Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հասել է իր գագաթնակետին․ Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հասել է իր գագաթնակետին․ Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հասել է իր գագաթնակետին, և իրավիճակը հասունացել է Թուրքիայի հետ սահմանը բացելու ու գործնական արդյունքներ գրանցելու համար։ Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր գագաթնակետին հասավ օգոստոսին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքում, երբ Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ մենք Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք համատեղ հռչակագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին, և այդ հռչակագրով մեր երկրների միջև խաղաղություն հաստատվեց»,- հայտարարել է Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ առանց ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածության գործընթացի վիճակն անորոշ կլիներ։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն արդեն առևտուր է անում Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ ներմուծում է նավթամթերք, և 90-ականներից ի վեր առաջին անգամ գնացքներն Ադրբեջանի տարածքով հասնում են Հայաստան։ Խաղաղության հիմքը, ըստ նրա, 1991-ի Ալմաթայի հռչակագիրն է, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու հաստատում, որ չունեն և չեն բարձրացնելու տարածքային պահանջներ ապագայում։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է. «Մենք հույս ունենք իրական փոփոխություններ տեսնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում։ Վերջին տարիներին մենք բավական ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ։ Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ... հիմա իրավիճակը բավական հասունացել է, որպեսզի գործնականի վերածվի»։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է 90-ականների սկզբից, և հայկական կողմի նախագիծն է, որ տրանսպորտային «Թրամփի ուղին» Հայաստանի տարածքով անցնելուց հետո շարունակվի Թուրքիայի տարածքով մինչև Եվրոպական միություն։ «Դա է մեր նախագիծը, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև»,- հավելել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում