Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին, խիտ կառուցապատմանը, աղբահանությանը, համատիրությունների աշխատանքին և մետրոյի նոր կայարանի կառուցմանը։ Խոսել է նաև ՔՊ-ի ներսում հնարավոր քաղաքական մրցակցությանը։
Ավինյանը կարծիք է հայտնել, որ վերջին տարիներին Երևանում ավելացել է ինչպես ավտոբուսներից ու մետրոպոլիտենից, այնպես էլ մասնավոր ավտոմեքենաներից օգտվողների թիվը։ Երևան ավելի շատ են մուտք գործում նաև մարզերի բնակիչները։ Այդուհանդերձ, Ավինյանը շեշտել է, որ իրենք խնդիր չեն դրել մարզերից եկող մեքենաների մուտքն արգելելու։
«Երևան քաղաքում, այս պայմաններում, ինչպես նաև որևէ այլ քաղաքում, այլ լուծում չկա, քան հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը՝ ավելացնելով ավտոբուսային գծերը և միաժամանակ սահմանափակելով մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը Երևանի տարբեր հատվածներում։ Շատ կարևոր է, որ առաջին հերթին Երևան քաղաքում հանրային տրանսպորտը սկսի կանոնավոր աշխատել, որպեսզի մարդիկ իմանան՝ այն րոպեներին, որոնք նշված են ժամանակացույցում, ավտոբուսն անպայման գալու է։ Երևանի փողոցները ռեզինից չեն և լայնացնելու տեղ չունեն»,- ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը շարունակում է ավելացնել մետրոպոլիտենի վագոնների թիվը և վերանորոգել առկա շարժակազմը։ Այս նպատակով նախատեսվել է լրացուցիչ 2 միլիարդ դրամ։
Քաղաքապետարանը կառավարությունից ստացել է մետրոպոլիտենի արդիականացման ծրագրի վերջնական հաստատումը։ Նախատեսվում է փոխարինել մետրոյի վագոններն ու արդիականացնել ընդհանուր ենթակառուցվածքը։ Ավինյանը նաև հայտնել է, որ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը պետք է իրականացնի հայկական ընկերությունը։
Ավինյանը խոսել է համատիրությունների աշխատանքից քաղաքացիների դժգոհություններից։ Նա ասել է, որ վերջին շրջանում տարբեր վարչական շրջաններում իրականացվում են համատիրությունների ղեկավարների փոփոխություններ։ Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարի նախատեսում է համատիրություններին աջակցելու նպատակով հատկացնել 1 միլիարդ դրամ։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՔՊ-ի ներսում արդեն սկսվել է պայքար Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների համար, և քննարկվում են տարբեր թեկնածուների անուններ՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ կուսակցության ներսում նման քննարկումներ, պայքար կամ որոշումներ չկան։
Նրա խոսքով՝ քաղաքական գործչի գործառույթներից մեկը սեփական աշխատանքի հանրայնացումն է, և ինքը 2022 թվականից այցելում է Երևանի տարբեր վարչական շրջաններ, շփվում բնակիչների, դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցների հետ։












