Գլխավոր Լրահոս

2012-ից սկսած՝ Ալիևն առաջին անգամ չի մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

2012-ից սկսած՝ Ալիևն առաջին անգամ չի մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության առաջիկա գագաթնաժողովին՝ Բաքվի և Անկարայի միջև մի շարք քաղաքական տարաձայնություններից հետո աճող լարվածության ֆոնին։ Սա գրեթե 15 տարվա ընթացքում առաջին պաշտոնական գագաթնաժողովն է, որին Ալիևը չի մասնակցի։

Թեև ադրբեջանցի պաշտոնյաները նրա բացակայությունը բացատրում են զբաղված օրակարգով, որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ երկու երկրների հարաբերություններում լարվածությունն աճում է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումների շուրջ վեճի, թուրք պաշտոնյաների հրապարակային քննադատության և երկու կողմերի իշխանամետ լրատվամիջոցներում գնալով ավելի կոշտ հռետորաբանության ֆոնին։

Տե՛ս նաև՝ Անկարայի և Բաքվի միջև լարվածությունն աճում է․ Amnesty International-ը Ադրբեջանին կոչ է անում վերացնել հիջաբի արգելքը

Գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ակնկալվում է, որ ադրբեջանական պատվիրակության այլ անդամներ նույնպես կմասնակցեն հանդիպման շրջանակում անցկացվող միջոցառումներին։

Հոկտեմբերի 30-ին Ալիևը մասնակցում էր Բաքվում ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների պարգևատրման արարողությանը։ Նույն օրը նախատեսված էին նաև մրցաշարի եզրափակիչ հանդիպումն ու պաշտոնական փակման արարողությունը։

Երկու դաշնակիցների միջև տարաձայնությունները հրապարակային դարձան այն բանից հետո, երբ նոր օրենսդրության ընդունումից հետո Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտուհիներին թույլ չէին տալիս մտնել դպրոցներ։

Տե՛ս նաև՝ «Նոր Ադրբեջան»-ը դատապարտել է Թուրքիային հիջաբի արգելքը քննադատելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի քանի պատգամավորներ քննադատեցին սահմանափակումները։

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, իր հերթին, նրանց հայտարարությունները որակեց որպես երկրի ներքին գործերին միջամտություն։

Սարալը հոկտեմբերի 26-ին հեռացավ պաշտոնից։ Թուրքական լրատվամիջոցները նրա հեռանալը կապել են Բաքվի և Անկարայի միջև առաջացած տարաձայնությունների հետ, որոնց խորացմանը նպաստել էին նաև նրա հայտարարությունները։

Բաքվի և Անկարայի միջև հնարավոր մեկ այլ տարաձայնություն վերաբերում է ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությունը՝ այդ պաշտոնում Լանա Նուսեյբեհի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։

Թուրքիան առաջադրել էր իր նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Ալիևի բացակայությանը

Այն բանից հետո, երբ հաստատվեց, որ Ալիևը Թուրքիա չի մեկնելու, ադրբեջանական մի շարք իշխանամետ լրատվամիջոցներ հրապարակեցին վերլուծություններ՝ քննարկելով նրա բացակայության պատճառները։

Իշխանամետ APA-ն հրապարակեց «Ինչո՞ւ նախագահ Իլհամ Ալիևը չմեկնեց Թուրքիա» վերնագրով վերլուծություն, որտեղ Թուրքիայի որոշ շրջանակների մեղադրեց հակաադրբեջանական արշավ վարելու մեջ և Էրդողանի՝ Ալիևին ուղղված հեռախոսազանգը որակեց ուշացած քայլ։ Հոդվածում նաև ընդգծվում էր, որ դիվանագիտությունը հիմնված է փոխադարձության վրա։

Վերլուծությունը հիշեցրել է, որ Էրդողանը նույնպես չէր մասնակցել 2024-ին Շուշիում անցկացված ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Թուրքիան այնտեղ ներկայացրել էր փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նույն օրը Էրդողանը Բեռլինում ներկա էր եղել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության՝ Թուրքիայի և Նիդերլանդների քառորդ եզրափակիչ հանդիպմանը։

Էրդողանը չի մասնակցել նաև այս տարվա հոկտեմբերի 15-ին Բաքվում անցկացված Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաժողովի յոթերորդ գագաթնաժողովին։ Թուրքիան ներկայացրել էր արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Մեկ այլ իշխանամետ լրատվամիջոց՝ Trend.az-ը, նմանատիպ վերլուծություն է հրապարակել՝ Ալիևի բացակայությունը կապելով Թուրքիայում Ադրբեջանի և նրա նախագահի դեմ, իր բնորոշմամբ, իրականացվող արշավի հետ։ Հոդվածում նաև նշվում էր, որ նման քայլեր ավելի շուտ Իրանից կարելի էր ակնկալել, քան Թուրքիայից։

Թուրք պաշտոնյաների հետ շփումները սահմանափակելու մասին հաղորդումներ

Արտերկրից գործող անկախ ադրբեջանցի լրագրողներն ու լրատվամիջոցները նույնպես արձանագրել են լարվածության աճը։

Open Azerbaijan լրատվամիջոցը, հղում անելով անանուն աղբյուրի, հայտնել է, որ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, ենթադրաբար, պատգամավորներին հանձնարարել է չմասնակցել Բաքվում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած պաշտոնական միջոցառումներին։ Աղբյուրի պնդմամբ՝ Գաֆարովան նաև կարգադրել է նվազեցնել շփումները թուրք պաշտոնյաների հետ։

Ֆրանսիայում բնակվող լրագրող Գանիմաթ Զահիդն առանձին Facebook-ում գրել է, ադրբեջանցի պատգամավորները չեն մասնակցել Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ Բաքվի «Գյուլիստան» պալատում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած պաշտոնական ընդունելությանը, քանի որ, ըստ ամենայնի, նրանց դա արգելվել էր։

Նրա խոսքով՝ իշխանամետ մյուս կուսակցությունների պատգամավորների և իշխող կուսակցությանը չանդամակցող պատգամավորների նկատմամբ նման սահմանափակում չի գործել, ինչով էլ նա բացատրել է նրանց մասնակցությունը։

Զահիդը նաև պնդել է, որ հեռուստաընկերություններին հրահանգվել էր չմասնակցել ընդունելությանը և միջոցառումից ռեպորտաժներ չհեռարձակել։

Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանը միջոցառմանը ներկայացրել է թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, որը որևէ քաղաքական կուսակցության անդամ չէ և ելույթից կարճ ժամանակ անց հեռացել է։

Ադրբեջանի իշխանությունները հրապարակայնորեն չեն հաստատել այս սահմանափակումների մասին հաղորդումները։

Թուրքական լրատվամիջոցները քննարկում են վեճը

Վեճը ուշադրության է արժանացել նաև Թուրքիայում, որտեղ մի շարք լրատվամիջոցներ հարց են բարձրացրել՝ ինչու Ալիևը չի մասնակցելու Անկարայի գագաթնաժողովին։

Թուրքական Sözcü թերթը հոդված է հրապարակել՝ հարցնելով, թե ինչու Ալիևը չի մեկնել Անկարա, թեև Էրդողանն անձամբ զանգահարել և հրավիրել էր նրան։ Մեկ այլ թուրքական լրատվամիջոց՝ Yeniçağ-ը, հարցադրում է անում՝ արդյոք տարաձայնությունները կարելի է բացատրել միայն Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումների շուրջ վեճով։

Ադրբեջանական Time TV-ն, իր հերթին, ենթադրել է, որ տարաձայնությունների հիմքում երկու երկրների առաջնորդների միջև խնդիրներն են։ Լրատվամիջոցը նաև պնդել է, որ Ալիևը կարող էր խուսափել այցից՝ մտահոգվելով, որ Թուրքիայում հիջաբի սահմանափակումների պատճառով բողոքի ակցիաների կբախվի։

Հոկտեմբերի 30-ին գագաթնաժողովում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թյուրքական պետությունների «ընտանեկան լուսանկարում» պառակտման տեղ չկա։ Նա նաև նշել է, որ Թուրքիան կազմակերպության նախագահությունը ստանձնել է Ադրբեջանից և մտադիր է մի շարք ոլորտներում խորացնել կազմակերպության շրջանակում համագործակցությունը։

Էրդողանի խոսքով՝ գագաթնաժողովի թեման է «Թուրքիայի դարաշրջան. միասնություն լեզվով, մտքով և գործով»։

Խմբագրի նշում․ հոդվածի նախորդ տարբերակում սխալմամբ նշվել էր, թե սա ԹՊԿ-ի 17-ամյա պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցում կազմակերպության գագաթնաժողովին։ Ալիևը չէր մասնակցել նաև 2012-ի գագաթնաժողովին, որտեղ Ադրբեջանը ներկայացրել էր այն ժամանակվա վարչապետ Արթուր Ռասիզադեն։

Տե՛ս նաև՝ Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական խումբը քննադատում է թուրք պաշտոնյաներին հիջաբի արգելքի վերաբերյալ պնդումների պատճառով

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում