Գլխավոր Լրահոս

Amnesty International-ը Ադրբեջանին կրկին կոչ է անում ազատ արձակել Բահրուզ Սամադովին

Բահրուզ Սամադովը

Բահրուզ Սամադովը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մտահոգություն հայտնելով, որ Բահրուզ Սամադովը կարող է խոշտանգումների վտանգի տակ լինել։ 31-ամյա Սամադովը մինչև 2024-ին ձերբակալվելը մի քանի տարի գրել է OC Media-ի համար, իսկ այժմ 15 տարվա ազատազրկման պատիժ է կրում պետական դավաճանության համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Amnesty International-ը պնդում է, որ Սամադովը «կամայականորեն ազատազրկված է»։

«Կոչ եմ անում Ձեզ և Ձեր կառավարությանը անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բահրուզ Սամադովին, իսկ մինչև այդ՝ դադարեցնել նրա մեկուսացումը, ապահովել նրան անհրաժեշտ անհետաձգելի բուժօգնությունը և պահել անվտանգ ու մարդասիրական պայմաններում»,- Ալիևին ուղղված նամակում նշել է Amnesty International-ը։

Կազմակերպությունը Սամադովի ազատազրկումն անմիջականորեն կապում է Հարավային Կովկասում խաղաղության օգտին նրա ակտիվ գործունեության հետ՝ պնդելով, որ «Սամադովի դեմ մեղադրանքները պայմանավորված են բացառապես նրա խաղաղ ակտիվիզմով, Հայաստանի հետ երկխոսության օգտին հանդես գալով և Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայ բնակչության արտաքսումը քննադատելով»։

«OC Media-ում, EurasiaNet-ում և OpenDemocracy-ում հրապարակված նրա հոդվածները վերաբերում էին հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծումներին և Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը»։

«Բահրուզ Սամադովի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ որևէ հանցագործության վերաբերյալ արժանահավատ ապացույց հանրությանը երբևէ չի ներկայացվել»,- նշվում է նամակում։

Հայտարարությունում Amnesty International-ը մեջբերել է նաև Սամադովի խոսքերը վերջին դատական նիստից, որի ընթացքում նա ինքնավնասման էր դիմել։ Նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան OC Media-ին հաստատել է, որ վերաքննիչ բողոքները մերժելուց հետո Սամադովը սուր առարկայով կտրել է ձեռքը, ապա դատարանում ասել․ «Երբ բառերը վերջանում են, ստիպված ես արյամբ խոսել»։

Իրավապաշտպան կազմակերպությունը Ալիևին կոչ է արել արդյունավետ քննություն անցկացնել Սամադովի «անհիմն քրեական հետապնդման» և նրա նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ, ինչպես նաև Ադրբեջանին հորդորել «վերջ տալ խաղաղ անհամաձայնության քրեականացմանը»։

Կազմակերպության տվյալներով՝ կալանքի ընթացքում Սամադովին, ըստ հաղորդումների, պահել են «մութ և նեղ խցում՝ առանց զբոսանքի բակ դուրս գալու հնարավորության»։ Ավելի քան մեկ ամիս նրան չեն տրամադրել նշանակված դեղերը, իսկ տեսողության զգալի վատթարացման պայմաններում հրաժարվել են ակնաբուժական օգնություն տրամադրել։ Նրա բժիշկը, ըստ հաղորդումների, տեսողության վատթարացումը կապել է կալանքի պայմանների հետ։

Amnesty International-ը նաև նշում է, որ Սամադովը կալանքի ընթացքում, ըստ հաղորդումների, երկու անգամ փորձել է ինքնասպան լինել։ «Նրան նաև երկու ամիս որպես պատժամիջոց պահել են մեկուսարանում և դատական նիստերի ժամանակ միտումնավոր մեկուսացրել մյուսներից»։

«Անհրաժեշտ բուժօգնության մերժման հետ այս պայմանները կարող են համարվել խոշտանգում, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ»,- եզրակացրել է կազմակերպությունը։

Հոկտեմբերի 30-ին Սամադովի ընկեր Ամրահ Թամազովը հայտնել է, որ հոկտեմբերի սկզբին նրան այցելել է Ադրբեջանի պետական իրավապաշտպան կառույցներից մեկի ներկայացուցիչը, սակայն միայն մակերեսորեն հետաքրքրվել նրա առողջական վիճակով, լուսանկարել և հեռացել։

Թամազովի խոսքով՝ այցն ու լուսանկարը միայն նրա համար էին, որ հետո կարողանան ասել՝ «մ՛ի՛ անհանգստացեք, այցելում ենք, ողջ է, լավ է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում