամիրովը նույնպես մեղադրյալ է այս գործով։ Նրա վերաբերյալ վերջնական որոշման մասին տեղեկություն չի հրապարակվել։
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը որոշել է նաև Մեհդիևին հեռացնել ակադեմիայից։
Մեհդիևի գործով ևս մեկ նախկին պաշտոնյա է ձերբակալվել
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության Բալաքենի կառույցի նախկին ղեկավար Ազադ Բալաևին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 26-ին ձերբակալել է յուրացման և կոռուպցիայի մեղադրանքներով։ 2025-ին Բալաևի անունը կապվում էր ենթադրյալ պետական հեղաշրջման ծրագրի հետ, որը, իշխանությունների պնդմամբ, կազմակերպել էր Մեհդիևը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ազադ Բալաևը ձերբակալվել է Իսլամ Ռզաևի գործով քննության ընթացքում ի հայտ եկած տեղեկությունների հիման վրա։
2025-ի հոկտեմբերին ձերբակալվել էր նաև Բալաքենի տեղական իշխանության ղեկավար Իսլամ Ռզաևը։ Սակայն նրան առաջադրված մեղադրանքներն ուղղակիորեն կապված չէին ենթադրյալ հեղաշրջման ծրագրի հետ։ Ռզաևին մեղադրել էին առանձնապես խոշոր չափերի յուրացման և կրկնակի կաշառակերության մեջ ու չորս ամսով նախնական կալանքի ենթարկել։ Իշխանությունները նրա ենթադրյալ հանցագործությունների մանրամասները չեն հրապարակել։
Ձերբակալություններից հետո՝ նոյեմբերի սկզբին, Ալիևը հանդիպել էր նոր նշանակված պաշտոնյաների հետ և անդրադարձել կոռուպցիայի խնդրին։
«Ադրբեջանի հասարակությունը լավ գիտի, որ սխալ թույլ տված յուրաքանչյուր պետական պաշտոնյա ի վերջո պատասխան է տալու դատարանի և օրենքի առաջ, և նման դեպքեր, ցավոք, այսօր էլ կան։ Բայց հասարակության համար նաև պարզ է, որ որևէ ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու»,- այդ ժամանակ հանդիպման ժամանակ ասել էր Ալիևը։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործչին թույլ չեն տվել մասնակցել հոր հուղարկավորությանը











