Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը Գերագույն դատարանի նիստի ժամանակ ինքնավնասման է դիմել

Բահրուզ Սամադովը
Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանցի բանտարկված ակտիվիստ և հետազոտող Բահրուզ Սամադովը ուրբաթ Գերագույն դատարանի նիստի ժամանակ սուր առարկայով վնասել է ձեռքը։ Այս մասին OC Media-ին հաստատել է նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան։
31-ամյա Սամադովը, որը մինչև 2024-ի ձերբակալությունը մի քանի տարի հոդվածներ էր գրում OC Media-ի համար, պետական դավաճանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման պատիժ է կրում։ Նա հերքում է մեղադրանքը։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, երբ Գերագույն դատարանը քննում էր Սամադովի վճռաբեկ բողոքը։ Նիստը վարել է դատավոր Իլքին Աբդուլաևը։ Սամադովի փաստաբան Զիբեյդա Սադիգովան միջնորդել է չեղարկել պետական դավաճանության մեղադրանքը, սակայն դատարանը մերժել է այն։ Դրանից հետո Սամադովը մի քանի այլ միջնորդություններ է ներկայացրել, որոնք դատարանը նույնպես մերժել է։
Փաստաբան Զիբեյդա Սադիգովան Qəzetçi-ին ասել է, որ ձեռքը վնասելու պահին Բահրուզ Սամադովն ասել է. «Երբ խոսքերն ավարտվում են, ստիպված ես արյամբ խոսել»։
Սադիգովայի խոսքով՝ Սամադովը նաև հայտարարել է, որ անմեղ է, սակայն իրեն պատժում են որպես վրեժխնդրություն, տեղափոխել են խիստ ռեժիմի բանտ և երկու ամիս պահել պատժախցում։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանում օրենքը չի գործում։
Սամադովն ադրբեջանցի հետազոտող և ակտիվիստ է, որը բացահայտ հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության օգտին։ Ադրբեջանում խաղաղության կոչերով հանդես եկած անձանց նախկինում ևս ձերբակալել են։
2025-ի հունիսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Սամադովին պետական դավաճանության համար մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ նրա պատիժը անփոփոխ թողեցին թե՛ վերաքննիչ դատարանը, թե՛ Գերագույն դատարանը։ Նրա գործը միջազգային ուշադրության է արժանացել իրավապաշտպան և ակադեմիական կազմակերպությունների կողմից, որոնք Սամադովին քաղբանտարկյալ են համարում։
Դեռ պարզ չէ, թե Սամադովն ինչպես է ձեռք բերել սուր առարկան։ Նրա փաստաբանը հարց է բարձրացրել, թե ինչպես կարող էր այն հայտնվել նրա մոտ՝ հաշվի առնելով դատական նիստերի դահլիճ մտնելուց առաջ սովորաբար իրականացվող անվտանգության ստուգումները։
Միջադեպից հետո նիստը կարճ ժամանակով ընդհատվել է, ապա շարունակվել։
Սամադովը նախկինում՝ 2025-ի հունիսին, ինքնասպանության փորձ էր արել, երբ դատախազությունը հայտարարել էր, որ նրա համար 16 տարվա ազատազրկում է պահանջում։ Օգոստոսին նրա փաստաբանը հայտնել էր, որ պահման ծանր պայմանների պատճառով Սամադովի տեսողությունը վատանում է։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանի խիստ ռեժիմի բանտում քաղբանտարկյալ Բահրուզ Սամադովի տեսողությունը վատթարանում է











