Գլխավոր Լրահոս

Անկարայի և Բաքվի միջև լարվածությունն աճում է․ Amnesty International-ը Ադրբեջանին կոչ է անում վերացնել հիջաբի արգելքը

Հիջաբի թեմայով բողոքի ակցիա Բեռլինում

Հիջաբի թեմայով բողոքի ակցիա Բեռլինում

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանը հիջաբ կրող աշակերտների նկատմամբ սահմանափակումների պատճառով քննադատության է բախվում։ Երկրում և արտերկրում բողոքի ակցիաներն ուղեկցվում են Բաքվում Թուրքիայի դեսպանատան և ադրբեջանական լրատվամիջոցների միջև դիվանագիտական վեճով՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին այցի լուսաբանման շուրջ։ Amnesty International-ը ևս Բաքվին կոչ է արել վերացնել հիջաբի սահմանափակումները։

Amnesty International-ը զգուշացնում է, որ աղջիկներին կրոնական հագուստի պատճառով կրթությունից զրկելը խախտում է նրանց հիմնարար իրավունքները և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերացնել սահմանափակումները։ Միաժամանակ Թուրքիայի դեսպանատունը հերքում է Ադրբեջանում Ֆիդանի հանդիպումների վերաբերյալ լրատվամիջոցների պնդումները՝ դրանք անհիմն անվանելով։

Այս իրադարձությունները տեղի են ունենում հոկտեմբերի 29-30-ին Անկարայում նախատեսված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովից առաջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր մասնակցությունն ու երկու երկրների հրապարակային ուղերձները կարող են առանձնակի ուշադրության արժանանալ կրոնական ազատության և երկկողմ հարաբերությունների շուրջ նոր բանավեճի ֆոնին։

Բողոքի ակցիաներ են անցկացվել Լոնդոնում, Բեռլինում և Անկարայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։ Ցուցարարները դատապարտել են սահմանափակումներն ու Ադրբեջանի կառավարության դեմ կարգախոսներ վանկարկել։

Բողոքներին նախորդել էին հաղորդումները, որ նոր դպրոցական համազգեստի կանոնների համաձայն՝ հիջաբ կրող աշակերտներին և ուսուցիչներին թույլ չեն տալիս մուտք գործել կրթական հաստատություններ։ Սահմանափակումները հասարակական դժգոհություն են առաջացրել և արժանացել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը։

Amnesty International-ը դատապարտում է հիջաբի սահմանափակումները

Ուրբաթ Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերացնել սահմանափակումները՝ նշելով, որ հիջաբ կրելու պատճառով աղջիկներին կրթությունից զրկելը խտրականություն է և խախտում է կրթության, կրոնի ազատության ու արտահայտվելու ազատության նրանց իրավունքները։

Amnesty International-ի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Մարի Սթրաթերսի խոսքով՝ հանրային կրթության աշխարհիկ բնույթը չի կարող արդարացնել կրոնական հագուստի համընդհանուր արգելքը։

Կազմակերպությունը նաև մտահոգություն է հայտնել սահմանափակումների դեմ բողոքողների զանգվածային ձերբակալությունների մասին հաղորդումների կապակցությամբ և կոչ արել անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են բացառապես իրենց իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու համար։

Amnesty International-ի տվյալներով՝ նոր կանոններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 12-ին։ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այդ օրը Բաքվում ձերբակալվել է 37 մարդ, մինչդեռ ակտիվիստները նշում են, որ ամբողջ երկրում ձերբակալվածների թիվը զգալիորեն ավելի մեծ է։

Սահմանափակումները սրել են Ադրբեջանի աշխարհիկ կրթական համակարգի և մարդկանց՝ իրենց կրոնական համոզմունքներն արտահայտելու իրավունքի հարաբերակցության շուրջ բանավեճը։

Թուրքիայի դեսպանատունը հերքում է Հաքան Ֆիդանի վերաբերյալ պնդումները

Առանձին վեճ է ծագել Բաքվում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության և ադրբեջանական լրատվամիջոցների միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին այցից հետո։

Իշխանությունների հետ կապվող Qafqazinfo-ն հրապարակել, ապա հեռացրել էր հոդված, որտեղ պնդվում էր, որ Ֆիդանն այցի ընթացքում հանդիպել է Youth Assistance Fund-ի անդամների հետ։ Հրապարակմանը հետագայում անդրադարձել էին նաև ադրբեջանական այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Real TV-ն։

Հոդվածում հարցեր էին բարձրացվում հանդիպման բնույթի վերաբերյալ, կար պնդում, որ կազմակերպությունը կապեր ունի Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության հետ։ Այն նաև կրկին անդրադառնում էր Ադրբեջանում 1995-ի պետական հեղաշրջման փորձի շուրջ մեղադրանքներին՝ պնդելով, որ այն աջակցություն է ստացել Թուրքիայից։

Այս պնդումները անկախ աղբյուրներով չեն հաստատվել։

Բաքվում Թուրքիայի դեսպանատունը հոկտեմբերի 17-ին հերքել է մեղադրանքները՝ հրապարակումը որակելով անհիմն պնդումների վրա հիմնված և անանուն շրջանակներին մեղադրելով ապատեղեկատվության միջոցով երկու երկրների հարաբերությունները վնասելու փորձի մեջ։

Դեսպանատունը նաև նշել է, որ այցի ընթացքում Ֆիդանը լուսանկարներ է արել տարբեր մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանում օրինական գրանցված կազմակերպության անդամների հետ։ Այն երկու երկրների հանրությանը կոչ է արել չհավատալ այն պնդումներին, որոնք դեսպանատունը բնորոշում է որպես մանիպուլյատիվ։

Դիվանագիտական արձագանքը նորից ուշադրություն է հրավիրել երկու երկրների հարաբերությունների զգայունության վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան երկար տարիներ սերտ քաղաքական, տնտեսական և անվտանգության կապեր ունեն։

Վեճը նաև այն ժամանակ է ծավալվում, երբ Ադրբեջանը միջազգային քննադատության է արժանանում բողոքողների նկատմամբ վերաբերմունքի և դպրոցներում կրոնական ինքնարտահայտման սահմանափակումների պատճառով։

Էրդողանի ուղերձը և Թյուրքական պետությունների առաջիկա գագաթնաժողովը

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական ցանցերում ուղերձ է հրապարակել Ադրբեջանի Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Երկու երկրների շուրջ աճող հանրային վեճի ֆոնին որոշ դիտորդներ դրական են գնահատել այդ քայլը։

Մյուսները կարծում են, որ ուղերձի նշանակությունն ու երկկողմ հարաբերությունների ընդհանուր վիճակն ավելի հստակ կդառնան Թյուրքական պետությունների կազմակերպության առաջիկա գագաթնաժողովից հետո։

Թուրքիան 2026-ի հոկտեմբերի 29-30-ին Անկարայում հյուրընկալելու է կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների 13-րդ գագաթնաժողովը։ Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ Ալիևը։

Ալիևի մասնակցությունը, ինչպես նաև գագաթնաժողովի ընթացքում հնարավոր հրապարակային հայտարարություններն ու երկկողմ հանդիպումները կարող են ցույց տալ, թե Բաքուն և Անկարան ինչպես են մտադիր կառավարել ներկայիս լարվածությունը։

Միևնույն ժամանակ, ո՛չ Ֆիդանի այցի շուրջ դիվանագիտական վեճը, ո՛չ էլ հիջաբի սահմանափակումների շուրջ հակասությունն ինքնին դեռ չեն վկայում երկու կառավարությունների հարաբերությունների ավելի խորը վատթարացման մասին։

Առայժմ այս զարգացումները հանրային բանավեճի կենտրոն են բերել երկու զգայուն հարց՝ Ադրբեջանում կրոնական ազատությունը և Ադրբեջանի ու Թուրքիայի ավանդաբար սերտ հարաբերությունները։

Տե՛ս նաև՝ Իսրայելի նախագահ Հերցոգը Թուրքիայի արգելքը շրջանցել է ադրբեջանական առևտրային չվերթով

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում