Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունն անհայտ կորածների հարցի լուծման ամենաարդյունավետ ձևն է․վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունն անհայտ կորածների հարցի լուծման ամենաարդյունավետ ձևն է․վարչապետ

Հայաստանն ու Ադրբեջանն առավել կոնկրետ և մանրամասն են քննարկում անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցում համագործակցությունն ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրները։ Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում անցկացվող «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» միջազգային համաժողովում։

«Ակնհայտ է, իհարկե, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է։ Եվ պիտի արձանագրեմ, որ նաև Դուբլինում տեղի ունեցած քննարկումների համատեքստում մենք առավել կոնկրետ ու մանրամասն ենք քննարկում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման շուրջ համագործակցությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրները», - ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհայտ կորած անձանց խնդրի հետ, որոնցից շուրջ 777-ն անհայտ կորած են համարվում դեռևս 1990-ականների սկզբից։ Մյուսները անհայտ կորած են համարվում 2020 -ի իրադարձությունների հետևանքով և դրանից հետո։

Փաշինյանը նշել է, որ խնդրի լուծման հիմնական դժվարություններից մեկը տեղեկությունների բացակայությունն է, ինչի հետևանքով անհայտ կորածների հարազատների բազմաթիվ հարցեր դեռ պատասխան չունեն։

«Իհարկե, բանալի բառն այս թեմայի մեջ «անհայտն» է, որովհետև խնդիրները բարդանում են նրանով, որ թեմային առնչվող բազմաթիվ հանգամանքներ անհայտ են, և, ըստ էության, մենք ունենք խնդիր բազմաթիվ անհայտներով խնդիր լուծելու։ Սրանում է պրոբլեմը», - ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ խնդրի լուծումը հնարավոր չէ առանց միջազգային համագործակցության, քանի որ հնարավոր պատասխաններից շատերը գտնվում են Հայաստանի տարածքից և կառավարության լիազորություններից դուրս։

Փաշինյանն անդրադարձել է նաև անհայտ կորածների հարազատների և կառավարության, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա անվստահությանը։ Նրա խոսքով՝ հարազատների շրջանում կասկածներ կան, թե կառավարությունը որոշ տեղեկություններ ունի, սակայն չի տրամադրում դրանք։ Միաժամանակ Ադրբեջանում կարծում են, թե Հայաստանն է տեղեկություններ թաքցնում, իսկ Հայաստանում՝ հակառակը։

«Եվ ահա այս անորոշության պայմաններում մենք պետք է լուծենք շատ կարևոր հումանիտար մարդասիրական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական, բարոյական խնդիր», - ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումն առաջին հերթին Հայաստանի կառավարության և պետական մարմինների պատասխանատվությունն է։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև խորացնել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և աջակցել անհայտ կորածների հարազատներին՝ այդ կառույցների հետ առավել ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու հարցում։

Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը շարունակելու է Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ջանքերը։

«Ես կրկին ուզում եմ իմ զորակցության և ըմբռնումի խոսքերն արտահայտել անհայտ կորած անձանց բոլոր հարազատներին և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, պետական իշխանության մարմինները երբեք չեն դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանը գտնելու ուղղությամբ», - ասել է վարչապետը։

Նա նշել է, որ Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի պատասխաններ օբյեկտիվորեն Ադրբեջանում են, սակայն դրանց գտնվելու կոնկրետ վայրերը դեռ պետք է պարզաբանվեն։

«Իհարկե, նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ էլ օբյեկտիվորեն պիտի որ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում՝ կոնկրետ որտե՞ղ, ո՞ր հասցեում, ո՞ւմ մոտ, դա արդեն հետագա պարզաբանման խնդիր է: Մենք մեր կողմից արտահայտել ենք և արտահայտում ենք պատրաստակամություն՝ աշխատել այդ հարցերի պարզաբանման ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ», - ասել է Փաշինյանը։

Նոյեմբերի 19-20-ին Երևանում անցկացվող միջազգային համաժողովին մասնակցում են Հայաստանի կառավարության անդամներ, միջազգային և տարածաշրջանային փորձագետներ, իրավապաշտպաններ և անհայտ կորածների ընտանիքների ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է քննարկել հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հնարավոր մեխանիզմներն ու միջազգային համագործակցության խորացման ուղիները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում