Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցի հետազոտող Բահրուզ Սամադովը «փորձել է ինքնասպանություն գործել բանտում»

Ադրբեջանցի հետազոտող Բահրուզ Սամադովը «փորձել է ինքնասպանություն գործել բանտում»

Այթան Ֆարհադովա, OC Media

Հետազոտող և OC Media-ի աշխատակից Բահրուզ Սամադովը փորձել է ինքնասպան լինել բանտում՝ այն բանից հետո, երբ դատախազությունը պահանջել է նրան դատապարտել 16 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։ Այս մասին OC Media-ին հայտնել է նրա տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան` Սամադովի միակ կենդանի ազգականը։

«Երբ խոսում էր ինձ հետ, նրանցից մեկը՝ հսկիչներից, նստած էր մեզ հետ։ [Բահրուզն] ասաց, որ իր խցակիցներից մեկն է նրան փրկել։ Չկարողացավ ասել՝ գիշերն էր, թե առավոտյան էր տեղի ունեցել այդ փորձը»,- պատմել է Օսմանովան։

«Ես գիտեմ, որ նա անմեղ է, բայց ինքը չի կարողանում ապացուցել դա, և չի կարող հաշտվել այդ փաստի հետ»,- ասել է նա։

Ուրբաթ դատախազությունը պահանջել էր Սամադովին դատապարտել 16 տարվա ազատազրկման։

Սամադովի ընկերներից մեկը՝ Այխան Զաիձադեն, հայտնել է, որ նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի։ Սա Սամադովի երկրորդ հացադուլն է կալանքի ընթացքում․ առաջինը սկսվել էր փետրվարին, սակայն նա դադարեցրել էր այն մի քանի օր անց, երբ ըստ տեղեկությունների՝ իշխանությունները զրկել էին նրան բժշկական օգնությունից և առավել կոշտացրել կալանքի պայմանները։

Շաբաթ օրը ավելի վաղ ադրբեջանցի ակտիվիստ Ամրահ Թահմազովը հայտնել էր, որ Սամադովին տեղափոխել են Բաքվի Քննչական մեկուսարանի կենտրոնի հիվանդանոցային մասնաշենք։

Թահմազովը նաև գրել էր, որ Սամադովի փաստաբան Զիբեյդա Սադիգովան պաշտոնական հաղորդագրություն է ուղարկել Հանրային պաշտպանների գրասենյակ և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ պահանջելով անմիջապես այցելել Սամադովին։

«Մենք բոլորս մտահոգված ենք Սամադովի հոգեբանական վիճակով։ Նա ցանկացած պահի կարող է կրկին փորձել ինքնասպանություն գործել»,- զգուշացրել է Թահմազովը։

Քրեակատարողական ծառայությունը չի պատասխանել մեկնաբանություն ստանալու հարցմանը։

Բահրուզ Սամադովը անհետացել էր 2024 թվականի օգոստոսի 21-ին՝ Պրահայից Բաքու այցի ժամանակ։ Երկու օր անց պաշտոնապես հաստատվել էր, որ նա ձերբակալվել է, իսկ նույն օրը Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը հայտարարել էր, որ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ պետական դավաճանության մեղադրանքով։ Եթե մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 12–20 տարվա ազատազրկում կամ նույնիսկ ցմահ բանտարկություն։

Սամադովը հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով կեղծ և շինծու։ Իր ցուցմունքում նա նշել է, որ չկա որևէ ապացույց այն մեղադրանքի, թե իբր նա համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ։

Ձերբակալությունից առաջ Սամադովը հանդես էր գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման օգտին։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ևս դատապարտել են նրա ձերբակալությունը՝ պնդելով, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։

Սամադովի դատավարության ավարտը տեղի է ունենում Ադրբեջանում ընդդիմության դեմ ճնշումների նոր ալիքի պայմաններում։ Մայիսին թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովը նույնպես դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման՝ նույն մեղադրանքով։

Ուրբաթ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը «Աբզաս Մեդիա» գործակալության ղեկավարությանը և լրագրողներին դատապարտել էր յոթուկեսից ինը տարվա ազատազրկման։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեն նույնպես դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման։ Նա ձերբակալվել էր 2024 թվականի հունիսին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում