Գլխավոր Լրահոս

ՄԻԵԴ-ի առաջին վճիռն Ապրիլյան պատերազմի գործով մտել է ուժի մեջ

ՄԻԵԴ-ի առաջին վճիռն Ապրիլյան պատերազմի գործով մտել է ուժի մեջ

Սիրանուշ Ադամյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայ սպա Հայկ Թորոյանի խոշտանգման և սպանության համար, դարձել է վերջնական։

Նոյեմբերի 2-ին Դատարանի Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած կոլեգիան մերժել է գործը Մեծ պալատի վերանայմանը փոխանցելու խնդրանքը։ Այս մասին նշված է ՄԻԵԴ-ի քարտուղարության նույն օրվա մամուլի հաղորդագրությունում։ Հայ իրավաբանների խոսքով՝ խնդրանքը ներկայացրել էր Ադրբեջանը։ Կոլեգիայի մերժումից հետո պալատի վճիռն այլևս բողոքարկման ենթակա չէ։

Վճիռը կայացվել էր հունիսի 18-ին՝ «Վ.Թ.-ն և այլոք ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Սա Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող առաջին վճիռն է։ Դատարանը նույն իրադարձություններին վերաբերող 22 գանգատ էր միասին ուղարկել Ադրբեջանին, սակայն վճիռ է կայացրել դրանցից միայն մեկով։ Մնացած 21-ը դեռ քննության փուլում են։

«Այսպիսով, ՄԻԵԴ-ի՝ հունիսի 18-ի վճիռը մտավ ուժի մեջ եւ այն անկյունաքարային է լինելու համանման ընթացիկ եւ հետագա գանգատների քննության համար»,- Ֆեյսբուքում գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

Դրմեյանը նաև ընդգծել է Բաքվի դիրքորոշման հակասականությունը։ «Ադրբեջանը, որը ամենաբարձր մակարդակով հայտարարում է ՄԻԵԴ-ի իրավասությունը չընդունելու մասին եւ դադարեցրել էր համագործակցությունը ԵԽ նախարարների կոմիտեի հետ, տեղն եկած ժամանակ հիշում է իրավական պրոցեսների կարեւորության մասին ու բողոքներ ներկայացնում»,- գրել է նա։

Ինչ է հաստատել Դատարանը

Հայկ Թորոյանը Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող Մատաղիս գյուղում տեղակայված զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության 30-ամյա պետն էր, մայորի կոչումով։ 2016-ի ապրիլին նա և զինծառայող Հրանտ Ղարիբյանը զինամթերք էին տեղափոխում Թալիշի հրամանատարական կետ, երբ ենթարկվեցին ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման, հաղորդել էր ՍիվիլՆեթը։

Դատարանը եզրակացրել է, որ ադրբեջանցի զինծառայողները Թորոյանին խոշտանգել են, ապա սպանել՝ գլխատելով։ Նրա մարմինը հետագայում հայտնաբերվել է առանց գլխի և ձեռքերի։ Գլխատված գլխի լուսանկարները տարածվել էին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Աճյունի մի մասը երբեք չի վերադարձվել ընտանիքին, որը չի կարողացել պատշաճ հուղարկավորություն կազմակերպել, հաղորդում է Massis Post-ը։

Ըստ Դատարանի՝ Ադրբեջանը չի ներկայացրել որևէ բացատրություն կամ ապացույց, որ սպանությունն իր զինծառայողները չեն իրականացրել։ Բաքուն նաև արդյունավետ քննություն չի անցկացրել։ Դատարանը մերժել է Ադրբեջանի այն վարկածը, թե դեպքը կարող էր բեմադրված լինել Հայաստանի կողմից։

ՄԻԵԴ-ը արձանագրել է կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի խախտումներ։ Առանձին խախտում է ճանաչվել նաև Թորոյանի ընտանիքի անդամների կրած տառապանքի համար։ Դատարանը գտել է, որ Ադրբեջանի իրավազորությունը տարածվում էր Թորոյանի վրա այն պահից, երբ նա հայտնվել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Հայաստանը գործին մասնակցել է որպես երրորդ կողմ։

Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ոչ նյութական վնասի դիմաց վճարել 90,000 եվրո (շուրջ $103,000)։ Դրանից 60,000 եվրոն՝ Թորոյանի ծնողներին, 30,000-ը՝ քրոջը։ Ադրբեջանը պետք է հատուցի նաև 14,210 եվրոյի դատական ծախսեր։

Դիմումատուները Թորոյանի ծնողներն ու քույրն են։ Նրանց շահերը ներկայացրել է իրավաբան Սիրանուշ Սահակյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել Ապրիլյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործություններին վերաբերող 23 գործ, այդ թվում՝ գլխատման երեք դեպք։ Ազատության հետ զրույցում Սահակյանը ափսոսանք էր հայտնել, որ առաջին վճռի համար Դատարանին պահանջվեց շուրջ 10 տարի։

Բաքվի արձագանքը

Ադրբեջանը մերժել էր վճիռը դեռ հունիսին։ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասգարովը հայտարարել էր, որ Բաքուն «կտրականապես մերժում է» վճռի եզրակացությունները։ Նրա պնդմամբ՝ Դատարանը չի ուսումնասիրել գործի բոլոր հանգամանքները, չի ունեցել բավարար ու հավաստի ապացույցներ և նախապատվություն է տվել Հայաստանի ներկայացրած նյութերին։ Ասգարովը նաև առարկել էր վճռում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիշատակմանը։

Ըստ Strasbourg Observers իրավական բլոգի՝ վճռից հետո ադրբեջանական իշխանությունները կանչել էին Բաքվում ԵԽ գրասենյակի ղեկավարին։

Ադրբեջանի հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ վերջին տարիներին կտրուկ վատթարացել են։ 2024-ի հունվարին ԵԽԽՎ-ն չվավերացրեց ադրբեջանական պատվիրակության լիազորությունները՝ պատճառաբանելով, որ Բաքուն չի կատարել ԵԽ անդամակցության հիմնական պարտավորությունները։ 2025-ի ապրիլին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ՄԻԵԴ-ի որոշումներից ոչ մեկն Ադրբեջանի համար վավեր չէ, քանի որ երկիրը զրկված է դատավորների ընտրությանը մասնակցելու իրավունքից։

ԵԽ Նախարարների կոմիտեի տարեկան զեկույցի համաձայն՝ 2025-ի մարտի 18-ից հետո Ադրբեջանը դադարեցրել է համագործակցությունը Կոմիտեի հետ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հարցում։ 2026-ի հուլիսի 13-ին Ալիևը հայտարարեց, որ Բաքուն լրջորեն դիտարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը։

Ինչու է վճիռը կարևոր

ՄԻԵԴ-ի պալատի վճիռը դառնում է վերջնական երեք ամիս անց, եթե կողմերից որևէ մեկը չի խնդրում գործը փոխանցել Մեծ պալատ։ Նման խնդրանքը բավարարվում է բացառիկ դեպքերում՝ երբ գործը վերաբերում է Կոնվենցիայի մեկնաբանման լուրջ հարցի կամ ընդհանուր նշանակության լուրջ խնդրի։ Մերժումը նշանակում է, որ կոլեգիան Թորոյանի գործում նման հարց չի տեսել։

Իրավաբանների գնահատմամբ՝ վճիռը կարևոր է հետագա գործերի համար։ «Ցանկացած դատական ակտ անհերքելի պատմական փաստ է»,- հունիսին ասել էր իրավաբան Արա Ղազարյանը։

Թորոյանի գործը միջպետական չէ․ այն ներկայացրել են զոհվածի ընտանիքի անդամները։ Strasbourg Observers-ում հրապարակված վերլուծության հեղինակ Իգոր Միրզախանյանի կարծիքով՝ միջպետական հայցերի հետկանչի դեպքում անհատական դիմումները կարող են դառնալ տուժողների համար մնացած սակավաթիվ ճանապարհներից մեկը։

Իրադարձություն

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում