Ալեն Սիմոնյանը քննադատել է Երևանում տրանսպորտային խցանումների հետ կապված իրավիճակը՝ զգուշացնելով, որ առանց արդյունավետ լուծումների մայրաքաղաքում երթևեկությունը կարող է կաթվածահար լինել։ Նա նաև հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն է կրում ամբողջ իշխանական թիմը, այդ թվում՝ ինքը։
Հինգշաբթի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակված հարցազրույցում Սիմոնյանն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հնարավոր տարաձայնություններին և մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իր հավակնությունների մասին խոսակցություններին։
Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք ցանկանում է դառնալ Երևանի քաղաքապետ, Սիմոնյանն ուղիղ պատասխան չի տվել՝ փոխարենը խոսելով քաղաքում առկա խնդիրների մասին։
«Ես ուզում եմ, որ Երևանը նորմալ ապրի և շնչի, և իմ համար պրոբլեմատիկ է այն, ինչ որ կա այսօր քաղաքում»,- ասել է նա։ Սիմոնյանը որպես առաջնային խնդիր առանձնացրել է տրանսպորտային խցանումները։
«Մեկ-երկու տարի հետո, եթե մենք ինչ-որ լուծումներ չգտնենք, Երևանը ուղղակի կանգնելու է, ուղղակի կանգնելու է»,- զգուշացրել է նա։
Հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակի պատասխանատուն Ավինյանն է, Սիմոնյանը պատասխանել է, որ չի ցանկանում պատասխանատվությունը կենտրոնացնել միայն քաղաքապետի վրա։
«Մենք ենք դրա պատասխանատուն, ես եմ նաև դրա պատասխանատուն՝ որպես կուսակցության ներկայացուցիչ, որպես թիմի անդամ»,- ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ չի կարելի պնդել, որ քաղաքապետի պաշտոնում ինքը պարտադիր ավելի արդյունավետ լուծումներ կգտներ։ Նա շեշտել է, որ առկա խնդիրները պետք է բարձրաձայնվեն և քննարկվեն։
Անդրադառնալով խցանումների խնդրի լուծման վերաբերյալ Ավինյանի առաջարկին՝ Սիմոնյանը նշել է, որ յուրաքանչյուր լուծում պետք է լայն քննարկման առարկա դառնա՝ հաշվի առնելով նաև հակառակ տեսակետները։
Նախօրեին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում խցանումները նվազեցնելու նպատակով քննարկվում են մասնավոր ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումներ, այդ թվում՝ կենտ և զույգ համարանիշներով երթևեկության կարգավորում, լրացուցիչ տուրքերի սահմանում և մեքենաների արտանետումների նկատմամբ բնապահպանական պահանջների կիրառում։ Քաղաքապետն առաջարկել էր նաև հանրային տրանսպորտի համար առանձնացված երթևեկության գոտիներ նախատեսել։ Ավինյանի խոսքով՝ առաջարկները պետք է հանրային քննարկման ներկայացվեն, իսկ դրանց իրագործումը նախատեսվում է սկսել 2027-ին։
Տե՛ս նաև՝ Ավտոմեքենաների քանակը այսուհետ միայն պետք է պակասի. Տիգրան Ավինյան
Նրա խոսքով՝ նախկինում եղել են դեպքեր, երբ իշխանությունների առաջարկած լուծումները չեն տվել ակնկալվող արդյունքը կամ նույնիսկ վատթարացրել են իրավիճակը։
Սիմոնյանը շեշտել է, որ իր քննադատությունը չպետք է ընկալվի որպես անձամբ Ավինյանի կամ իշխանական թիմի դեմ ուղղված հայտարարություն։
«Դա մեր պրոբլեմն է, որը պետք է քննարկենք, ինչը վատ է, որ մենք ուզում ենք այդ պրոբլեմը քննարկենք և լուծում գտնենք»,- ասել է նա։
Հարցազրույցի ավարտին հաղորդավարը նկատել է, որ իշխանական թիմի ներսում խնդիրների հրապարակային քննարկումն այլ քաղաքական նշանակություն է ստանում։ Ի պատասխան՝ Սիմոնյանը հիշեցրել է Ավինյանի՝ քաղաքապետարանի նիստերից մեկում արած արտահայտությունը, թե «սա ձեզ համար Ազգային ժողովը չի»։
«Ինքը քննադատում էր Ազգային ժողովը և իմ աշխատանքը»,- ասել է Սիմոնյանը։
Դրանով հարցազրույցն ավարտվել է։ Սիմոնյանը հստակ չի պատասխանել՝ արդյոք ցանկանում է զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը։












