Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանը 2027-ի հունվարից գործող տնային տնտեսությունների հաշվառման համակարգի շրջանակում կսկսի գրանցել ընտանիքներում առկա համակարգիչների, նոթբուքերի և պլանշետների քանակը, ինչպես նաև՝ արդյոք դրանք հասանելիություն ունեն համացանցին։ Թե ինչու է իշխանությունը ցանկանում հաշվառել տնային տնտեսություններում առկա էլեկտրոնային սարքերը և ինչպես են մտադիր օգտագործել այդ տեղեկությունները, պարզ չէ։
Պետական վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերին հաստատած նորացված ձևաթղթերում կգրանցվի նաև՝ արդյոք տնային տնտեսությունը հասանելիություն ունի համացանցին և ինչ տեսակի կապ է օգտագործում։ Ամենամյա հաշվառումը կարգավորվում է 2024-ին Նախարարների կաբինետի ընդունած որոշմամբ և ներառում է տեղեկություններ տնային տնտեսության անդամների, բնակարանային պայմանների ու գույքի մասին։
Հաշվառումը չի ենթադրի տանը գտնվող յուրաքանչյուր էլեկտրոնային սարքի առանձին գրանցում։ Փոխարենը պաշտոնյաները կնշեն՝ տնային տնտեսությունն ունի համակարգիչ, նոթբուք կամ պլանշետ, ինչպես նաև դրանց տեսակն ու քանակը։
Ձևաթղթերում կգրանցվի նաև՝ արդյոք տնային տնտեսությունը համացանցին միացված է և ինչ եղանակով։ Հեռախոսային գծերով, կաբելային հեռուստատեսության ցանցերով կամ օպտիկամանրաթելային մալուխներով կապը կհամարվի ֆիքսված հասանելիություն, իսկ բջջային հեռախոսներով, տվյալների քարտերով կամ USB մոդեմներով կապը՝ անլար հասանելիություն։
Գործող տնային տնտեսությունների հաշվառման համակարգը
Նոր պահանջները գործող տնային տնտեսությունների հաշվառման համակարգի մաս են։ Համակարգը ստեղծվել է կառավարության՝ 2024-ի մայիսի 22-ին ընդունած որոշմամբ։
Որոշման համաձայն՝ տնային տնտեսությունների հաշվառումն ամեն տարի հունվարի 1-30-ը իրականացնում են տեղական գործադիր իշխանությունները։ Պաշտոնյաները պետք է այցելեն տնային տնտեսություններ և տեղեկությունները հավաքեն ընտանիքի ղեկավարից կամ իրավունակ չափահաս մեկ այլ անդամից։
Տվյալները գրանցվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ։ Այսինքն՝ նույնիսկ եթե պաշտոնյան տուն այցելի հունվարի ավելի ուշ օրերին, տեղեկությունները պետք է արտացոլեն ամսվա սկզբի իրավիճակը։
Համակարգը ներառում է ինչպես միայնակ ապրող անձանց, այնպես էլ միասին բնակվող մարդկանց խմբերին, որոնք ամբողջությամբ կամ մասամբ միավորում են իրենց եկամուտն ու գույքը և համատեղ օգտվում որոշ ապրանքներից ու ծառայություններից։
Հաշվառումը շատ ավելի լայն է, քան միայն էլեկտրոնային սարքերի գրանցումը։ Պաշտոնյաները հավաքում են նաև տնային տնտեսության անդամների անունները, անձնական նույնականացման համարները, ծննդյան ամսաթվերը, քաղաքացիության, կրթության, զբաղվածության, սոցիալական նպաստների և հաշմանդամության կարգավիճակի մասին տեղեկությունները։
Այլ տվյալների թվում են բնակարանի մակերեսն ու սենյակների քանակը, կոմունալ ծառայությունների հասանելիությունը, տրանսպորտային միջոցները, գյուղատնտեսական տեխնիկան, հողատարածքները, մշակաբույսերը, անասունները, թռչուններն ու մեղվափեթակները։
Հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ տեղական գործադիր իշխանությունները մինչև փետրվարի 10-ը պետք է համապատասխան համայնքներին և վիճակագրական մարմիններին ներկայացնեն տեղեկություններ տնային տնտեսությունների և դրանց անդամների թվի մասին։
Ինչո՞ւ են հաշվառվում համակարգիչներն ու համացանցի հասանելիությունը
Նորացված ձևաթղթերը չեն բացատրում, թե ինչու են համակարգիչների, նոթբուքերի և պլանշետների քանակի վերաբերյալ տվյալները ներառվել տնային տնտեսությունների հաշվառման համակարգում։
Սակայն տնտեսագետ Ռազի Աբբասբեյլին AzPolitika-ին ասել է, որ գործընթացը կապված է երկրի թվային զարգացման մակարդակը չափելու հետ և ամբողջովին նոր մեխանիզմ չէ։
Աբբասբեյլիի խոսքով՝ համակարգիչների և համացանցի հասանելիության մասին տվյալների հավաքումը կարող է օգնել բացահայտել թվային տեխնոլոգիաների հասանելիության տարբերությունները տարածաշրջանների և սոցիալական խմբերի միջև։
Նա նաև նշել է, որ այդ տեղեկությունները կարող են օգտագործվել միջազգային վիճակագրական զեկույցներում՝ Ադրբեջանում համակարգիչների և համացանցի հասանելիության վերաբերյալ ավելի ճշգրիտ պատկեր ներկայացնելու համար։
Աբբասբեյլին պնդում է, որ գործընթացը պետք չէ ընկալել որպես քաղաքացիների մասնավոր իրերի գույքագրում, այլ որպես վիճակագրական տվյալների հավաքագրում։
Նրա խոսքով՝ տվյալները կարող են նաև օգնել իշխանություններին բացահայտել այն տարածքները, որտեղ անհրաժեշտ է բարելավել համացանցի հասանելիությունն ու թվային ենթակառուցվածքները։
Միևնույն ժամանակ, Պետական վիճակագրական կոմիտեն արդեն իսկ թվային զարգացման վիճակագրության շրջանակում հրապարակում է տնային տնտեսություններում համակարգիչների և համացանցի հասանելիության վերաբերյալ տվյալներ։
Կոմիտեի՝ 2026-ի վիճակագրական տարեգիրքը, որն ընդգրկում է 2021-2025-ի տվյալները, տեղեկություններ է պարունակում բնակչության շրջանում համակարգիչների առկայության և օգտագործման, համացանցի հասանելիության ու թվային հմտությունների մասին։
Կոմիտեի տվյալներով՝ համակարգիչ ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը 2015-ի 62,4 տոկոսից 2023-ին հասել է 76,8 տոկոսի։
Կոմիտեն հրապարակում է նաև տնային տնտեսություններում առկա համակարգիչների բաշխումն ըստ տեսակի։ 2025-ի տվյալներով՝ նոթբուքերը կազմել են տնային տնտեսություններում առկա համակարգիչների 43 տոկոսը, սեղանի համակարգիչները՝ 19,5 տոկոսը, իսկ պլանշետներն ու նմանատիպ սարքերը՝ 37,5 տոկոսը։
Անձնական տվյալների պաշտպանության հարցը
Տնային տնտեսությունների ընդլայնված հաշվառումը հարցեր է առաջացրել նաև անձնական տվյալների հավաքման և պաշտպանության վերաբերյալ։
Գործող կանոններով տեղական իշխանությունները տեղեկություններ են հավաքում ոչ միայն տնային տնտեսության գույքի ու կենցաղային պայմանների, այլև ընտանիքի առանձին անդամների մասին։
Հաշվառման հրահանգներում նշվում է, որ անձնական տվյալները պետք է հավաքվեն, մշակվեն, պաշտպանվեն, տարածվեն և փոխանցվեն Ադրբեջանի «Անձնական տվյալների մասին» օրենքի և համապատասխան մյուս օրենսդրության համաձայն։
Աբբասբեյլիի խոսքով՝ լրացուցիչ պարզաբանման կարիք կա, թե պետական որ մարմիններն են հասանելիություն ունենալու հավաքված տեղեկություններին, դրանք պահվելու են առանձին տնային տնտեսությունների տվյալների բազաներում, թե անանունացված վիճակագրական տվյալների ձևով, և ինչ երաշխիքներ են կանխելու դրանց փոխանցումը երրորդ կողմերին։
Տնային տնտեսություններից չի պահանջվի առանձին հայտնել համակարգչի, նոթբուքի կամ պլանշետի յուրաքանչյուր հաջորդ գնման մասին։ Այդ տեղեկությունները հավաքվելու են ամենամյա հաշվառման շրջանակում։
Կանոնները հաշվառում իրականացնող պաշտոնյաներին նաև իրավունք չեն տալիս հարկադրաբար մուտք գործել բնակարան կամ ստուգել էլեկտրոնային սարքերի պարունակությունը։ Ադրբեջանի Սահմանադրության 33-րդ հոդվածով բնակիչների կամքին հակառակ տուն մուտք գործելն արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված կամ դատարանի որոշմամբ նախատեսված դեպքերի։












