Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը Բաքու կմեկնի միայն այն բանից հետո, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության պայմանները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
«Մենք պատասխանատվություն ենք կրում նրանցից յուրաքանչյուրի համար և նրանց վտանգի չենք կարող ենթարկել»,- ընդգծել է Զոնաբենդը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությանը միացել են տարբեր երկրներից հայտնի հասարակական և մասնագիտական գործունեություն ծավալող կանայք, որոնք պատրաստ են այցելել Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները։
Զոնաբենդը հայտնել է, որ 2026-ի հունիսից մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակությամբ, փոքր խմբով կամ օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ։ Նրա խոսքով՝ խնդրել է նաև համաձայնեցնել անվտանգության պայմանները, սակայն պատասխան չի ստացել։
«Փոխարենն այս ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան Բաքու մեկնելու պարագայում իմ հնարավոր ձերբակալության մասին»,- նշել է Զոնաբենդը։
Նա մտահոգություն է հայտնել նաև, որ օգոստոսի 25-ից Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ։ Զոնաբենդը հույս է հայտնել, որ այդ հարցը կկարգավորվի։
Նրա խոսքով՝ դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել է նաև Հայաստանի կառավարությանը։ Օգոստոսի 17-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած հանդիպումից հետո, ըստ Զոնաբենդի, մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ գրավոր հարցումը մնացել է անպատասխան։
Զոնաբենդը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերի զարգացումն ու հայկական պատվիրակությունների՝ Ադրբեջան այցելությունները մարդասիրական այց կազմակերպելու նախադրյալներ են ստեղծում։
«Սա վկայում է, որ առկա են բոլոր նախադրյալները մարդասիրական այց կազմակերպելու համար, և հայ բանտարկյալներին այցելելու հարցը պետք է ներառվի նման այցերից մեկի օրակարգում»,- հայտարարել է նա։
Քանի որ պատվիրակության այցը դեռ չի համաձայնեցվել, նախաձեռնության անդամները որոշել են չհետաձգել հայ գերիներին հասցեագրված նամակների փոխանցումը։
Զոնաբենդը հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցվել է բոլոր հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ՝ խնդրանքով աջակցել դրանք Բաքու հասցնելուն։
«Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր նամակ կհասնի իր հասցեատիրոջը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր բանտարկյալ ստանա աջակցության խոսքեր և իմանա, որ իրեն հիշում են»,- նշել է նա։
Նամակները Հայաստանի կառավարությանը փոխանցել էր «Արցախ Միություն» կազմակերպության ղեկավար, Արցախի նախկին պետնախարար և նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Դրանք հավաքվել էին աշխարհի տարբեր երկրներից՝ Զոնաբենդի նախաձեռնության շրջանակում։ Նամակները հասցեատերերին փոխանցելու վերաբերյալ հաստատված տեղեկություն դեռ չկա։
Հոկտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում տարակուսանք էր հայտնել, թե ինչու են նամակները փոխանցվել կառավարությանը՝ փոստային ծառայության միջոցով ուղարկվելու փոխարեն։ Նա նշել էր, որ համապատասխան գերատեսչությունը, հավանաբար, կդիտարկի դիմումը և կպատասխանի։ Փաշինյանը նաև ընդգծել էր նման հարցերում զգուշավորության անհրաժեշտությունը՝ Բաքվում պահվող հայերին չվնասելու համար։
Վերոնիկա Զոնաբենդը Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ուղարկելու նախաձեռնության մասին հայտարարել էր հունիսի 15-ին։ Հուլիսին նա պաշտոնական նամակներով դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել այցի կազմակերպմանը։
Օգոստոսի 17-ին Զոնաբենդը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հանդիպել էին Հայաստանի ԱԳՆ-ի, գերիների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին։ Քննարկվել էին Բաքվում պահվող հայերի պահման պայմանները, առողջական վիճակը, բժշկական օգնության հասանելիությունը և ընտանիքների հետ կապի ապահովման հնարավորությունները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ 2025-ի սեպտեմբերին դադարեցրել է իր մշտական ներկայությունը Բաքվում։ Կազմակերպության ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին այցելել են նույն թվականի դեկտեմբերի 24-25-ին՝ Ժնևի կենտրոնակայանից մեկնած պատվիրակությամբ։
ԿԽՄԿ-ն հայտնել է, որ շարունակում է երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն հետագա այցելությունների համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։
Նոյեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթությունների շարքում։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացը չի կարող ամբողջական լինել առանց գերիների և մյուս մարդասիրական խնդիրների լուծման։
«Մեր նպատակը մնում է անփոփոխ՝ տեսնել մեր հարազատներին և վերականգնել բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ։ Մենք շարունակելու ենք այս աշխատանքը, մինչև նրանք բոլորը տուն վերադառնան»,- նշել է Զոնաբենդը։












