Ադրբեջանի խիստ ռեժիմի բանտում քաղբանտարկյալ Բահրուզ Սամադովի տեսողությունը վատթարանում է

Բահրուզ Սամադովը
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Անազատության մեջ գտնվող հետազոտող և OC Media-ի հեղինակ Բահրուզ Սամադովի մոտ տեսողության լուրջ խնդիրներ են առաջացել, որոնք ավելի են սրվել Ադրբեջանի խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելու ծանր պայմանների պատճառով։ Այս մասին OC Media-ին հայտնել է նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան։
Սամադովն ի սկզբանե ձերբակալվել էր 2024-ի օգոստոսին։ Իշխանությունները նրան մեղադրում էին Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ, իսկ հաջորդ տարի նա պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Մինչ ձերբակալությունը Սամադովը հանդես էր գալիս Հայաստանի հետ խաղաղության օգտին։
Սամադովը պատիժը կրում է Ումբակիի խիստ ռեժիմի բանտում։ Նա նախկինում հայտնել էր, որ բանտի ղեկավարությունն իրեն չի տրամադրում դեղամիջոցներ, որոնք կարող էին թեթևացնել վիճակը։
Սադիգովան OC Media-ին պատմում է, որ դիմել է պետական մարմիններին՝ Սամադովի համար անհրաժեշտ բժշկական օգնություն ապահովելու պահանջով։
«Բանտի բժիշկը զննել է նրան և արձանագրել, որ տեսողության լուրջ խնդիրներ ունի։ Բժիշկը նաև նշել է, որ այս պայմաններում նրա տեսողությունը շարունակելու է վատթարանալ»,- ասել է նա։
Սադիգովայի խոսքով՝ բանտի բժիշկը նաև ասել է, որ «նույնիսկ եթե [Սամադովին] տեղափոխեն բուժհաստատություն, իրական բարելավում չի լինի», քանի որ այնտեղ ևս նա կմնա մեկուսացման մեջ։
«Այլ կերպ ասած՝ հաշվի առնելով տեսողության խնդիրները՝ նրան չպետք է մեկուսացման մեջ պահեն, սակայն այլ տարբերակ չունենք. Սամադովին բուժում է անհրաժեշտ։ Չգիտենք՝ այս ամենն ինչպես կզարգանա»,- ասել է Սադիգովան։
Օգոստոսի 7-ին Սամադովի ընկերները սոցիալական ցանցերում հայտնել են, որ նա անհետաձգելի բուժօգնության կարիք ունի։
Քաղաքացիական իրավունքների պաշտպան Ռուստամ Իսմայիլբեյլին գրել էր, որ Սամադովին պահում են «փոքր, մութ խցում, ինչի հետևանքով նրա տեսողությունը, որն արդեն իսկ թուլացել էր գիտական երկարամյա աշխատանքի պատճառով, վատթարացել է՝ հասնելով գրեթե լիակատար կուրության»։
Սադիգովայի խոսքով՝ մեկուսացման մեջ գտնվելու ընթացքում Սամադովին թույլատրվում է օգտվել խցին կից պատշգամբից, որը բացվում է օրական ընդամենը մեկ ժամով։
«Դրսում զբոսնելու այլ հնարավորություն չկա, քանի որ բացօթյա տարածք դուրս գալն արգելված է։ Պատշգամբը փոքր տարածք է՝ բոլոր կողմերից ամբողջությամբ փակված։ Միայն վերևի հատվածն է բաց և ծածկված է մետաղական ճաղերով»։
Սամադովի տատը՝ նրա միակ ազգական 83-ամյա Զիբեյդա Օսմանովան, OC Media-ին պատմել է, որ Սամադովը տեսողության խնդիրների պատճառով ազատված էր զինվորական ծառայությունից։
«Նրան բանակ չէին վերցրել շատ վատ տեսողության պատճառով։ Հստակ ցուցանիշներն այլևս չեմ հիշում։ Բայց հիմա նրան տարել ու փակել են այս փակ տարածքում։ Սարսափելի է անգամ պատկերացնել, թե այնտեղ ինչ է կատարվում նրա հետ»,- ասել է նա։
Օսմանովան ցանկանում է, որ «իշխանությունները գոնե նրան բանտից մեկ այլ վայր տեղափոխեն»։
«Դա առանց պատուհանի, վեց քառակուսի մետր մակերեսով խուց է։ Նրան զբոսանքի չեն հանում։ Մի փոքրիկ բացվածք կա, բայց ներսում մութ է։ Այնտեղ երկու հոգի են պահվում։ Նա ասում է, որ ամսվա վերջին իր խցակցին ուղարկելու են գաղութ»,- ասել է Օսմանովան՝ հավելելով, որ Սամադովին գրքեր է ուղարկել, որպեսզի նա «մի փոքր շեղվի այս ամենից»։
«Ու նաև նրա ակնոցը՝ հենց այն, որը կրում էր ազատության մեջ։ Բայց հիմա նույնիսկ դրանով լավ չի տեսնում։ Գիտեմ, որ ինձնից շատ բան է թաքցնում [...] Երբ հարցնում եմ՝ հիվանդ չե՞ս, պատասխանում է. «Տատի՛կ, լավ եմ, ամեն ինչ կարգին է»։ Բայց ձայնից հասկանում եմ, որ այդպես չէ»։
Օսմանովան ընդգծել է, որ Սամադովն ինքը նույնպես ցանկանում է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի բուժհաստատություն։
«Ասում է՝ տեսողությունը շատ վատ է, հեռվում գտնվող առարկաները չի տեսնում»։
Օսմանովան վերջին անգամ Սամադովին տեսել է յոթ ամիս առաջ՝ ապակե միջնորմի հետևից, քանի որ Ումբակիի բանտում առանց միջնորմի տեսակցություններն արգելված են։
Նա հավելել է, որ սեփական առողջական խնդիրներն էլ ավելի են դժվարացնում թոռանը տեսակցելու հնարավորությունը։ Օսմանովան ունի արյան բարձր ճնշում և նյարդացավ։
«Գոտկատեղից ներքև ամբողջ մարմինս՝ ոտքերս, ցավում են, և ինձ համար շատ դժվար է քայլելը։ Առավոտյան ցավն ուժեղանում է, տեղաշարժվելու համար ստիպված եմ պատերից բռնվել։ Բուժում եմ ստանում, բայց այն միայն ժամանակավոր թեթևացնում է։ Չգիտեմ՝ ինչ անել», - ասում է Օսմանովան։
Օսմանովան մինչ օրս չի հասկանում, թե ինչում է մեղավոր իր թոռը։
«Նրա մեղքն այն է, որ խելացի ու կրթվա՞ծ է, թե՞ որ խաղաղություն է ուզում»,- հարցնում է նա։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանի Գերագույն դատարանը մերժել է բանտարկված Բահրուզ Սամադովի բողոքը










