Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործչին թույլ չեն տվել մասնակցել հոր հուղարկավորությանը

Ամիրհուսեյն Քերիմլին և Ալի Քերիմլին
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության կալանավորված նախագահ Ալի Քերիմլիին թույլ չեն տվել մասնակցել հոր հուղարկավորությանը։ Այժմ նա սպասում է թույլտվության, որ մայիսի 15-ին մասնակցի հոգեհանգստին։
Քերիմլին 2025-ի նոյեմբերին կալանավորվել էր Պետական անվտանգության ծառայության՝ DTX-ի կողմից՝ նախկին նախագահի օգնական Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով։
Ալի Քերիմլիի հոր՝ Ամիրհուսեյն Քերիմլիի մահվան մասին տեղեկությունները սոցիալական ցանցերում հայտնվեցին շաբաթ օրը։ Նրան հուղարկավորեցին նույն օրը։
Ֆրանսիայում բնակվող վտարանդի լրագրող Գանիմաթ Զայիդովը գրել է, որ Քերիմլիի հայրը ամենաշատը անհանգիստ էր որդու ձերբակալության պատճառով։
«Հանգուցյալը, թերևս, այն մարդն էր, որն ամենասուրն էր զգում Ադրբեջանում տեղի ունեցող բոլոր քաղաքական ցնցումները։ Որովհետև այս ցավալի փորձության մեջ նա ուներ որդի, որին սիրում էր աշխարհում ամեն ինչից շատ։ Նա կյանքից հեռացավ ցավի և անհանգստության մեջ»,- նշել է Զայիդովը։
Քերիմլիի հոր մահը համընկավ մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա հետ, որն Ադրբեջանում պաշտոնական տոն է։
Քերիմլիի տեղակալ Սեյմուր Հազին OC Media-ին ասել է, որ ընդդիմադիր գործչի փաստաբանները դիմել են Պետական անվտանգության ծառայությանը՝ խնդրելով թույլ տալ Քերիմլիին մասնակցել հուղարկավորությանը, սակայն տոնի պատճառով պատասխան չեն ստացել։
«Նրա փաստաբանները հեռագիր են ուղարկել, իսկ տոնական օրվա պատճառով աշխատանքային օրը սկսվել է մայիսի 12-ից, և մենք սպասում ենք»,- ասել է նա։
Հազին նշել է, որ Քերիմլիի հոր հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 15-ին։
«Հույս ունեմ՝ գոնե նրան ժամանակավորապես ազատ կարձակեն և թույլ կտան մասնակցել հոգեհանգստին»։
Տեղադրություն











