Գլխավոր Լրահոս

«Նոր Ադրբեջան»-ը դատապարտել է Թուրքիային հիջաբի արգելքը քննադատելու համար

«Նոր Ադրբեջան»-ը դատապարտել է Թուրքիային հիջաբի արգելքը քննադատելու համար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալին՝ Ադրբեջանում դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հանդես գալու համար։ Կուսակցությունը Թուրքիային և նրա իշխող կուսակցությանը կոչ է արել հարգել Ադրբեջանի ներքին գործերը։

Սարալը հայտարարությունն արել է հոկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանում բողոքի ակցիաներ են ընթանում դպրոցական համազգեստի կանոնների կիրառման դեմ, որոնք ազդում են հիջաբ կրող աշակերտների վրա։ Հոկտեմբերի 13-ին իշխող կուսակցությունը պատասխանել է՝ մեղադրելով թուրքական որոշ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի էջերի, այդ թվում՝ իշխանամետ աղբյուրների, Ադրբեջանին վերաբերող կեղծ և կողմնակալ տեղեկություններ տարածելու մեջ։

Կուսակցության հայտարարությունը, ըստ ամենայնի, պատասխան էր Թուրքիայից հնչող քննադատությանը՝ դպրոցական համազգեստի շուրջ վեճի կապակցությամբ։

Սարալը սոցիալական ցանցերում գրել է, որ Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտներին դասերին մասնակցել չթույլատրելն անընդունելի է։

«Ինչպե՞ս կարելի է բարոյապես կամ իրավական առումով արդարացնել այն, որ աշակերտուհուն դպրոցի մուտքի մոտ հետ են ուղարկում միայն այն պատճառով, որ կրոնական համոզմունքներից ելնելով գլուխը ծածկում է։ Հիջաբը խոչընդոտ չէ, այն հավատքի պահանջ է։ Կրթության իրավունքը չպետք է զոհաբերվի գաղափարական պարտադրանքներին»,- ասել է նա։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը հնարավորինս արագ կուղղի այս սխալը։ Երիտասարդների ապագայի ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու փոխարեն պետք է օգնենք նրանց առաջ գնալ։ Մեր օրերում նման մոտեցումը երբեք չպիտի գերիշխի»։

Հայտարարությունում Ադրբեջանի իշխող կուսակցությունը դատապարտել է, իր ձևակերպմամբ, «Ադրբեջանի դեմ ուղղված տեղեկատվական արշավը»։ Կուսակցությունը նշել է, որ այժմ «անհրաժեշտ» է համարում իր դիրքորոշումը հայտնել, քանի որ այդ արշավին «միացել են» Էրդողանի «գլխավոր խորհրդականի կարգավիճակ ունեցող անձը»՝ Սարալը, ինչպես նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության այլ պատգամավորներ։

Կուսակցությունը, ըստ ամենայնի, Սարալի՝ հագուստի կանոնների վերաբերյալ քննադատությունը կապել է Թուրքիայից հնչող՝ Ադրբեջանում «իսլամաֆոբիայի» և Իսրայելի հետ հարաբերությունների վերաբերյալ քննադատության հետ։

Իր հայտարարությունում կուսակցությունը մերժել է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների վերաբերյալ քննադատությունը՝ ընդգծելով, որ Բաքուն աջակցում է երկու պետության սկզբունքով պաղեստինյան պետության ստեղծմանը՝ Արևելյան Երուսաղեմը որպես մայրաքաղաք, և ֆինանսական ու մարդասիրական աջակցություն է տրամադրել պաղեստինցիներին։

Կուսակցությունը նաև հայտարարել է, որ իսլամական աշխարհի հետ Ադրբեջանի հարաբերությունները «հիմնված են ոչ թե որևէ քաղաքական կոնյունկտուրայի, այլ փոխադարձ հարգանքի, հավասարության և համերաշխության սկզբունքների վրա»։

«Իսլամական համերաշխության ամրապնդման գործում մեր երկրի ներդրումը բարձր է գնահատվում մուսուլմանական պետությունների կողմից»,- հայտարարել է կուսակցությունը։

Սա, ըստ ամենայնի, անուղղակի պատասխան էր Էրդողանի՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթին, որտեղ նա քննադատել էր դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք անվանելով «հարձակում կանանց ամենահիմնարար իրավունքների վրա» և հարցը կապելով «իսլամաֆոբիայի» հետ։ Էրդողանը Ադրբեջանի անունը չէր նշել, սակայն շատերը նրա խոսքերը Բաքվին ուղղված քննադատություն էին համարել։

Վերադառնալով Սարալի հայտարարություններին՝ «Նոր Ադրբեջան»-ը խորհրդականին և թուրք պատգամավորներին մեղադրել է «պոպուլիստական և անպատասխանատու հայտարարություններ անելու մեջ՝ առանց հարցի էությունը հաշվի առնելու»։

«Նման հայտարարությունները հակասում են ադրբեջանա-թուրքական եղբայրական հարաբերությունների ոգուն և կարող են ծառայել հանրային դաշտում արհեստական լարվածություն ստեղծելուն»,- հայտարարել է կուսակցությունը՝ հավելելով, որ պետությունը բոլոր կրոնների նկատմամբ հավասար վերաբերմունք ունի։

Կուսակցությունը պաշտպանել է հիջաբի փաստացի արգելքը՝ նշելով, որ այն բխում է Ադրբեջանի աշխարհիկ քաղաքականությունից, որը «ամրագրված է նաև Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությունում»։

««Նոր Ադրբեջան» կուսակցությունը կարծում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, հատկապես՝ բարձր պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, իրենց հայտարարություններում պետք է քաղաքական պատասխանատվություն ցուցաբերեն և հարգեն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը, սահմանադրական կարգն ու ներքին գործերը»,- ասվում է հայտարարությունում։

Տե՛ս նաև՝ Հիջաբի արգելքի բողոքի ֆոնին Ադրբեջանում, ըստ հաղորդումների, սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում