Գլխավոր Լրահոս

Իսրայելի նախագահ Հերցոգը Թուրքիայի արգելքը շրջանցել է ադրբեջանական առևտրային չվերթով

Իսահակ Հերցոգը և Իլհամ Ալիևը, 2026-ի հոկտեմբեր, Բաքու

Իսահակ Հերցոգը և Իլհամ Ալիևը, 2026-ի հոկտեմբեր, Բաքու

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հոկտեմբերի 14-ին Բաքու մեկնելիս շրջանցել է Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու արգելքը՝ թռչելով Azerbaijan Airlines-ի առևտրային չվերթով, ինչը դժգոհություն է առաջացրել Անկարայում։ Ավելի ուշ թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել, որ Հերցոգն այդ չվերթում է եղել։

2024-ին Թուրքիան արդեն մերժել էր Հերցոգին իր օդային տարածքով Ադրբեջան մեկնելու թույլտվությունը, ինչի հետևանքով նա չեղարկել էր Բաքվում անցկացվող COP29 համաժողովին մասնակցելու իր ծրագրերը։

Լուրը տարածվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև սրված լարվածության ֆոնին, որը, ըստ ամենայնի, սկսվել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի վիճահարույց արգելքից հետո։ Միաժամանակ Անկարան վաղուց դժգոհ է Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերություններից, իսկ թուրք որոշ մեկնաբաններ այս երկու հարցերը կապում են իրար՝ պնդելով, որ Բաքվի՝ իսլամի նկատմամբ ենթադրյալ անհարգալից վերաբերմունքը մասամբ կարելի է բացատրել Իսրայելի հետ նրա բարեկամությամբ։

Հոկտեմբերի 16-ին ադրբեջանական հայտնի իշխանամետ APA լրատվամիջոցը հոդված է հրապարակել՝ քննադատելով չվերթի շուրջ թուրքական «աղմուկը» և նշելով, որ «հարցն իրականում բավական պարզ է»։

«Իսրայելի նախագահի՝ Ադրբեջան այցի համար որևէ հատուկ ինքնաթիռ կամ արտասովոր չվերթ չի կազմակերպվել։ Նա Ադրբեջան է ժամանել որպես սովորական առևտրային չվերթի ուղևոր»,- գրել է APA-ն։

«Սակայն Թուրքիայում նրանք, ովքեր ամեն անգամ Ադրբեջանի առնչությամբ պատրվակ են փնտրում և այն «մանրակրկիտ զննում», այս հարցն էլ են մանիպուլյացիայի թեմա դարձրել»,- շարունակել է APA-ն։

Ադրբեջանական այլ լրատվամիջոցներ նույնպես անդրադարձել են չվերթին՝ պնդելով, որ Թուրքիային Հերցոգի՝ իր օդային տարածքով անցնելու մասին տեղեկացնելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ նա օգտվել է առևտրային չվերթից։

Հերցոգը Ադրբեջանում էր՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաժողովին։ Այցի ընթացքում նա նաև առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։

Գագաթնաժողովի ընթացքում Հերցոգը ելույթ է ունեցել, ինչից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և մյուսները լքել են դահլիճը։ Միջադեպի տեսանյութերը լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում