Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանում օգտատերերը հայտնել են Instagram և TikTok մուտք գործելու դժվարությունների մասին՝ պնդելով, որ հարթակներն աշխատում են միայն VPN-ի միջոցով։ Սա ենթադրությունների տեղիք է տվել, որ իշխանությունները սահմանափակում են դրանց հասանելիությունը դպրոցներում հիջաբի սահմանափակումների դեմ բողոքների ֆոնին։
Օգտատերերի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 12-ի առավոտից հարթակները հասանելի չեն եղել։ Ոմանք բողոքել են կապի դանդաղությունից, լրահոսի չթարմանալուց և տեսանյութերի չբեռնվելուց։ Թեև խափանումներին հետևող ծառայություններն Ադրբեջանից բողոքներ են գրանցել, Instagram-ի կամ TikTok-ի աշխատանքի գլոբալ խափանում չեն արձանագրել։ OC Media-ին չի հաջողվել հաստատել այս տեղեկությունները։
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր ենթադրում են, որ հնարավոր սահմանափակումները կարող են կապված լինել հիջաբի թեմայով տեսանյութերի վերջին տարածման հետ։
Ադրբեջանի իշխանությունները հաղորդվող խափանումները պաշտոնապես չեն մեկնաբանել։ Instagram-ն ու TikTok-ը նույնպես չեն արձագանքել։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հոկտեմբերի 12-ին իշխանամետ APA լրատվամիջոցին հայտնել է, որ Բաքվում մի խումբ մարդիկ միասնական դպրոցական հագուստի կանոնների ներդրման պատճառով «առճակատման իրավիճակներ են ստեղծել» դպրոցների աշխատակիցների հետ, վնասել պետական կրթական հաստատությունների գույքը և փորձել իրականացնել գործողություններ, որոնք կոպտորեն խախտել են հասարակական կարգը, խոչընդոտել երթևեկությունն ու կրթական հաստատությունների բնականոն աշխատանքը։ Նախարարության տվյալներով՝ հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել է 37 մարդ։
Դպրոցներում հիջաբի սահմանափակումների դեմ բողոքները Ադրբեջանում սկսվել են դպրոցական հագուստի կանոնների փոփոխություններից հետո։ Սեպտեմբերին Նախարարների կաբինետը փոփոխություններ է ընդունել, որոնցով աշակերտների և ուսուցիչների համար սահմանվել է «աշխարհիկ հագուստի կանոն»։ Թեև նոր կանոններում հիջաբն ուղղակիորեն չի հիշատակվում, համացանցում բազմաթիվ հաղորդումներ և տեսանյութեր են տարածվել, որոնցում, ըստ ամենայնի, հիջաբ կրող աղջիկներին թույլ չեն տալիս դպրոց մտնել։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են նաև դպրոցների մոտ բողոքող և դասերը բոյկոտող աշակերտներ՝ ի նշան համերաշխության հիջաբ կրող այն աղջիկների հետ, որոնց, ըստ հաղորդումների, թույլ չեն տվել դպրոց մտնել։
Ադրբեջանը Սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է, և իշխանությունները դպրոցական համազգեստի պահանջները ավանդաբար հիմնավորում են հանրային կրթության աշխարհիկ բնույթով։
Սակայն կրոնական գլխաշորերի այս կանոնների կիրառումը բազմիցս վեճերի պատճառ է դարձել։ 2010-2012-ին նման սահմանափակումները բողոքի ակցիաների էին հանգեցրել, որոնցից մի քանիսը ոստիկանությունը ցրել էր, իսկ հետո նաև ձերբակալություններ էին տեղի ունեցել։
Ադրբեջանում հանրային ցույցերը հազվադեպ են, քանի որ իշխանությունները խիստ սահմանափակում են չարտոնված հավաքները։












