Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանական 55 հասարակական կազմակերպություններից կազմված խումբը Բաքվում Իրանի դեսպանատանն ուղղված բաց նամակով Թեհրանին կոչ է արել երկրում ադրբեջաներենով կրթություն ապահովել։ Նամակը իրանցի դիվանագետների հակազդեցությանն է բախվել։
Նամակն ուղարկվել է Բաքվի և Թեհրանի միջև դիվանագիտական վեճի ֆոնին։ Իրանի գիտության նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆը հիջաբ կրող ադրբեջանցի աղջիկներին հրավիրել էր սովորելու իրանական համալսարաններում։ Ադրբեջանի Կրթության նախարարությունը Թեհրանին մեղադրել էր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ և իրանցի պաշտոնյաներին կոչ արել դրա փոխարեն ուշադրություն դարձնել Իրանում էթնիկ ադրբեջանցիների կրթական իրավունքներին։ Դրանից հետո ՀԿ-ները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ էին արել քայլեր ձեռնարկել այդ իրավունքներն ապահովելու համար։ Ավելի ուշ դեսպանատունը հայտարարել է, որ պաշտոնապես չի ստացել նամակը և այն անվանել «արժեք չունեցող»։
Նամակում ՀԿ-ները Փեզեշքիանին կոչ են արել պատմական քայլեր ձեռնարկել լեզվական իրավունքներն ապահովելու ուղղությամբ և հայտնել, որ պատրաստ են աջակցել մայրենի լեզվով կրթության զարգացմանը, ինչպես նաև ընդլայնել գիտական, կրթական և մշակութային համագործակցությունը։
Նոյեմբերի 2-ին ՀԿ-ների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են Ադրբեջանում Իրանի դեսպանատուն՝ նամակը փոխանցելու համար։
Սակայն նոյեմբերի 3-ին Իրանի դեսպանատունը նամակ է ուղարկել ադրբեջանական APA լրատվամիջոցին՝ հերքելով, որ պաշտոնապես ստացել է ՀԿ-ների դիմումը։
Դեսպանատան նամակում նշվում էր, որ այն չի ճանաչում փաստաթուղթը որպես պաշտոնապես ներկայացված դիմում։
Դեսպանատունը նաև հայտնել է, որ իր վարչական կանոնների և ընթացակարգերի համաձայն՝ «անհայտ անձանց, արտաքին և անվստահելի ուղարկողների» նամակները չեն գրանցվում դեսպանատան գրասենյակում և փոխարենը այրվում կամ ոչնչացվում են թղթամանրիչով։
Այնուամենայնիվ, նամակը ստորագրել էին ադրբեջանական 55 ՀԿ-ների ներկայացուցիչներ, և դրանում նշված էին ինչպես ստորագրողների, այնպես էլ նրանց ներկայացրած կազմակերպությունների անունները։
APA-ի հետ զրույցում Ադրբեջանի ՀԿ-ների ազգային ֆորումի վարչության անդամ և «Սոցիալական ու տնտեսական հետազոտությունների առաջնահերթությունների կենտրոնի» նախագահ Զաուր Իբրահիմլին, որը նույնպես ստորագրել էր նամակը, դեսպանատան դիրքորոշումն անվանել է ոչ օբյեկտիվ և այն գնահատել որպես պատասխանատվությունից խուսափելու ու նամակի բովանդակությունից ուշադրությունը շեղելու փորձ։
Դեսպանատան արձագանքը քննադատել է նաև նամակը ստորագրած «Բարեփոխիչ կանայք և նորարարություններ» ՀԿ-ի նախագահ Վուսալա Հուսեյնլին։ Այդ կազմակերպության ներկայացուցիչը նամակն անձամբ էր փոխանցել դեսպանատանը։
Հուսեյնլին ասել է, որ դեսպանատունը միտումնավոր անտեսում է նամակն անձամբ փոխանցելու փաստը։ Նա նաև դեսպանատանը մեղադրել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու և հարցի բովանդակությունից ուշադրությունը շեղելու նպատակով սադրիչ հայտարարություններ անելու մեջ։












