Գլխավոր Լրահոս

Եվրոպացի առաջնորդներն ընդգծում են Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում

Եվրոպացի առաջնորդներն ընդգծում են Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում

Լուսանկարը՝ Azertag-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Եվրոպացի առաջնորդները կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը, իսկ նրանցից մի քանիսը հետաքրքրություն են հայտնել ադրբեջանական գազի մատակարարումներն ավելացնելու հարցում, քանի որ Եվրոպան ձգտում է նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից։

Նոյեմբերի 11-ին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովից առաջ եվրոպական վեց երկրների առաջնորդներ ընդգծել են Ադրբեջանի հնարավոր դերը մայրցամաքի էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման գործում։ Այդ երկրներից չորսը՝ Լիտվան, Իռլանդիան, Մոլդովան և Չեխիան, ներկայում Ադրբեջանից գազ չեն գնում։

Ադրբեջանն այժմ բնական գազ է մատակարարում ԵՄ անդամ 10 պետության, այդ թվում՝ Իտալիային, Հունաստանին, Բուլղարիային, Հունգարիային, Գերմանիային և Ավստրիային։

Եվրոպան շարունակում է գազի այլընտրանքային աղբյուրներ փնտրել 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո՝ փորձելով նվազեցնել ռուսական էներգակիրներից կախվածությունը։ Էներգակիրների մատակարարումները որպես քաղաքական և տնտեսական գործիք օգտագործելու Մոսկվայի քաղաքականությունը ԵՄ-ին դրդել է արագացնել աղբյուրների դիվերսիֆիկացումը և նվազեցնել կախվածությունը ռուսական հանածո վառելիքից։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ-ն ռուսական գազի մասնաբաժինն իր ընդհանուր ներմուծման մեջ 2021-ի 45 տոկոսից 2025-ին նվազեցրել է մինչև 12 տոկոս։

Ադրբեջանը դարձել է այլընտրանքային մատակարարներից մեկը Հարավային գազային միջանցքի շնորհիվ, որով Կասպից ծովից գազ է տեղափոխվում եվրոպական շուկաներ։ 2021-2024-ին այդ միջանցքով ԵՄ մատակարարվող ադրբեջանական գազի ծավալն աճել է ավելի քան 40 տոկոսով։ Այնուամենայնիվ, ադրբեջանական գազը դեռ ԵՄ-ի ընդհանուր ներմուծման համեմատաբար փոքր մասն է կազմում և Եվրոպայի դիվերսիֆիկացման ավելի լայն ռազմավարության բաղադրիչներից մեկն է։

Նոյեմբերի 11-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ասել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Եվրոպան շահագրգռված են կայուն ու արդյունավետ էներգետիկ համակարգի զարգացմամբ։

«Մենք աջակցում ենք կապակցվածության բոլոր նախագծերին։ Այժմ խոսում ենք Եվրոպայում տրանսպորտային և էներգետիկ կապերի մասին, մասնավորապես՝ Բալթյան երկրների միջև»,- ասել է Նաուսեդան։

«Սակայն կարծում եմ, որ Եվրոպայից փոքր-ինչ հեռու գտնվող մեր բարեկամների մասնակցությունը նույնպես շատ կարևոր է հուսալի էներգամատակարարման համակարգ ստեղծելու համար»,- հավելել է նա՝ պատասխանելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մասին հարցին։ Նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի էքսկլավի միջև։

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևն ասել է, որ իր երկիրը կողջունի Ադրբեջանից գազի մատակարարումների ավելացումը։

«Մենք որոշակի կարիքներ ունենք և երախտապարտ կլինենք, եթե Ադրբեջանը կարողանա ավելի շատ գազ մատակարարել Բուլղարիային»,- ասել է նա։

Ռադևը հավելել է, որ երկու երկրների համագործակցությունը չի սահմանափակվում բնական գազի մատակարարումներով և ներառում է նաև Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Բուլղարիան կապող կանաչ էներգետիկ միջանցքի զարգացումը։ Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել Անթալիայում COP31 կլիմայական գագաթնաժողովի ընթացքում։

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան նույնպես ընդգծել է Կասպյան տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար՝ հիշեցնելով մայրցամաքի՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նախկին փորձերը։

Նա անդրադարձել է մոտ 25 տարի առաջ «Հարավային հոսք» գազատարի նախագիծն առաջ մղելու փորձերին՝ նշելով, որ նախատեսված արդյունքին չհասնելը Եվրոպային բերել է այլ իրավիճակի, քան այն, որում այն կարող էր հայտնվել։

«Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ներուժը հսկայական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- ասել է Յանշան՝ հավելելով, որ Ադրբեջանն ու եվրոպական երկրները շահագրգռված են այդ ռեսուրսներն օգտագործել Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունն ամրապնդելու համար։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ իր երկիրը հետաքրքրված է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությամբ, քանի որ շարունակում է դիվերսիֆիկացնել էներգակիրների աղբյուրները և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։

«Էներգետիկան շարունակում է մարտահրավեր լինել բոլորի, այդ թվում՝ Մոլդովայի համար։ Վերջին մի քանի տարիներին աշխատել ենք մեր էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ այսօր արդյունավետ քննարկումներ կունենանք և լուծումներ կգտնենք»,- ասել է նա։

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը նույնպես մատնանշել է Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի տնտեսական անվտանգության ապահովման գործում՝ նշելով, որ երկրի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքին նպաստել է էներգամատակարարումների և այլ հարցերի շուրջ համագործակցության զարգացմանը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի ներգրավվածությունը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել Եվրոպայի տնտեսական անվտանգությունն ամրապնդելու և մայրցամաքը հիբրիդային հարձակումներից ու այլ սպառնալիքներից պաշտպանելու համար։

Մարտինը նաև հիշեցրել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումներից մեկում եվրոպական միջնորդությամբ քննարկումներ են անցկացվել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նա այդ քննարկումները արդյունավետ է անվանել՝ նշելով, որ ոչ պաշտոնական հանդիպումները կարող են նպաստել հակամարտությունների կարգավորմանը։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, որ Պրահան հետաքրքրված է Ադրբեջանից բնական գազ ստանալու հնարավորությամբ՝ էներգամատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով։

«Մենք հետաքրքրված ենք ադրբեջանական գազով, որովհետև պիտի պատրաստ լինենք տարբեր սցենարների և հնարավորինս շատ գազամատակարարման աղբյուրներ ունենանք»,- ասել է նա։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում