Արտաշատի նախկին համայնքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի՝ սպանություն պատվիրելու գործով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 2023-ի ապրիլի 30-ին Ս․Վ․-ի սպանությունը պատվիրելու՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու մեղադրանքով։
Արգամ Աբրահամյանը կալանավորված է։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ս․Վ․-ի սպանության համար մեղադրվող Գ․Հ․-ի կալանավորումից կարճ ժամանակ անց նրա ընտանիքի ֆինանսական դրությունն ու ապրելակերպն էականորեն բարելավվել են։
Ըստ ՔԿ-ի՝ այդ ընթացքում ընտանիքը ձեռք է բերել երեք թանկարժեք տրանսպորտային միջոց, որոնք ներկայումս առկա են, մինչդեռ ընտանիքի կերակրողը կալանավորված է եղել, իսկ մյուս անդամները գրեթե եկամուտ չեն ունեցել։
Արգամ Աբրահամյանը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին՝ Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության իրականացրած գործողությունների արդյունքում։
ՔԿ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ 2023-ի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում հրազենով սպանվել էր «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ս․Վ․-ն։
Քննության վարկածով՝ Արգամ Աբրահամյանը, կնոջը հոգևոր հովվի հետ անձնական հարաբերություններ ունենալու և նրան գումար փոխանցելու մեջ կասկածելով, որոշել էր սպանել վերջինիս։ Ըստ ՔԿ-ի՝ նա սպանությունը պատվիրել էր իր անվտանգության աշխատակից Գ․Հ․-ին, որն էլ, քննության տվյալներով, հրազենով սպանել էր Ս․Վ․-ին։
Գ․Հ․-ի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել սպանության և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքներով։ Նրա վերաբերյալ քրեական վարույթը դեռ 2024-ի ապրիլին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան։












